ԿարևորՔաղաքական

Բաքվի երկակի խաղերը Մոսկվայի և Անկարայի հետ․ որտե՞ղ են բախվում ռազմավարական փաստաթղթերը

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում  դաշնակիցների հետ ստորագրված փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին։ Արտաքին քաղաքական ոլորտում լուրջ անհամաձայնություններ ունեցող Ռուսաստանի և Թուրքիայի միջև Ադրբեջանը փորձում է շահել՝ խախտելով ընդամենը մեկ ամիս առաջ ռուսական կողմի հետ կնքված դաշնակցային հռչակագիրը նույնպես։ Ինչու՞ չի զսպվում ադրբեջանական կողմը։

Ադրբեջանը մեկ ձեռքով երկու ձմերուկ է ուզում պահել․ նա Ռուսաստանի նոր դաշնակիցն է և «ուկրաինասեր» Թուրքիայի հավատարիմ և անդավաճան բարեկամը։ Ալիևի աշխատասենյակի մի պատին փակցված է Անկարայի հետ «Շուշիի հռչակագիրը», մյուսին՝   Մոսկվայի հետ փետրվարի 22-ին ստորագրած դաշնակցային հռչակագիրը։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ այս երկու փաստաթղթերը իրար հակասում են, ռուսական զենքի շուկայի հիմնական հաճախորդ Ադրբեջանը, միևնույն է, չի ճանաչի Ղրիմի անկախությունը, այլապես լուրջ խնդիրներ կունենա միջազգային հանրությա հետ։ Իսկ ո՞ւր մնաց ռուս-ադրբեջանական հռչակագիրը։ Ինչու՞ այն չի զսպում Ադրբեջանին։ Լսենք Արմեն Վարդանյանին․

«Ադրբեջանը շատ լավ մանևրում է որտեղ պետք է՝ շարժվում է այդ հռչակագրով, որտեղ պետք չէ՝ այդ հռչակագրին «բանի տեղ չի դնում»։ Նույնն էլ նաև, մեծ հաշվով, Ռուսաստանը։ Ժամանակին Բիսմարկն ասել է՝ «Ռուսաստանի հետ ստորագրած փաստաթղթերը չարժեն այն թղթի կտորը, որոնց վրա ստորագրվել են»։

Եթե Ռուսաստանն ու Թուրքիան Ղրիմի հարցում ունենային լուրջ առճակատում, Ադրբեջանը մտածելու շատ բան կունենար այս երկու պետությունների մեջտեղում։ Բայց Ադրբեջանն այս իրավիճակից կարող է միայն օգտվել, քանի որ ոչ միայն չի հակադրվում այս երկուսի շահերին, այլ ինչ-որ տեղ նաև համադրում է դրանք,-ասում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։ Նա այդ դիտանկյունից է մեկնաբանում «Շուշի»-ի թուրք-ադրբեջանական և Մոսկվայի ռուս-ադրբեջանական հռչակագրերը․

«Ամեն դեպքում, ես այս երկու փաստաթղթերն իրար չէի հակադրի, քանի որ, որքան էլ Ռուսաստանի ու Թուրքիայի գլոբալ նպատակներն ու ռազմավարությունները շատ դեպքերում իրար հակադիր են, այնուամենայնիվ, այս երկու կողմերը կարողանում են շատ արդյունավետ համագործակցել։ Դրա դրսևորումներից  մեկն էլ Ուկրաինայի ճգնաժամն է, երբ թուրքական կողմն առաջարկում է իր միջնորդությունը, և տպավորություն է, որ հենց թուրքական կողմն էլ լինելու է առաջնային միջնորդը, որը կանգնելու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»։

Ադրբեջանը, ըստ էության, գտնվում է այս երկու ճամբարներում․ Ուկրաինային 5 մլն դոլարի դեղորայք է մատակարարում, շտապ օգնության մեքենաներին անվճար վառելիք է տրամադրում, հակառուսական քարոզչությունը հասցնում այն մակարդակին, որ Ռուսաստանում արգելափակվի ադրբեջանական ամենահայտնի լրատվականներից «Haqqinaz»-ը, Կիևում աջակցություն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու այս ամենը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին՝ Ռուսաստանի հետ «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր ունենալու պարագայում։ Ինչու՞ չի պատժվում Ադրբեջանը այսպիսի արտաքին քաղաքականություն վարելու համար։ Ռազմաքաղաքական փորձագետ Արեգ Քոչինայնն է պարզաբանում․

«Առաջին հերթին դա Ադրբեջանի էներգակիրներն են։ Այսօրվա աշխարհում դրանց դերը աննախադեպ է բարձրացել, որովհետև Նորվեգիայի, Ռումինիայի, Ադրբեջանի և մի քանի այլ տեղերից եկող էներգակիրները միասին վերցրած հնարավորություն կտան հրաժարվելու ռուսականից»։

«Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրում Ռուսաստանի, իսկ «Շուշիի» հռչակագրում Թուրքիայի հետ ռազմական փոխգործակցության պայմանին եկած Ադրբեջանը շատ բան չունի մտածելու՝ ասում է զրուցակիցս։ Հակառակը՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան  ադրբեջանական կողմին այժմ «խոշոր խաղաքարտ» են համարում․ Ռուսաստանն Ադրբեջանին ուզում է տեսնել զսպված, առնվազն չեզոք, իսկ Թուրքիան՝ «բաց՝ մինչև Եվրոպա»։

«Ադրբեջանի քաղաքականությունը Ռուսաստանի դեմ այս իրավիճակում, ես մասնավորապես կպայմանավորեի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գացումներով, որովհետև մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում գազի մատակարարման հետ, որքան ավելի է սաստկանում արցախահայությանը բնաջնջելու, Արցախը հայաթափելու Ադրբեջանի պետական քաղաքականությունը։ Դրա հիմնական խոչընդոտն այս պահին ռուսական կողմն է՝ իր խաղաղապահ ներկայությամբ։ Որքան ավելի սաստկանում է Ադրբեջանի հայատյացությունն Արցախում, այնքան սա ավելի է խոսում այն մասին, որ ռուսական կողմը խոչընդոտում է Ադրբեջանի՝ ոչ հայանպաստ, ոչ արցախանպաստ  գործողություններին»։

 Քանի դեռ Ադրբեջանը անհրաժեշտ է Թուրքիային և Ռուսաստանին, արտաքին ճակատում տարվող իր բազմակողմանի, դաշնակիցներին անարգող քաղաքականության համար ադրբեջանական կողմը չի պատժվի, կարծում են մասնագետները։ Իսկ Թուրքիայի հետ՝ «Շուշի»-ի, Ռուսաստանի հետ՝ «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրերը՝ համապատասխանաբար, հարաբերություններ խորացնող և հնարավորությունները զսպող բնույթ են կրում։ Որքան կխորանան այդ հարաբերությունները Թուրքիայի հետ և որքան կմնան զսպված՝ ռուսական կողմի ցանկությամբ, մասնագետները դժվարանում են ասել։

Back to top button