Գերդաստաններ

Սուրբ Աստվածածնի պարգևը․ ծիրանափողի հավերժական ընկեր՝ Ջիվան  Գասպարյան․ «Գերդաստաններ»

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում, որտեղ շատ մշեցիների ժառանգներ են ապրում, մի   եկեղեցի կա՝ 11-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածինը, որն, ասում են, անչափ  զորավոր է, այնքան զորավոր, որ անգամ մեկ այցից հետո կատարվում են  երազանքները, ապաքինվում են ցավերը և ամենակարևորը՝ պարգև են ստանում։ Այդպես էր դարեր ի վեր։

«Գերդաստաններ»  հաղորդաշարն է՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան  Գասպարյանի ընտանիքի պատմությամբ։

Մշեցի Ղևոնդը, 1915 թվականի ցեղասպանության ժամանակ սահմանն անցնլիս, մի  քանի քուրդ ընկերների և իր երկու որդիների հետ միացել էր Անդրանիկի զորքին, դրա շնորհիվ փրկվել, եկել, հաստատվել Սոլակ գյուղում։

Սոլակում էր հաստատվել նաև խոյեցի Խաչատուրը, որի դուստրը՝ Մագթաղը, սիրահարվել էր Ղևոնդի որդուն՝ Արամայիսին ու ամուսնացել։ Նրանք որդի ունեցան, որին Ջիվան կոչեցին։

Քարտաշ Արամայիս Գասպարյանը տղային՝ Ջիվանին, տանում է Սուրբ Աստվածածին՝ ոտքերի ցավից ապաքինվելու։ Ջիվանը ոչ միայն ապաքինվում է, այլև ամբողջ կյանքում հավատացած էր, որ պարգև է ստացել Աստծուց։

Արամայիսը մասնակցել է Հանրապետության հրապարակի և Օպերայի շենքի  շինարարությանը։ Սկսվում է Համաշխարհային 2-րդ պատերազմը, Արամայիսը  մեկնում է ռազմաճակատ, իսկ կինը՝ Մագթաղն, այդ ընթացքում մահանում է։

Ջիվանը մնում է հարևանների խնամքին։ Նրա համար տաք ապուր էր պատրաստում   Նատալյա հորաքույրը, որին մինչև կյանքի վերջ չէր մոռանում Ջիվանը։

Ջիվան Գասպարյանը կնոջ՝ Աստղիկի հետ

Պատմությունը  շարունակում է հանրահայտ դուդուկահարի դուստրը Նարինե Գասպարյանը։

Դժվարին տարիներից հետո, նվեր ստացած դուդուկը փոխեց վեց տարեկան  անօգնական տղայի կյանքը։ Այն ոչ միայն նրան փրկեց սովից, այլև վատ ճանապարհներից՝ տալով հավատ իր սեփական ուժերի նկատմամբ։

«Դուդուկն աղոթք է, այն կարծես Աստծո գործիք է, անսիրտ մարդկանց նա սիրտ է  տալիս, անխելք մարդկանց՝ խելք»,-այսպես էր արտահայտվում այս ազնվագույն  գործիքի մասին մեծ վարպետը, դուդուկի հավերժական ընկերը՝ Ջիվան  Գասպարյանը։

Այդ ժամանակաշրջանում, ինչպես մի առիթով Ջիվանն է պատմել, դուդուկ  նվագողները միջին խավի մարդիկ էին համարվում, զուռնաչուն նույնիսկ աղջիկ չէին  տալիս։

Սակայն շուտով 1947 թվականին, ազգային, սիրողական համույթի հետ Մոսկվայի համերգից հետո, Ստալինից ստանում է նվեր «Պոբեդա» ժամացույց։ Իսկ 1949-ին միանում է Թաթուլ Ալթունյանի Երգ ու պարի ազգային համույթին, իսկ հաջողությունը չի ուշանում. 1959 թվականին նա շահում է իր առաջին ոսկե մեդալը՝  միջազգային փառատոնում։ Ու հենց անսամբլում է, որ Ջիվան Գասպարյանը     ծանոթանում է ապագա կնոջ հետո, ով պարուհի էր։

Արձակագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը այս գերդաստանի շառավիղներից է՝  մայրական կողմից։ Նա հեղինակ է մի շարք գրքերի և բազմաթիվ հոդվածների։ Նրա  «Մեր հին դաշնամուրը» պիեսը երկար տարիներ եղել է Ստանիսլավսկու անվան   ռուսական դրամատիկական թատրոնի և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնի խաղացանկում։ Այն արժանացել է մրցանակների և  ամենակարևորը՝ թարգմանվել տարբեր լեզուներով։ 

Դավիթ Մուրադյանը պատմում է, թե ինչպես են Ջիվանի հետ մեկնում մասնակցելու Կինոշոկ փառատոնին, և փառատոնի կազմակերպիչները բացման արարողությունը վարելու պատվավոր գործը տալիս են Ջիվան Գասպարյանին։

Մեջտեղում Ջիվանի Գասպարյանի դուստրը՝ Նարինեն՝ հորաքրոջ դուստրեր Ռուզաննայի և Արփիկի հետ

1988 թվականից սկսած՝ Ջիվան Գասպարյանի երաժշտական միջազգային գործունեությունը վերելք է ապրում։ Ջիվանն արդեն բացահայտել էր ինքն իրեն, արտահայտել իր իմաստությունն ու մտքերը։ Նրան սկսեցին գնահատել  համաշխարհային մեծագույն երաժիշտները, նրան գտան և հրավիրեցին հոլիվուդյան ֆիլմերում հնչեցնելու իր մեղեդիները։ Լոս Անջելեսում էր, երբ զանգեցին և ասացին, որ Հանս Ցիմերը փնտրում է իրեն՝ «Գլադիատոր» ֆիլմում աշխատելու համար։

Մի անգամ Ճապոնիայում հանրահայտ դուդուկահարին համարեցին մարդասպան  երաժիշտ, քանի որ «Դլե յաման»-ի հնչյունների տակ մի մարդ հրաժեշտ էր տվել  կյանքին։ «Մեղավորը», այսպես ասած, Ջիվանի վարպետությունն էր։

Ջիվան Գասպարյանի դուստրերը

Ջիվան Գասպարյանը ունի մեկ եղբայր (Հայկ) և երկու քույր (Անահիտ և Ռիմա)։ Վարպետի թոռները երեքն են՝ Ջիվանը, Դավիթը և Սոնյան։ Ջիվան Գասպարյանի դուստրերը միշտ սիրով են հիշում հորը, նրա խոսքերն ու  խրատները։

Վարպետի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, այսօր Միացյալ Նահանգներում հնչեցնում է մեր անցյալի ողբը, հավատքի ու ուժի հիմնը։ Նրա մասին պապն իր յուրահատուկ և անկեղծ կարծիքն ուներ։ Վարպետը հետաքրքիր ինտուիցիայով էր օժտված, ինչը կանխազգում էր, լինում էր։ Նա համոզված էր, որ թոռը շարունակելու է իրեն ու իր գործը։ Դավիթը նույնպես երաժշտական կրթություն է ստացել, սակայն զբաղվում է բիզնեսով, իսկ Սոնյան իրավաբան է, որն ապրում և աշխատում է Միացյալ Նահագներում։

Ջիվան Գասպարյանը թոռներ՝ Ջիվանի և Դավիթի հետ

Սոլակ գյուղի Սուրբ Աստվածածին այցի են գնում Ջիվանի գերդաստանի անդամները, որի զորությամբ ու օրհնությամբ Ջիվանն ապրեց 93 տարի և իր փոքրիկ գրպանում տեղավորվող կախարդական գործիքով աշխարհին ցույց տվեց մեր  պատմությունը, մասնակից եղավ այլ ժողովուրդների մշակույթների ներկայացմանը,  հնչեցրեց ծիրանափողի ամեն ինչ ասող մարդկային ձայնը աշխարհահռչակ   ռեժիսորների ֆիլմերում, դրանով մեկ անգամ ևս ճանաչելի դարձնելով մեզ՝   աշխարհին։

Ուզում եմ հաղորդումն ավարտել Ջիվան Գասպարյանի հետևյալ խոսքերով. «Իմ երազանքը միշտ եղել է դուդուկը դարձնել համընդհանուր երաժշտական գործիք, և  դա ինձ հաջողվեց։ Աստված ամեն մեկիս մի հանձնարարություն է տալիս։ Մենք  պետք է հասկանանք, թե որն է մեր հանձնարարությունը և կատարենք այն մեծ  նվիրումով։ Ես իմ հանձնարարականը կատարել եմ մեծ սիրով և նվիրումով»։

Back to top button