Վերնատուն

Իմ գործերը կապված են իմ պատմության, ժամանակի ու հույսի հետ․ Հրաչյա Վարդանյան․ «Վերնատուն»

Գյումրեցի արվեստագետ Հրաչյա Վարդանյանի «Ճամփա ունիս» վերնագրով ցուցահանդեսը արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն է Երևանում։ Հրաչյա Վարդանյանի գործերը ցուցադրվել են ոչ միայն Գյումրիում, այլ Եվրոպական մի շարք քաղաքներում, ԱՄՆ– ում, Կանադայում, Չինաստանում։

Երևանյան ցուցահանդեսը տեղի է ունենալու մարտի 26-ին Two Arcs արվեստի հարթակում, որից հետո ցուցադրվող շարքից երկու գործ ապրիլին ներկայացվելու է Վենետիկի բիենալեին զուգընթաց Եվրոպական մշակութային կենտրոնի ցուցահանդեսում։

«Ներկայացվող երկու գործերը կոնցեպտուալ իմաստով կապված են։ Բնության շերտերով և ընկալումներով արված գործեր են, և ոգեշնչումը գալիս է գորգարվեստից», – ասում է Հրաչյա Վարդանյանը։

«Ինստալացիան, որը ներակայացվելու է Վենետիկում կոչվում է «Ճեղքեր»։ Այն կտավ է, որը քանդակ է հիշեցնում։ Հիմնական մոտիվը ճեղքվածքն է։ Բնությունը և մեր հիշողությունը երբ շերտավորվում են, այն նորանալու կարիք ունի։ Նկարը խոսում է մի բանի մասին, որը կարող է թարգմանվել և՛ անհատական պատմության իմաստով, և՛ համադրվել մշակութային պատմության հետ, նաև՝ նույնացվել բնության հետ»,– նշում է արվեստագետը։ Հրաչյա Վարդանյանն ասում է, որ ուզում է, իր գործերը նոր և հնարավորինս շատ մարդիկ տեսնեն։

«Այդ գործերը կապված են իմ պատմության, մեր այսօրվա անցումների, մեր ժամանակի ու հույսի հետ։ Այս ելակետերը բացելու և բարձրաձայնելու խնդիր կա»։ Նա նշում է, որ արվեստագետի և նրա գործի հարաբերությունը նման է ծնողի և զավակի հարաբերություններին։ «Ես անում եմ իր համար ինչ որ կարող եմ, բայց ուզում եմ, որ նա ինքնուրույն գնա այլ աշխարհներ, նոր բացահայտումներ անի և ես լսեմ իր մասին։ Իմ գործերը ես որպես դեսպան եմ ուղարկում այլ երկիր»։ Հրաչյա Վարդանյանի անհատական ցուցահանդեսը մարտի 26– ից ապրիլի 3– ը տեղի կունենա Սայաթ Նովա 5 հասցեում գտնվող Two Arcs արվեստի հարթակում։

Back to top button