ԿարևորՀասարակություն

Շեղված կարող ենք լինել առավելագույնը 300.000 դրամի չափով․ Ֆինանսների նախարարը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում էր

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամից պետբյուջե էր փոխանցվել ավելի քան 52 մլրդ դրամ՝ շուրջ 105 մլն դոլար։ Ազգային ժողովում, գումարի ծախսման արդյունավետությունը պարզելու նպատակով, գործում է քննիչ հանձնաժողով՝ ստեղծված ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։

«300 հազար դրամի շեղում միլիարդների մեջ, գուցե և լինի, չեմ բացառում, բայց 300 միլիոնի շեղում լինել չի կարող։ Ծախսված բոլոր գումարների հաշվետվությունները, նպատակներն ու սպասելիքները փաստաթղթավորված են։ Մենք որևէ գաղտնիք չունենք»,-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․

«Այո, 52.7 միլիարդ դրամը բաժանված է երկու մասի դրա մոտ 20 մլրդ դրամն օգտագործվել է 2020 թվականին, մոտ 32.7 մլրդ դրամը՝ 2021 թվականին»։

52.7 մլրդ դրամ հիմնադրամից կառավարությանը փոխանցելը որքանո՞վ է համապատասխանում հիմնադրամի կանոնադրական նպատակներին, արդյո՞ք այդ փոխանցումն օրինական էր, օրինական ու նպատակայի՞ն էին ծախսերը․ հարցերի հասցեատերն այս անգամ Ֆինանսների նախարարն էր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացված գումարների ծախսման արդյունավետությունը նա այսպես գնահատեց․

«Ուզում եմ վստահեցնել, որ ինչպես և կառավարության կողմից իրականացվող բոլոր նման ծրագրերի դեպքում, մենք կարծում ենք՝ բոլոր այդ ծրագրերը եղել են հասցեական, ժամանակին, իրավիճակային։  Սա ուզում եմ շեշտել, որովհետև իրավիճակները պահանջում էին արագ արձագանք, իսկ արագ արձագանքի ժամանակ ոչ միշտ է, որ հնարավոր է բոլոր առանձնահատկությունները հաշվի առնել։ Ընդհանրական գնահատականն այն է, որ բոլոր այդ միջոցառումներն ու ծրագրերը իրենց նպատակին ծառայել են շատ բարձր արդյունավետությամբ»։

Նվիրաբերություն ստացողը մինչև հաջորդ ամսվա ամսի 15-ը պետք է հաշվետվություն ներկայացնի՝ ինչի վրա է ծախսել գումարը՝ հիշեցրեց քննիչ հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը։ Նախարարի պնդմամբ, թե իրենք ներկայացրել են պատշաճ հաշվետվություն, նրան չէր գոհացրել։ Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ Հայկ Հարությունյանը բացատրեց,՝ հաշվետվություն ներկայացնելու ժամկետի ու ձևի ընտրությունը նախարարությանն է։

Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանն արձագանքեց․ «Ես համաձայն չեմ ձեր ընկալմանը, պարոն Հարությունյան։ Ի՞նչ է նշանակում հաշվետվություն, այն էլ՝ ամսական։ Ի՞նչ է նշանակում՝ մենք հաշվետվություն ենք ներկայացրել, թե ինչի վրա ենք ծախսելու այդ գումարը։ Դրա հաշվետվությունը ո՞րն է, պարո՛ն Հարությունյան։ Այդ դեպքում ինչի՞ համար է ամսական նշված հաշվետվությունը։ Նշեիք՝ գումարը ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում կներկայացնենք, թե ինչի վրա ենք ծախսելու այդ գումարը։ Դա հաշվետվություն չէ»։

Սոցիալական հարցերի նախկին նախարարներ Զարուհի Բաթոյան և Մեսրոպ Առաքելյան, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան, այս նիստին՝ ֆինանսների նախարար Տիգրան խաչատրյան․ բոլոր այս անձինք հրավիրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։ Նախարարն ասաց՝ պատրաստ է շարունակել աշխատանքը հանձնաժողովի հետ․

«Մենք կարող ենք ցանկացած ժամանակ, երբ հանձնաժողովը նպատակահարման համարի՝ ևս մեկ անգամ, երեք անգամ, որքան դրա կարիքը կլինի, գալ հանձնաժողովի նիստերին, ներկայացնել նաև այն լրացուցիչ պարզաբանումները, որոնք կվերաբերեն այդ ցուցանիշների համապատասխանությանը»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից  կառավարության գանձապետական հաշվին փոխանցված 52.7 մլրդ դրամի  ծախսն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հրավիրյալների շարքում էր նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա, սակայն, հրաժարվել էր մասնակցել աշխատանքներին։

Կարդացեք նաև
Close
Back to top button