ԿարևորՀասարակություն

Ռադայի գրառումը տեխնիկական սխալի արդյունք է. Հրաչյա Հակոբյան

Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ  Ուկրաինայի Գերագույն Ռադայի Թվիթերի էջի գրառումը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:

«Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Ստացել ենք հավաստիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է»,- գրել է Հակոբյանը:

Հակոբյանը հույս է հայտնել, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի Թվիթերի պաշտոնական էջը հրապարակել էր Արցախի Հանրապետության Փառուխ գյուղ ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված գրառում: Գերագույն Ռադան նախ հրապարակել էր «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքի չճշտված տեղեկությունը, թե, իբր, «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում` օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից»:

Գերագույն Ռադան թվիթերյան գրառման մեջ նաև օգտագործել էր էմոջի` կարծես, ողջունելով Ադրբեջանի կողմից Արցախում հայերի էթնիկ զտումները:

Ավելի ուշ, Գերագույն Ռադան այդ գրառումը հեռացրել է:

Back to top button