ԿարևորՀասարակություն

Ո՞ւմից պահանջել անվտանգության երաշխիքներ

Սրբուհի Վանյան
Արցախի Հանրային ռադիո

Հանրային մտահոգությունները լսելի դարձնելու և իրավիճակի իրական պատկերը հասկանալու համար մի խումբ մարդիկ երեկ ուշ երեկոյան դարձյալ Վերածննդի հրապարակում էին։ Նույն պահին Արցախի նախագահի նստավայրում Անվտանգության խորհրդի նիստ էր ընթանում։ Մարդիկ ուզում էին հասկանալ՝ ո՞վ է անվտանգության երաշխիքներ տալիս, ո՞վ է պատասխանատու այն իրավիճակի համար, որ տեղի է ունենում Ասկերան քաղաքի մոտակաքում։

Եթե արցախցիների կյանքի անվտանգության երաշխիքները սահմանված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ինչո՞ւ դրա ստորագրումից գրեթե 2 տարի անց էլ պատերազմը շարունակվում է, զոհվում և վիրավորվում են մեր տղաները, իսկ մեր բնակավայրերը մեկ մեկ թշնամուն են հանձնվում։ Անորոշությունը ներկայի ու ապագայի հանդեպ բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, որոնց պատասխանները մարդիկ չգիտեն՝ ում ուղղել։ Անյա Բալայանը Հադրութի իր տուն ու տեղը թողել, Ստեփանակերտ է հասել․ հիմա չգիտի անելիքը։ 

«Թող մեկը մեզ պատասխան տա․ հասկանանք՝ պատերազմ է, թե ոչ։ Եթե պետք է՝ գնանք պատերազմենք, նույիսկ կանայք։ Թե խաղաղություն է՝ ինչո՞ւ ենք զոհեր տալիս։ Եթե նոյեմբերի 9 հայտարարությունն ուժի մեջ է, թուրքը ինչո՞ւ է հասել Փառուխ, հետո Ասկերան, հետո Ստեփանակերտ։ Թող իշխանությունները մեզ պատասխան տան։ Եվ եթե ռուսը եկել է որպես խաղաղապահ, բարի լինի՝ իր առաքելությունը կատարի»։ 

Ո՞վ է պատասխանատու դրա համար՝ մեր իշխանություննե՞րը, հայաստանյա՞ն, ռուս խաղաղապահնե՞րը, և ի՞նչ պետք է անենք մենք՝ շարքային քաղաքացիներս, որոնց հրավիրել են ապրելու Արցախում՝ տալով անվտանգային երաշխիքներ։ Պատերազմելու և սեփական հողում ապրելու կամք ունեն արցախցիները, բայց ունե՞ն, թե՞ չունեն այդ պատերազմը վարելու ռեսուրս՝ նյութական, իրավա-քաղաքական, մարդկային։ Եվ հենց դա է, գուցե, պատճառը, որ մարդկանց մի խումբ, այդպես էլ չսպասելով Անվտանգության նիստի ավարտին, ուղևորվեց Իվանյան համայնք՝ հանդիպելու ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատուների հետ, մի մասն առաջարկում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններին՝ համարելով, որ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը իրենք պետք է կրեն, քանի որ այս ամենը նրանց քաղաքականության արդյունքն է, իսկ մի մասը սպասեց նախագահականի դիմաց՝ պատասխաններ լսելու Արցախի իշխանություններից։

Իրա Թամրազյանը, որ հրապարակ էր եկել «Миротворцы, вы нарушаете 9 ноября» «Миротворцы, верните Парух» ցուցապաստառներով, մի խումբ կանանց հետ ուղևորվել է Իվանյան։

«Մտահոգված եմ Արցախում ստեղծված իրավիճակով։ Շարունակելու եմ պայքարել, որպեսզի Արցախում գտնվող խաղաղապահները կատարեն իրենց պարտականությունները։ Յուրաքանչյուր արցախցի պետք է միանա և մասնակցի ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարին։ Մենք ուզում ենք ապրել խաղաղ, խաղաղ երկնքի տակ»։

 Երկու տասնյակ արցախցիներ հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատուների հետ, պահանջներ ներկայացրել, պայմանավորվել, որ հանդիպումները պարբերական են լինելու։ 

«Հանդիպել ենք ռուս խաղաղապահ զորքիհրամանատարական կազմի հետ, տվել ենք հարցեր, պահանջել, որ կատարեն իրենց պարտականությունները։ Խաղաղապահների խմբի զորակազմի ղեկավարի տեղակալն է հանդիպել մեզ հետ, պատասխանել մեր հարցերին, բայց ինչ արած, որ ամեն անգամ մի գյուղ ենք կորցնում, զոհեր տալիս, կատարվում է ցեղասպանություն։ Խաղաղապահ ուժը կարծես թե տրամադրված է պաշտպանել մեզ, բայց այդ քայլերը մենք չենք տեսնում։ Երկար րուցելուց հետո հասկացանք, որ կդադարեցվի այդ ամենը, խոստացան, որ կլինի համարժեք քայլ, բայց մենք թերահավատ ենք»։ 

Նախաձեռնողները ուզում են, որ հանրությունն իմանա՝ այս հավաքն ինչ-որ մեկի դեմ չէ, և ներքաղաքական խնդիր չի լուծում։ Այն հանուն Արցախում խաղաղ ապրելու մեր ապագայի է։ 

«Մենք չգիտենք ինչ է կատարվում․ բնականոն կյանքով այլևս անհնար է ապրել։ Չկան հստակ տեղեկություններ, անվտանգության երաշխիքներ։ Այսօր այն օրհասական պահն է, երբ բոլորս պետք է լինենք այստեղ, հենց նախագահից լսենք թե հերքող, թե հաստատող տեղեկություններ։ Եթե կա անվտանգային անվերահսկելի իրավիճակ, մենք պետք է իմանանք»:

 Անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնյաները շփվել են ժողովրդի, ապա նաև լրագրողների հետ։ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան, փոխնախագահ Գագիկ Բաղունց, Պետնախարար Արտակ Բեգլարյան, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան, պատգամավորներ, կառավարության անդամներ։ Նրանք խոսեցին հավաքվածների հետ։ Հանրության պահանջը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումն էր։ Խաղաղ հավաքը ցրվեց նրա դուրս գալուց հետո միայն։ Արտակ Բեգլարյանի խոսքով որոշ հարցերի պատասխաններ, որ հուզում են բնակիչներին, չունեն ոչ ինքը, ոչ նախագահն անգամ։ Իսկ այն հարցերի պատասխանները, որոնք կան, հանրայնացվելու են։ 

«Մեր անվտանգային երաշխիքները նոյեմբերի 9 -ի փաստաթղթով ռուսական կողմն է ստանձնել, չհաշված միջադեպերը, մեծ հաշվով դրանք պահպանվել են մինչև մարտի 8-ը։ Երեկվանից այդ երաշխիքները չեն գործում»։ 

Իրավիճակը կայունացնելու համար ուժ է պետք․ Գագիկ Բաղունցի տեսակետն է։ Հնարավորության սահմաններում բոլոր միջոցները ձեռնարկվում են, այդ թվում և դիվանագիտական։ Ռեսուրսները սահմանափակ են, անհրաժեշտ գործողությունների մի մասը Ռուս խաղաղապահների տիրույթում։ Ավելի ուշ պիտի իմանանք․ Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրություն է պատրաստել՝ ուղղված ՌԴ նախագահին։ Այն այսօր արդեն հրապարակվել է։

Back to top button