Էկոսֆերա

Հանքարդյունաբերական և էներգետիկ բիզնեսի ազդեցությունը համայնքներում․ «Էկոսֆերա»

Հանրապետության որոշ համայնքներն էկոլոգիապես տուժել են՝ մի մասը ՀԷԿ-երի, մյուսն էլ՝ հանքարդյունաբերության բացասական ազդեցությունից։

Լոռու մարզի Ախթալա ու Օձուն, Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վարդենիս, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան ու Գորիս թիրախային համայնքներում, կատարվել են սոցիալ-էկոլոգիական ուսումնասիրություններ և ներկայացվել դրանց նախնական արդյունքները։

Մասնավորապես՝ մարզային մի շարք ՀԿ ներկայացուցիչներ վերհանել են համայնքների վրա գործող հանքարդյունաբերական և էներգետիկ բիզնեսի ազդեցության և այլ խնդիրներ։

Էկոլոգիական խնդիրների առաջացումն ուղղակիորեն անդրադառնում է համայնքների սոցիալական վիճակի վրա։

Հանրապետության որոշ համայնքերում գործող հանքարդյունաբերական և էներգետիկ բիզնեսի գործությունեությունն ուղղակիորեն ազդել է բնակիչների սոցիալական վիճակի վրա։

Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կառուցվել է հիդրոէլեկտրակայան՝ Սևանա լիճը սնուցող ամենամեծ գետի՝ Արգիճի վրա։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանն ասում է, որ կառուցման ընթացքում բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել ու թեև տևական ժամանակ տեղի բնակչությունն ընդվզել է ՀԷԿ-ի կառուցմանը, սակայն այն կառուցվել է։ Այժմ, ինչպես փաստում են կատարված ուսումնասիրություններն ու դրա հետ մեկտեղ բնակչության դժգոհությունները, այն վնաս է հասցնում համայնքներին։

«Գյուղատնտեսական տարածք համարվող Վերին Գետաշենին ՀԷԿ-ը տարաբնույթ վնասներ է հասցնում: Արգիճի գետը խողովակներով է տեղափոխվում մինչև տուրբիններ ու բնակչությունը զրկվում է ոռոգման ջրից: Վերին Գետաշենում կան տարածքներ, որոնք չեն ցանվում, չեն մշակվում, քանի որ ամռան սեզոնին ունեն ջրի խնդիրներ: ՀԷԿ-ը կառուցվել է, օգուտներ է ստանում, սակայն Վերին Գետաշենը միակ ազդակիր համայնքն է, որը ոչ մի դրամ չի ստացել՝ որպես կրած վնասի փոխհատուցում»:

Հաջորդ խնդիրը, որին բախվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակչությունը, ավելի սրվել է 2020 թվականի պատերազմից հետո։ Անահիտ Գևորգյանի խոսքով, Գեղամասարը Սոթքի հանքավայրի ազդակի համայնք է։

Պատերազմից հետո, երբ կորցրել են արոտավայրերը, փորձում են հանքավայրը շահագործող ընկերությունից ստանալ տարածքներ։

Գեղարքունիքի մարզը հանրապետությունում միակը չէ, որ տուժել է հանքարդյունաբերության հետևանքներից։ Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքում գործում է Մղարթի բազմամետաղների հանքավայրը, որը շահագործում էր «Մուլտի գրուպ» կոնցեռն ընկերությունը։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի փոխանցմամբ՝ «Մուլտի գրուպ»-ը համայնքում գրեթե որևէ ներդրում չի իրականացրել։

Back to top button