ԿարևորՀասարակություն

Արտակարգ պատահար Լոռու մարզում. Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել հսկայական ձնահյուս

Ուժգին քամու և աննախադեպ ձյան տեղումների պատճառով մարտի 28-ին Լոռու մարզի  Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ հատվածում՝ Բազում գյուղի տարածքում  հսկայական ձնահյուս է տեղի ունեցել՝ մեծապես խոչընդոտելով թունելով դեպի Ստեփանավան երթևեկությանը: Լոռու մարզի իշխանությունները տեղում վերահսկում են իրավիճակը, ճանապարհն սպասարկողներն էլ՝ խոստանում մինչև օրվա ավարտ հսկայական ձյան շերտից ազատել  ճանապարհը:  

Հսկայական ձնահյուսի հետ կապված իրավիճակը վերահսկելու և կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ միջադեպի վայր են մեկնել մարզպետի տեղակալները՝ Լոռու մարզպետարանի մասնագետների հետ միասին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Լոռու մարզի փրկարարական վարչության և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները:

Դեպքի վայր է ժամանել նաև 2 միավոր հատուկ տեխնիկա՝ մաքրման աշխատանքներն իրականացնելու համար։ Ճանապարհն սպասարկող «Լոռու Ճանշին» ընկերությունից մարզի իշխանություններին  վստահեցրել են, որ ամենայն հավանականությամբ այսօր ճանապարհը կբերվի  երթևեկելի վիճակի:

Ինչպես տեղեկացրել են մարզպետարանից՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մ-3՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը՝ Բազումի տարածք, ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։ Մինչ այդ մարդատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում են երթևեկել Վանաձոր-Օձուն-Ստեփանավան  այլընրտանքային ճանապարհով։

Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է, որ փրկարարները համապատասխան գործողություններն են իրականացրել՝ պարզելու արդյո՞ք ձնահյուսի տակ մեքենաներ մնացել են, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ նման իրավիճակը քիչ հավանական է:

Back to top button