ԿարևորՀասարակություն

Երևանն ու Գյումրին դիպլոմների վաճառքի ու կեղծումների թվով առաջատար են

Դիպլոմներ օտարեկրացի ուսանողներին՝ 3000 դոլարի դիմաց․ դեպքը, ԱԱԾ–ի հայտարարության համաձայն, բացահայտվել էր Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում։ 2014–ին կրթօջախին անժամկետ տրամադրված լիցենզիան կասեցվել էր։ Կրթության մասնագետի դիտարկմամբ՝ նման դեպքերն ազդում են հայաստանյան բուհերի վարկանիշի վրա։

Դիպլոմներ վաճառելու դեպքեր, Դատախազության տվյալներով, առավել հաճախ գրանցվում են Երևանի և Գյումրիի մասնավոր բուհերում։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի դիտարկմամբ՝ դիպլոմները ոչ միայն վաճառվում են, այլ նաև կեղծվում, նման դեպքերով հարուցված բազմաթիվ քրեական գործեր կան։ Աղմկահարույց էր ԱԱԾ–ի վերջին բացահայտումը Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում՝ ավարտական դիպլոմները վաճառվել էին օտարերկրյա ուսանողներին։

Առևտրային կաշառք տալու, ստանալու, ինչպես նաև իրացնելու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության նպատակով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Գոռ Աբրահամյան. «Ունենք առանձին դեպքեր, երբ  իրենց հայտնի դարձած նման դեպքերի վերաբերյալ հենց բուհերի ղեկավարներն են դիմել իրավապահ մարմիններին։ Բայց հիմնականում դեպքերը բացահայտվում են կամ իրավապահ մարմիններին ակնառու են դառնում այն բանից հետո, երբ առանձին գործատուներ մարդկանց աշխատանքի ընդունման գործընթացի  շրջանակում  ներկայացվող փաստաթղթերի ստուգում իրականացնելու համատեքստում հարցումներ են ուղարկում՝ հավաստիանալու իրենց ներկայացրած ավարտական դիպլոմների իսկության հետ կապված։ Այդ ստուգումների ընթացքում պարզվում է, որ նման փաստաթղթեր չեն թողարկվել։ Եվ նման անձինք իրենց մոտ չեն ուսանել»։

ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել համալսարանում, հայտնաբերվել են լիցենզիայի պայման-պահանջների խախտումներ։ Լիցենզավորման հանձնաժողովի  եզրակացության հիման վրա նախարարի հրամանով փետրվարի 18–ից կասեցվել են շուրջ 800 դիմորդ ունեցող բուհի միջին մասնագիտական կրթական ծրագրերը, իսկ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը դադարեցվել են։ ԿԳՄՍ լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյան․

«Պայման–պահանջներից խախտված են եղել պրոֆեսորադասախոսական կազմին, ուսումնական տարածքներին  ներկայացվող պահանջները, ուսումնամեթոդական ապահովվածությանը վերաբերող  պահանջները, հաշվետվություններ և այլն։ Բացի պայման– պահանջներից՝ հայտնաբերվել են նաև ուսումնական գործընթացին վերաբերող բազմաթիվ խախտումներ՝ ուսանողների ընդունելության, տեղափոխության, ավարտման կարգերի  անհամապատասխանություններ»։

Հանձնաժողովը, ըստ Աշոտ Արշակյանի, լիազորություն չունի որակելու՝ բուհի դիպլոմները վաճառվել են, թե՞ ոչ։ «Հանձնաժողովը միայն արձանագրել է, որ դիպլոմների հատկացման, մասնավորապես, պետական ամփոփիչ քննությունների անցկացման և սովորողների ուսման հետ կապված եղել են խնդիրներ»,-ասում է ԿԳՄՍ լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանը։

Մասնավոր բուհերում դիպլոմների վաճառքը նոր երևույթ չէ՝ նկատում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Ասում է՝ վաճառվում են հիմնականում արտասահմանցի ուսանողների։ Երևույթը տարածված է մասնավոր բուհերում, որտեղ  վերահսկողությունը թույլ է՝ մասնագետներ չկան։ Այս խնդիրն անդրադառնում է Հայաստանի բուհական համակարգի հեղինակության վրա։ Փորձագետը հիշեցնում է՝ երկու տարի առաջ իսրայելացի ուսանողները Հայասատանի ոչ պետական բժշկական համալսարաններից ձեռք էին բերել դիպլոմներ։ Իսրայելի առողջապահության նախարարությունն էլ երկրի քաղաքացիներին հորդորել էր չօգտվել Հայաստանում կրթություն ստանալու հնարավորությունից։ Արդյունքում, Հայաստանի բարձրագույն կրթության դիպլոմները Իսրայելում վավեր չեն։  

Ատոմ Մխիթարյան․ «Տարբեր երկրներում որոշակի գործընթացներով պետք է անցնել։ Եթե Հայաստանում եք սովորել և գնում եք ձեր երկիր, դա կարող է լինել Մերձավոր Արևելքի երկրներ կամ Հնդկաստան, համապատասխան գիտելիքների ստուգում են անում։ Հետո նոր համապատասխանեցնում են Հայաստանի բուհերի տված դիպլոմների հետ, ինչը շատ վատ է։  Դա է պատճառը, որ վերջին տարիներին արտասահմանցի ուսանողների թիվը պակասել է»։

Դիպլոմների վաճառքը քրեական հանցագործություն է, և փորձագետի կարծիքով՝ ԿԳՄՍ նախարարությունը պետք է խստացնի հսկողությունը ոչ պետական բուհերում։ Խնդրին նպաստում է նաև մասավոր բուհերի մեծ թիվը։ Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ սա օբյեկտիվ պատճառ է։

«Այո՛,  բուհերը շատ են, իսկ ուսանողների թիվը գնալով պակասում է։ Անհրաժեշտ է ունենալ բուհերի օպտիմալ թիվ, որոնք կկարողանան համապատասխան կրթություն ապահովել մեր ուսանողների համար»։   

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը 2020-2021 թվականներին անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա յուրաքանչյուր քաղաքացուց ստացել է շուրջ 3.000 դոլար կաշառք։ Սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել է մի շարք ուսանողների տեղափոխությունը օտարերկրյա բուհերից Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրս։ Հնդկաստանի 104 և Բանգլադեշի 1 քաղաքացու տվել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող դիպլոմներ: Համալսարանի իրավաբանը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ ասաց, որ այդ դեպքերին տեղյակ չէ, հիմա զբաղված են իրավական հարցերով։ Փորձում են դատարանով պաշտպանել իրենց իրավունքները և վերականգնել համալսարանի գործունեությունը։ Նախարարության որոշումը համարում են ապօրինի։ Ասաց՝ փաստաթղթաշրջանառության վերաբերյալ խախտումները լիցենզիայից զրկելու հիմք չեն․

«Նախարարությունը խախտումներ է արձանագրել, սակայն դրանք հիմք չեն լիցենզիայից զրկելու։ Լիցենզիայից զրկելու հինգ կետ կա՝ լաբորատորիաներ, շենքային և գրադարանային պայմաններ, պրոֆեսորադասախոսական կազմ, սպորտային դահլիճ չունենալու դեպքեր»։

Կա նախարարի հրամանով հաստատված կարգ, ըստ որի լիցենզիան կասեցված կամ դադարեցված բուհերի ուսանողները կարող են տեղափոխվել նախարարության սահմանած ցանկի որևէ ուսումնական հաստատություն։ Ցանկում ընդգրկված է նաև  ԵՊԲՀ–ն։ 

Back to top button