Ծովահայեր

Ծովի մշակույթը «Հայ աստծուց» մինչև ժայռապատկերներ ու մեր օրեր․ «Ծովահայեր»

Երևանյան համեստ սրճարաններից մեկում երեկոն տարբեր է՝ ճանաչողական, հայագիտական, ծովային։

Ճանաչված հայագետներն ու գիտնականները նախ կդիտեն հայկական ծովագնացության ու նավաշինության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը, հետո՝ կքննարկեն, եզրակացություններ կանեն։ 

Յուրի Սարգսյանի նախաձեռնած «ԱՐԱՐԷ» հայաճանաչման 260-րդ միջոցառումը նվիրված է Հայի ու ծովի կապին, բանախոսը՝ ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբի նախագահ, նավապետ Կարեն Բալայանն է, ցուցադրվողն էլ «ԿԻԼԻԿԻԱ. ԱՐԱՐՈՒՄ» ֆիլմն է, որը 2021-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած «Ծովն է կանչում» խորագրով միջազգային հեղինակավոր կինոփառատոնին ճանաչվել է լավագույնը՝ «Նավաշինարարների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։

«Ինչպես միշտ մենք առաջինն ենք, իրոք, ծովային շատ երկրներ էին մասնակցում՝ Ավստալիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան և այլք, բայց, նախկին  խորհրդային միության և ԱՊՀ երկրներից միակ մասնակիցը Հայաստանն էր, այն էլ՝ լեռնային։ Դե Ռուսաստանի մասին չենք ասում, քանի որ փառատոնի նախաձեռնողն էր ու հյուրընկալող երկիրը»,-ասում է Կարեն Բալայանը։

Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ արմատներ ունի ծովի մշակույթը հայերիս հոգեկերտվածքում, այս ամենի մասին իր ուսումնասիրութուններն է կատարել մասնագիտությամբ իրավաբան, հայագիտական ուսումնասիրությամբ զբաղվող Յուրի Սարգսյանը.

«Մենք կոչվում ենք հայ, ըստ շումերական դիցաբանության՝ ծովերի, կենսատու ջրերի աստվածը հենց «Հայ» աստվածն է, այն աստվածը, ում անունը մենք կրում ենք։ Նախաստեղծ ծովի տիրակալն աշխարհին ավելի շատ հայտնի է Էնկի, Էա, Նիդիմուդ, այդ թվում՝ և Հայ անուններով։ Իմ բոլոր հետազոտությունները հենց այդ աստծո կերպարի վերաբերյալ է»։

7 գրքի հեղինակ Յուրի Սարգսյանն այս մասին գրել է իր «Արարատյան լեռների գաղտնիքները» գրքում։

Մարդկության հավատալիքների ու նաև կենցաղի վերաբերյալ վկայություններն ավելի դյուրին է հավաքել պատկերագիր հիշատակումներում, օրինակ՝ ժայռապատկերներում։

  • Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն արդյո՞ք ինչ-որ բան հուշում են հայերի ու ծովերի կապի մասին,
  • ունե՞նք նավի կամ ձկան պատկերով ժայռապատկերներ,
  • հայկական լեռնաշխարհում հայտնված նավակով ժայռապատկերն ինչ-որ բան հուշո՞ւմ է նավագնացության մշակույթի մասին, թե՞ ենթադրություններ են։

Այս և նման հարցերի պատասխանները «Ծովահայերի» տաղավարում տալիս է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Կարեն Թոխաթյանը։

Back to top button