ԿարևորՀասարակություն

Նրբագեղությամբ չեն զիջում մոդելներին, բայց երազում են նմանվել ազգային հերոսների

Հայաստանի բուհերից Շիրակի պետական համալսարանը միակն է, որ ունի ռազմական ամբիոն։ Բուհի ուսանողները, նաև աղջիկները ուսումն ավարտում են՝ ստանալով լեյտենանտի կոչում և կարող են դառնալ պայմանագրային զինծառայող կամ ռազմագիտության ուսուցչուհի։ Ռազմարվեստի սիրահար օրիորդների մտորումներն ու երազանքները՝ ռեպորտաժում։  

«Մանուկ հասակում միշտ Մոնթեի մասին էի ուզում լսել։ Սիրով լսում էի նրան վերաբերող բոլոր  պատմություններն ու ուզում էի իր ուղին բռնել»։

«Միշտ Վազգեն Սարգսյանին եմ համակրել ու Արմենակ Խամփերյանցին»։

«Դեռ նոր էր սկսվել պատերազմը։ Սեպտեմբերի 27-ին, 28-ին մենք գնացինք տեղի զինկոմիսարիատ, զինվորագրվեցինք»։

Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի ուսանողուհիներն են՝ Հերմինեն, Մարիետան, Սվետլանան։ Նրբագեղությամբ չեն զինջում մոդելներին ու աստղերին, սակայն, գեղեցկուհիների համար անվիճելի հեղինակությունն են ազգային հերոսները։ Հայրենիքի փրկության զոհասեղանին պատրաստ են կյանքը դնել՝ առանց երկմտելու։ Աղջիկներն իրենց նախասիրությունը մասնագիտություն դարձնելու և սերն առ հայրենիք գործի վերածելու ճանապարհը գտել են Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնում։

Չորրորդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Ասատրյան․ «ՇՊՀ ռազմական ամբիոնը միակն է Հայաստանում, որտեղ ավարտելուց հետո շնորհվում է լեյտենանտի կոչում»։

Սվետլանան ընկերուհիներից ավագն է։ Առաջադիմությամբ լավագույնն է և շուտով կստանա լեյտենանտի կոչում։ Դիպուկ կրակում է, զենքն էլ նուրբ ձեռքերով ակնթարթորեն քանդում- հավաքում։

«18 վայրկյանում զենքը և՛ քանդում եմ, և՛ հավաքում։ Հրաձգության մրցումներին միշտ մասնակցում եմ և առաջին տեղն եմ զբաղեցնում։ Կրակայինս 100 է, գերազանց»։

Սվետլանան ընտանիքի միակ զինվորականը չէ։

«Այս պահին եղբայրս ծառայում է։ Միշտ ասում են՝ տնից աղջիկ-տղա զինվորական են»։

Սվետլանայի նախասիրությունները տարբեր են՝ սպորտ, մշակույթ․․․

«Եղել եմ վոլեյբոլիստ, ֆուտբոլիստ, պարուհի»։

Ապագայում, սակայն, կարող է լինել միայն մեկ ոլորտում․ «Պաշտպանության նախարարության զինված ուժերում»։

Զինվորականի ուղին ընտրած գեղեցկուհիներից Մարիետա Շահմուրազյանը երկրորդ կուրսում է սովորում։ Աշոցքից է։ Ամեն օր 40 կմ ճանապարհ է կտրում՝ համալսարան հասնելու, նույնքան էլ՝ տուն վերադառնալու համար։ Ցուրտ, բուք, անհարմարություններ․ երազանքն իրականացնելու համար սրանք խոչընդոտ չեն։  

«Դասերից ամենաշատը սիրում եմ մարտավարությունը, ուսումնասիրում ենք տեղանքը, և թե ինչպես ճիշտ մարտ վարել»։

Զինվորականի համազգեստին մանկուց է Մարիետան ակնածանքով վերաբերվել․

«Ցանկությունս մեծ է եղել, որ ես էլ համազգեստ կրեմ։ Հիմա մեծ պատասխանատվությամբ եմ կրում համազգեստը»։

Մոնթեի հերոսական պատմություններով մեծացած օրիորդը, որ շուտով կավարտի բուհը,  ցանկանում է դպրոցում աշխատել։ Նոր սերնդին պիտի պատմի մեր հերոսների մասին ու ծանոթացնի ռազմարվեստի նրբություններին։

Ռազմարվեսի ու արվեստի սերտ կապը յուրովի է բացահայտել ՇՊՀ ռազմական ամբիոնի առաջին կուրսի ուսանողուհի Հերմինե Կիրակոսյանը։

«Միշտ արվեստի մեջ եմ եղել՝ պար, դերասանական արվեստ։ Մի պահ եկավ, երբ հասկացա, որ արվեստի մեջ նոր ճյուղ եմ ուզում։ Հասկացա, որ այդ նոր ճյուղը ռազմարվեստն է»։

Նոր սերունդը շատ հետարքրում, գրավում է Հերմինեին, բայց նա ռազմագիտության ուսուցչուհու դերում իրեն չի պատկերացնում։ Մասնագիտական ուղին ուզում է անցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ամենադժվար փուլը հաղթահարել է՝ ծնողներին համոզել է, որ իրենց աղջիկը կարող է լինել զինվորական։ Դժվարությամբ, բայց ի վերջո համաձայնել են։  

«Մայրս էր ամենադժգոհը, բայց՝ մայրիկներին ավելի հեշտ է համոզելը, գրկելը։ Մայրիկս այն մտքին է, որ կարելի է դեմ արտահայտվել, բայց՝ չստիպել երբեք»։

Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնում 166 ուսանողից 41-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են։ Ամբիոնի պետ, գնդապետ Արթուր Մկրտչյանն ասում է՝ տարեցտարի  աղջիկների թիվն ավելանում է․

«Դա ցույց է տալիս սերն ու նվիրվածությունը ռազմական գործի նկատմամբ։ Նշեմ, որ իրենց աշխատասիրությամբ ու բարձր կարգապահությամբ աղջիկ ուսանողներն ավելի լավ են յուրացնում ռազմական գործի հմտությունները, ծրագրով նախատեսված պարապմունքները»։

Մեր զրուցակից օրիորդների և ռազմական ամբիոնում սովորող գեղեցկուհիների համար գոյություն ունի միայն մեկ անվիճելի առաջնահերթություն․

«Միանշանակ, գլխավորը հայրենիքս է․․․»

Back to top button