ԿարևորՀասարակություն

Դեսպան Նազարյանն այցելել է Մադեյրա

Մարտի 23-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը Մադեյրայում հանդիպել է Պորտուգալական ասամբլեայի (2015-2019թթ․) անդամ Ռուբինա էվերլեյն Բերարդոյին, որի նախաձեռնությամբ դեռևս 2019թ․ ապրիլին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հարցում արտահայտեց հստակ դիրքորոշում։

Մադեյրայի օրենսդրական մարմնում տեղի ունեցած արարողությանը, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահը, փոխնախագահները և բոլոր խմբակցությունների ղեկավարները, դեսպանը Հայաստանի Հանրապետության նախագահի ու կառավարության անունից տիկին Բերարդոյին հանձնել է երախտագիտության մեդալն ու կարևորել բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև համամարդկային արժեքների պաշտպանության գործում վերջինիս ներդրած ավանդը` իր ելույթում հավելելով, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է։

Պորտուգալիայի այս ինքնավար տարածաշրջան կարճատև այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել ինչպես Մադեյրայի օրենսդիր խորհրդարանի ու կառավարության նախագահների, այնպես էլ կրթության, գիտության ու տեխնոլոգիաների քարտուղարի և կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսի հետ։

Կ․Նազարյանն իր զրուցակիցների հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները, ներկայացրել Հայաստանում, Արցախում ու նրանց շուրջ տեղի ունեցող զարգացումները։

Back to top button