ԿարևորՏնտեսական

Տնտեսական շոկերն ակնհայտ են, բայց ազդեցությունը կառավարելի է․ Ֆինանսների նախարար

Պետբյուջեով նախատեսված ծախսերի կրճատում չի լինի․կառավարությունն ըստ  անհրաժեշտության պարտք կներգրավի ու կկատարի պարտավորությունները․ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2021-ին արվածի հաշվետվությունն է ներկայացրել Ֆինանանսերի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Կրճատե՞լ ծախսերը՝ չավելացնելով արտաքին պարտքը, թե՞ ստանալ պարգևավճարներ՝  պարտքային բեռի ավելացմամբ։ Սա այն հարցն է, որի պատասխանի շուրջ Ֆինանսների  նախարար Տիգրան Խաչատրյանի  ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի կարծիքները համընկնում են։

Տիգրան Խաչատրյանը խոստանում է՝ անգամ ծախսերի կրճատման դեպքում տնտեսական ակտիվությունը չի տուժի։ Եթե պարզվի, որ  պետք է, օրինակ, պարգևավճարները կրճատվեն, կգնան նաև այդ քայլին։

Պատգամավորի ու նախարարի երկխոսությունից մի հատված՝ ստորև․  

«Ֆինանսական այս ծանր իրավիճակում մեր երկիրն իրեն չի կարող ճոխություններ թույլ տալ՝ կլինի դա պարգևավճարների, գործուղումների կամ էլ գործուղումների մեկնողների քանակների կրճատումներով»։

2021-ը փակվել է ՀՆԱ-ի  60.3 տոկոս պարտք ցուցանիշով։ 2020-ին այն կազմում էր ՀՆԱ-ի  63․5 տոկոսը։  Անցյալ տարի  ներքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի մեջ  ավելացել է՝ մոտենալով 29 տոկոսի շեմին։ Ինչի՞ հաշվին է սա՝ հետաքրքվեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հովիկ Աղազարյանը։  Պատգամավորի հարցին պատասխանում է Ֆինանսների նախարարը․

«Արտաքին պարտքը պակասել ու այդտե՞ղ է տեղափոխվել, ներքին պա՞րտքն է ավելացել»։

Նախարարի պարզաբանմամբ՝ 2021-ին ներքին պարտատոմսերի շուկայում տեղաբաշխել են շուրջ 250 մլրդ դրամ, ավելի շատ, քան ներգրավել են արտաքին աղբյուրներից։

Տիգրան Խաչատրյանն  ընդգծում է՝ արտարժութային պորտֆելի ֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրանա։ Պարզաբանում կա՝  Հայաստանը արտոնյալ տոկոսներով  վարկեր չի վերցնում։ Բայց, քանի որ մեկ շնչին ընկեող ՀՆԱ-ի շեմն է բարձրացել, արտաքին աղբյուրներից ներգրավվում են միջոցներ ավելի բարձր տոկոսներով։

Ոչ թե պարտքն է վտանգավոր, այլ տնտեսական զարգացումները։ Այս պահին արտաքին աշխարհից եկող ազդակները հուսադրող  չեն։ Ռուս-ուկրաինական պատերազմն ուղղակիորեն հարվածի տակ է դնում տնտեսական ցուցանիշերը։ Կենտրոնական բանկն ավելի քան 3 անգամ պակաս տնտեսական աճ է  կանխատեսել՝ 1․6 տոկոս՝ կանխատեսված 5․3 -ի փոխարեն։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը այս հիմնավորումներն է ներկայացնում՝

«Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1.6 տոկոսով։ Այնինչ, նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղերի 4.7 տոկոս  անկման ցուցանիշ է դրված։ Որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում. նախկինում կանխատեսած 16.8-ի փոխարեն ԿԲ-ն կանխատեսում է 7 տոկոս աճ : Ծառայությունների ոլորտում կանխատեսումը 5.9 տոկոսից իջեցվել է 3.2 տոկոսի:  Միակ ճյուղը, որը որոշակի դրական զարգացում է ունենալու նախկին կանխատեսումների համեմատ, գյուղատնտեսությունն է»:

Ֆինանսների նախարարի դիտարկմամբ,  շոկային ազդեցություններ արդեն կան․ ՌԴ-ից եկող գումարներն են հարվածի տակ։ ԱՄՆ-ն ու արևմտյան պատժամիջոցները աշխատատեղերի խնդիրներ են ստեղծում ՌԴ-ում, ռուսական ռուբլին գրեթե կիսով չափ արժեզրկվել է։

«2020-2021 թթ ընթացքում այդ փոխանցումները տարեկան մոտ 850 մլն դոլարի չափ են եղել: Ենթադրում ենք՝  կնվազեն, եթե այնտեղ տնտեսական պայմանները դժվարանում են։ Դա, բնական է,կազ դի նաև այդ փոխանցումների ծավալի վրա»:

ՀԲ վերջին վերլուծությունը փաստում է՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տրանսֆերտները  դեպի Ուկրաինա, հավանաբար, կաճեն, իսկ Եվրոպա, Կենտրոնական Ասիա կտրուկ և զգալի կկրճատվեն ռուսական տնտեսության թուլացման և դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկման պատճառով։ Տրասնֆերտների նվազում նաև Հայաստանի ԿԲ-ն է կանխատեսում։ Խիստ նախնական գնահատմամբ՝ մոտ  20 տոկոս։  Կենտրոնական բանկը նաև հուսադրող տվայլներ ունի։

Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը վիճակագրություն է ներկայացնում․

«Արդեն նկատում ենք տրանսֆերտների՝ մեր տնտեսության մեջ ավելի փոքր էֆֆեկտը։ Դրանք ՀՆԱ-ում  արդեն ավելի փոքր տոկոս են կազմում, հատկապես նվազում են ՌԴ-ից եկող տրանսֆերտները։ Եթե նախկինում ՀՆԱ-ում 10-15 տոկոս էին կազմում, այսօր 7-8 տոկոս է, իսկ ՌԴ-ից եկող տրանսֆերտները եթե նախկինում 80 տոկոս էին, այժմ 40 տոկոս են»։

Շոկային ազդեցություն սպասվում է նաև արտահանման ոլորտում։ 2021-ին մոտ  860 մլն դոլարի արտահանում է կատարավել։ Այստեղ, նախարարի խոսքով, փոքր արտադրողները քիչ չեն։ Նրանք կզգան բացասական ազդեցությունը, թե ինչ չափով՝ կանխատեսումներ չկան։ Այսուհանդերձ, Ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ շոկի ազդեցությունը կառավարելու  եղանակները կառավարությունում գիտեն։

Back to top button