Վերնատուն

Մենության մեջ «ապրող» գրականություն․ «Վերնատուն»

Արձակագիր, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանը խոսում է իր նոր գրքի ու նոր թարգմանությունների մասին։ Իր գրականությունը, կարելի է ասել, ավելի շուտ լռում է, քան իր մասին բարձրաձայնում, առավել ևս աղաղակում։

«Պոչը» պատմվածքների ու էսսեների ժողովածուն Վարդան Ֆերեշեթյանի երրորդ գիրքն է և գրվել է վերջին 6–7 տարվա ընթացքում։ Հաճախ չի գրում և դժվար է խոսում իր ստեղծագործություններից, ասում է` ինչ որ պիտի ասեմ, իմ գրով եմ ասում ու մեջբերում է Վարուժանի խոսքը․ «գրում ես ոչ թե այն ժամանակ, երբ կարողանում ես, այլ այն ժամանակ, երբ չես կարող չգրել»։

«Ակտուալ արվեստ» հրատարակչության «Ֆերեշ» մատենաշարով վերջին տարիներին թարգմանել և տպագրել են խորհրդային տարիների ռուս գրականության մոռացված, անտեսված կամ ստալինայն ռեպրեսիայի զոհ դարձած մի շարք հեղինակների ստեղծագործությունների ժողովածուները։

Դանիիլ Խարմս, Կոնստանտին Վագինով, Լեոնիդ Լիպավսկի, Անդրեյ Պլատոնով, Դիմիտրի Բակին և այլ. այս հեղինակներից յուրաքանչյուրը՝ իր ողբերգական ճակատագրով, իր մենությամբ, չհասկացվածությամբ երևույթներ են և իրենց կարևոր ներդրումն ունեն ռուս գրականության պատմության մեջ։

Սրանք այն հեղինակներն են, որոնց գործերը, ըստ Ֆերեշեթյանի, «ապրված» են։ «Եթե քո գրածը չի համապատասխանում քո ապրածին, քո ներաշխարհին, ուրեմն սուտ է։ Կան շատ մարդիկ, որոնք ինչից ասես խոսում են, ամենագետ են, բայց ներաշխարհ չունեն», – ասում է Վարդան Ֆերեշեթյանը։

«Ռուս գրականության մեջ շատերն այսօր մենությունը խաղում են և ոչ թե մենության մեջ ապրում։ Դրանք մի տեսակ «էստրադային» մենության մեջ են ապրում», –ասում է Ֆերեշեթյանը։

Back to top button