Մտքի ուժը

Ծանր մետաղների քանակական որոշման նոր տեխնոլոգիա․ հայ գիտնականների բացառիկ առաջարկը․ «Մտքի ուժը»

Հնարավո՞ր է արդյոք զարգացնել հանքարդյունաբերությունը՝ բացառելով բոլոր ռիսկերը։ Հարցի պատասխանը  գիտնականներն են փնտրում։ Վերջնական պատասխան ստանալու համար հետազոտություններ պետք է արվեն։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում ձևավորված գիտական խմբերից մեկը փորձարկում է շրջակա միջավայրում և հանքարդյունաբերությունում ծանր մետաղների քանակական որոշման նոր տեխնոլոգիան։ Լևոն Պողոսյանը գիտական խմբի անդամներից է, պատմում է․

«Ծանր մետաղների հայտանաբերման տարբեր մեթոդներ կան, բայց մեր մեթոդը ամենազգայուններից է»։

Ի՞նչ են առաջարկում գիտական այս խմբում ու ինչո՞ւ է իրենց գիտական առաջարկն այդքան  կարևոր Հայաստանի համար, քանի որ հանքարդյունաբերությունը մեր երկրում անկախ բնապահպանների ու ակտիվիստների բացասական վերաբերմունքից՝ միևնույնն է զարգանում է։

Ավելին, այն ունի առանցքային նշանակություն տնտեսության համար։ Եվ ահա, գիտական այս կենտրոնում մշակել են ծանր մետաղների հայտնաբերման զգայուն մեթոդ, որը թույլ է տալիս որոշել ծանր մետաղների պարունակությունը շրջակա միջավայրում և հանքարդյունաբերության օբյեկտներում, ժամանակին ախտորոշել վտանգավոր պրոցեսների ընթացքը, կանխել այդ պրոցեսները: Մեթոդի առավելությունն է բարձր զգայունությունը և առկա նյութերի հստակ տարանջատումը, ինչը հնարավորություն է տալիս նմուշում հայտնաբերել ծանր մետաղների փոքր կոնցերտրացիաներն ու դրանց չնչին փոփոխությունները կարճ ժամանակահատվածում: Գիտնական Պողոսյանն ասում է․

«Մենք վերցնում ենք նմուշը հանքարդյունաբերական վայրերին կից տարածքների հողից ու ջրից և դնում ենք մեր ինստիտուտում առկա էլեկտրոնային արագացուցչի ու ցիկլոտրոնի  ֆոտոնային ու պրոտոնային փնջի տակ։ Ճառագայթման հետևանքով նմուշներում առաջանում են այնտեղ առկա ծանր մետաղների իզոտոպներ: Ծանր մետաղների հայտնաբերման որոշ մեթոդներ քիմիկական մշակում են պահանջում։ Մեր դեպքում քիմիական մշակման անհրաժեշտություն չկա, իզոտոպները իրենց ուղեկցող գամմա ճառագայթման սպեկտրում ունեն բնորորոշ գամմա պիկեր, որոնք իրարից հեռու են լինում ու մենք կարող ենք հայտնաբերել այդ իզոտոպները և տարանջատել իրարից»։

Այս հետազոտությունն անցկացնելու համար Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիան բացի էլեկտրոնային արագացուցչից և ցիկլոտրոնից ունի նաև ցածր ֆոնային ստորգետնյա լաբորատորիա Ավանի աղի հանքում: Եվ հենց այդ առավելությունն է հնարավորություն ստեղծել մշակելու ծանր մետաղների հայտնաբերման նոր մեթոդը․

«Մեր ինստիտուտը Ավանի աղի հանքում ունի ցածր ֆոնային լաբորատորիա։ Մենք կարող ենք այնտեղ հետազոտել շատ հազվադեպ երևույթներ։ Ֆիզիկայի ինստիտուտում ճառագայթելուց հետո նմուշը տանում ենք Աղի հանք, և հետազոտում այն ստորգետնյա լաբորատորիայում գտնվող գերմանիումի դետեկտորի վրա հիմնված սպեկտրաչափի միջոցով: Աղի հանքի լաբորատորիայում մենք կարող ենք հայտնաբերել նմուշում առկա նյութի նույնիսկ չափազանց չնչին քանակությունը»։

Գիտական այս հետազոտությունը գուցե հնարավորություն տա նաև պոչամբարներում կուտակված պոչհանքն արդյունավետ օգտագործել։ Բացատրությունը պարզ է՝ կարող են հայտնաբերել պոչհանքում գտնվող շատ փոքր քանակությամբ արդյունավետ մետաղները և որոշել դրանց չափաբաժինը, բացատրում է գիտնականը:

Ծանր մետաղների հայտնաբերման ավանդական մեթոդներն արդյունավետ չեն սնդիկի համար, քանի որ ջերմային մշակում են պահանջում: Սակայն այս մեթոդով հնարավոր է որոշել սնդիկի ու վտանգավոր այլ  նյութերի պարունակությունը թափոններում, Նուբարաշենում կուտակված թափոնները կարող են քանակական հետազոտության ենթարկվել, ասում է գիտնական Լևոն Պողոսյանը։

Տիգրան Քոթանջյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում է աշխատում, գիտական խմբի անդամ է։ Արդեն արվել է ջրի ու հողի նախնական նմուշառում Ամուլսարի հարակից տարածքներից: Ընդգծում է․

«Նախնական ճառագայթում արել ենք, այժմ գամմա սպեկտրոսկոպիան ենք անում Աղի հանքի ստորգետնյա լաբոատորայում գերմանիումի դետեկտորի միջոցով։ Մենք այժմ նախնական չափումներն ենք անում, որ հասկանանք բնականից որքա՞ն է ծանր մետաղների կոնցետրացիան այդ վայրում և հետո կարողանանք գնահատել՝ կտրուկ ավեացել է, թե ոչ։ Առայժմ նախնական փուլում ենք։ Ճառագայթում ենք իրականացնում, որ իզոտոպներ առաջանան։ Փորձն իրականացնելիս հատուկ հագուստ չենք հագնում, արագացուցիչը գետնի տակ է գտնվում՝ երեք հարկ ներքև: Նմուշը դնելուց հետո դուրս ենք գալիս արագացուցչի տարածքից՝ ճառագայթումից խուսափելու համար, որից հետո նոր միացվում է արագացուցիչը: Ճառագայթումն իրականացվում է 1 ժամվա ընթացքում»։

Մեծ քանակությամբ չափումներ արել են, այժմ՝ մշակման փուլում են։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ՝ որ էլեմենտն է փնտրվում։ Օրինակ՝ ոսկին կարելի է գտնել մի քանի շաբաթում՝ ամեն ինչ կախված է իզոտոպների կիսատրոհման պարբերությունից՝ ասում է Տիգրան Քոթանջյանը։ Ոսկու իզոտոպներից մեկի կիսատրոհման պարբերությունը մոտ վեց օր է, մի քանի շաբաթ հետո էլ կարող են տալ ստույգ քանակական տվյալները։

Հաշվարկները կատարվում են առանձին սենյակում, որտեղ պահվում են նաև Վայոց Ձորի մարզից բերված նմուշները։ Համակարգչի վրա չափումների նախնական արդյունքներն են, դրանք միմյանցից առանձնացված են մեզ համար սովորական թվացող ուղղահայաց ու գունավոր գծերով: Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Տիգրան Քոթանջյանը աղյուսակը անգիր գիտի:

«Պիկերի բարձրությունը  ցույց է տալիս իզոտոպներից արձակված գամմա քվանտների քանակը։ Ինչքան պիկը բարձր է, այնքան իզոտոպների տրոհման արդյունքում շատ գամմա քվանտ է արձարկվել։ Ժամանակի ընթացքում պիկի չափի նվազման արագությունը հաշվելով կարող ենք որոշել կիսատրոհման պարբերությունը, նաև դրանով ինդենտիֆիկացնել, թե որ նյութի իզոտոպն է դա»։

Վեց հոգուց բաղկացած գիտական խմբում և՛ երիտասարդ, և՛ փորձառու գիտնականներ են։ Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով երեք տարում նրանք ավելի կամրապնդեն իրենց գիտական փորձն ու նոր մեթոդը և ինչու չէ, գուցե ի վերջո հենց նրանց օգնությամբ էլ հանքարդյունաբերության ոլորտում կներդրվի խնդրահարույց համարվող  պատասխանատվության ինստիտուտը։

Ցուցադրել ավելի
Back to top button