Մոռացված ֆիլմերի ստվերները

Կիսանդրին, որը 23 րոպե խաղում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի դերը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Երկու ընկերների անզգուշության պատճառով կոտրված կիսանդրին դարձավ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը։ Անշունչ առարկայի շուրջ հյուսվող իրադարձություններն այսօր շատերին ծիծաղելի կթվան, բայց անցյալ դարի 50-ականների սկզբին «ժողովուրդների առաջնորդի» կիսանդրին կոտրելը քրեորեն պատժելի հանցագործություն էր։

Հայ կինոյի հնչեղ անուներից մեկի՝ Յուրի Երզնկյանի ընտանեկան մթնոլորտի շնորհիվ էր, որի երեխաները, հատկապես որդին՝ Ռուբեն Երզնկյանը, ընտրեց ռեժիսորի մասնագիտությունը։ Չնայած հարազատները նրա ապագան արվեստից դուրս էին տեսնում, բայց  նա շարունակեց հոր ճանապարհը կինոյում։ Դպրոցն ավարտելուց հետո Ռուբեն Երզնկյանն ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին, ավարտեց և աշխատանքի անցավ «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Մեր երկրի համար բախտորոշ 90-ականները, բախտորոշ եղան նաև կինոյի աշխարհ մտած վավերագրող ռեժիսոր Ռուբեն Երզնկյանի համար։ Այդ տարիներին նա որոշեց իր ուժերը փորձել խաղարկային կինոյի ժանրում։

Ռուբեն Երզնկյան

«Կիսանդրի» այսպես է կոչվում Ռուբեն Երզնկյանի՝ կարճամետրաժ ՝ քսաներեք րոպե տևողությամբ ֆիլմը։ Այսօր արդեն Մանկավարժական համալսարանի օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի ղեկավար Ռուբեն Երզնկյանն իր կինոդեբյուտը խաղարկային կինոյի ժանրում վերհիշում է մեծ ոգևորությամբ։

«Նախքան այս ֆիլմը ես նկարահանեցի մի քանի փաստավավերագրական ֆիլմեր, հետո որպես սցենարիստ համագործակցեցի «Բումերանգ» երգիծական կինոալմանախի ստեղծագործական խմբի հետ, և դրանից հետո էր, որ ինձ բախտ վիճակվեց խաղարկային ժանրում ֆիլմ նկարահանել, ինչի համար շնորհակալ եմ և՛ իմ ճակատագրին, և՛այն ստեղծագործական խմբին»։

Յուրի Երզնկյանը բրեժնևյան լճացման տարիներին, ընտանեկան մի հավաքույթի ժամանակ իրեն բնորոշ սարկազմով, տնեցիներին պատմել էր Ստալինի անձի պաշտամունքի տարիներին իր նկարահանող խմբի հետ պատահած, այսօր արդեն ծիծաղելի, բայց այդ տարիներին սարսափ առաջացնող մի միջադեպի մասին։ Պատանի տարիքում հորից լսած այդ պատմությունը  ԽՍՀՄ-ի մայրամուտի տարիներին Ռուբեն Երզնկյանը վերածեց կինոսցենարի։

«Դպրոցականների մոտ մի տարածված արարողակարգ կար։ Աշակերտները Ստալինի կիսանդրին բարձրացնում էին որևէ սարի գագաթին և այնտեղ արտասանում նրան ձոնված բանաստեղծություններ, գովաբանում իրենց միակ և անփոխարինելի առաջնորդին: Հենց այդպիսի մի արարողակարգ որոշված էր վերածել փաստավավերագրական ֆիլմի: Հերթական արարողության ավարտին՝ սարից շատ դժվարությամբ կիսանդրին իջեցնելուց հետո, հետդարձի ճանապարհին կատարվում է անսպասելին. սայլը շուռ է գալիս, իսկ սայլի վրա տեղադրված կիսանդրին ընկնում ձորը և կոտրվում: Ե՛վ նկարահանող խումբը, և՛ աշակերտները սարսափից մի քանի րոպե քարանում են։ Ահա այս իրական դեպքի հիման վրա էլ նկարահանվեց ֆիլմը»։

Անցյալ դարի 90-ականների սկզբին Ռուդոլֆ Վաթինյանի հրավերով կինոօպերատոր Արտո Խաչատուրյանն ստանձնեց «Կիսանդրի» ֆիլմի երկրորդ օպերատորի պարտականությունները։ Փորձառու Ռուդոլֆ Վաթինյանը, Երևանում և Մոսկվայում մասնագիտական կրթություն ստացած երիտասարդ, տաղանդավոր  կինոօպերատորին նկատել էր և իր օպերատորական խումբ վերցրել դեռևս 1981 թվականից, երբ նա ընդունվել էր «Հայֆիլմ» կինոստուդիա, որտեղ և աշխատեց մինչև ստուդիայի փակվելը։ Հայկական և ռուսական բազմաթիվ ֆիլմեր առանց Արտո Խաչատուրյանի հմուտ օպերատորական աշխատանքի չէին ունենա այն գեղեցիկ կադրերը, որոնցով այսօր գրավում են դիտողին։

Արտո Խաչատուրյան

«Կինոյի մեջ կա թիմային աշխատանքի հասկացողություն: Ոչ միայն «Կիսանդրի» կարճամետրաժում, այլև տարբեր ֆիլմերում ես եղել եմ Ռուդոլֆ Վաթինյանի երկրորդ օպերատորը: Եվ, երբ Ռուբեն Երզնկյանի հրավերով Ռուդոլֆ Վաթինյանը  ստանձնեց «Կիսանդրի»  ֆիլմի բեմադրիչ-օպերատորի պարտականությունները,  բնականաբար նա ինձ առաջարկեց, որ միասին իրականացնենք նկարահանումները։ Ինչն էլ սցենարը ընթերցելուց հետո մեծ հաճույքով  իրականացրինք»։ 

«Կիսանդրի» կարճամետրաժ ֆիլմի նկարահանման և մոնտաժային աշխատաքներն ավարտելուց հետո` 1993 թվականին, Կինեմատոգրաֆիստների տան հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ կինոնկարի պրեմիերան։ Դահլիճում հավաքված հայկական կինոյի ճանաչված գործիչներն ու հանդիսատեսը ֆիլմն ընդունեցին մեծ ոգևրությամբ։ Սակայն այդ տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով կինոնկարն զրկվեց երևանյան ու մարզային կինոթատրոններում ցուցադրելու հնարավորությունից։ Վրիպեց նաև հեռուստալսարանի աչքից: Բայց փոխարենն այն ունեցավ փառատոնային հաջող կյանք։

«Մասնակցեցինք Սանկտ-Պետերբուրգում, Հունագարիայում և Թուրքմենաստանում անցկացվող կինոփառատոններին և արժանացանաք տարբեր մրցանակների: Ընդ որում՝ Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ Սանկտ-Պետերբուրգի կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվեցին փառատոնային երեք ֆիլմեր, որոնցից մեկը «Կիսանդրի» կարճամետրաժն էր»։

Կինոռեժիսոր Ռուբեն Երզնկյանի նկարահանած «Կիսանդրի» ֆիլմը ճշգրտորեն ներկայացնում է անցյալ դարի 50-ականներին Խորհրդային միության հասարակության մեջ տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը: Նուրբ, հումորային դրվագներ պարունակող այս ֆիլմի ճակատագիրը կարծես կրկնեց Ստալինի կոտրված կիսանդրու ճակատագիրը։ Կոտրվեց նաև ֆիլմի ճակատագիրը: Սակայն վերջերս ազգային կինոկենտրոնի ջանքերով այն թվայնացվեց և տեղադրվեց համացանցում: Մնում է հուսալ, որ գուցե համացանցը ճակատագրական մոռացումից կփրկի ֆիլմը…

Back to top button