ԿարևորՏնտեսական

Ջրի հույսը ջրամբարների կառուցման վրա է․ 16 նոր նախագիծ` 5 տարում

Վերջին օրերի տեղումները հօգուտ գյուղացու են։ Մասնագետներն ասում են՝ դրանք կապահովեն ջրամբարների լցվածությունը։ Կանխատեսվում է, որ խոշոր՝ Ազատի, Մարմարիկի, Ապարանի, Ախուրյանի ջրամբարներում ջրի պաշարների կուտակումը բավարար կլինի, եթե, իհարկե, տեղումները շարունակվեն։ Մասնագիտական դաշտում վստահ են՝ ոռոգման ջրի խնդիրների լուծման ամենաառանցքային լուծումը ջրամբարների կառուցումն է։  

Ինչպե՞ս բացառել ծարավ ամառները, որ ոռոգման ջրի կարիքը նվազեցվի, Սևանալճից էլ հավելյալ ջրառի կարիք չլինի։ Լուծումը հստակ է, «վերնագրում» գրված՝ ջրամբարների կառուցում ու ջրի կուտակում։  Ծրագրերը կան․ մի մասն՝ ընթացքի մեջ, մի մասը՝ մի քանի տարով հետաձգված։ Մինչև տարեվերջ կշահագործվի Վեդիի ջրամբարը։ Օրակարգում նաև 15 փոքր ու միջին ջրամբարների նախագծման աշխատանքներն են։ Իսկ մինչ ծրագրերը կյանքի կկոչվեն, հույսը նաեւ տեղումների վրա է։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձանագրում է՝ եթե Հայաստանում տեղումները մի քիչ էլ շարունակվեն, այս տարի գյուղացին գուցե ոռոգման ջրի խնդիր չունենա։ Ջրամբարների լցվածության վերջին տվյալներն է ներկայացնում՝ նկատելով՝ դեռ կավելանա։

«2022թ  մարտի 21-ի դիտարկմամբ՝ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարներում  լցվածությունը 248 մլն խմ է։ 2021-ի համեմատ  ջուրը պակաս է  40 մլն խորանարդ մետրով, 2020-ի տվյալներից ջուրը պակաս է՝ 117 մլն խորանարդ մետրով»։

Երկրում ոռոգման ջուրն ապահովվում են 69 խոշոր ու փոքր ջրամբարները։ Կանխատեսվում է, որ խոշորներում՝ Ազատի,  Մարմարիկի, Ապարանի, Ախուրյանի ջրամբարներում կուտակված ջուրը կբավարարի, եթե տեղումները շարունակվեն։ Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ Ախուրյանի ջրամբարի թերլցվածությունը մտահոգում է․  

«Հիմնական տարբերությունները գալիս են Ախուրյանի թևից, որտեղ 26 մլն խմ ջրի պակաս կա։ Արփի լճի ջրամբարում շուրջ 10մլն խորանարդ մետր ջրի պակաս»։

Խորհրդային տարիներին կառուցված  Ախուրյանի ջրամբարի ջուրը կիսում ենք Թուրքիայի հետ։ Ի՞նչ համամասնությամբ՝  մանրամասնում է Հայաստանի ազգային  ագրարային  համալսարանի  ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի  վարիչ  Գուրգեն Եղիազարյանը։

«Ախուրյանի ջրամբարը 30-40 տոկոսով է լցվում։ Կուտակված ջուրը 50 տոկոս մասնաբաժնով ենք վերցնում։ Եթե կուտակվում է 200 մլն խորանարդ մետր ջուր, մենք վերցնում ենք 100 մլն խորանարդ մետրը։ Նախագծային ցուցանիշը  250 մլն խորանարդ մետրն է»։

Ջրամբարների կառուցումը երկրի օրակարգի գլխավոր հարցերից է դարձել։ Ոռոգման ջրի՝ տարեցտարի սրվող խնդիրները, պատերազմի հետեւանքով ջրի ռեսուրսների կորուստն ու Թուրքիայի կողմից Արաքսի վրա ջրամբարաշինական խոշորածավալ նախագծերի իրագործումը պահանջում են ջրի ամբարման լուրջ լուծումներ գտնել։
Մինչև տարեվերջ կավարտվի Վեդիի ջրամբարի կառուցումը․ շինաշխատանքի  80 տոկոսն արված է։ Համավարակի ու որոշ այլ այլ պատճառով շահագործման ժամկետերը մի քանի անգամ հետաձգվել են։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանն արձանագրում է՝

«Վեդիի ջրամբարը հնարավորություն կտա շուրջ 4 հազար հա հողատարածքների ջրապահովության մակարդակը բարձրացնել, նաև ոռոգվող նոր հողատարածքներ  ավելացնել։ Վեդիի ջրամբարը ջուրը մատակարարելու է Արարատի մարզում»։

Օրակարգում նաև Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցումն է։ Դեռ խորհրդային տարիներին սկսված աշխատանքն այդպես էլ ավարտին չի հասել։ Ըստ թարմացված ծրագրի՝ ջրամբարն առաջին փուլում  կկուտակի շուրջ 25 մլն լիտր, երկրորդ փուլում ջրի ծավալը  կհասնի 60 մլն-ի։ Կապսի ջրամբարի կառուցման համար անգամ հարակից Ջրաձոր գյուղն է  տեղափոխվելու։ Բայց որոշումը դեռ որոշում է։

«Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման համար բանակցություններ են ընթանում շինարարի ընտրության շուրջ։ Հետո արդեն կմտնենք բուն շինարարության փուլ։ Ծրագրի շրջանակում նաև բնակիչների վերաբնակեցման հանձնաժողովների ձևավորման աշխատանք է ընթանում, որպեսզի տվյալ ծրագիրը նույնպես իրականացնենք»։

15 փոքր ու միջին  ջրամբարների նախագծում ու կառուցում՝ այս ու հաջորդ 4 տարում․ կառավարության ծրագիրն է։ Անելիքի հրատապությունը ստիպել է բյուջեից հատկացումն ավելացնել։ Ֆինանսավորման չափը հստակ է՝ արձանագրում է Հայաստանի վարչապետը․

«2022թ. բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները»:

Նախագծման աշխատանքների ընթացքում դիտարկվում են նաև կառուցվելիք ջրամբարների էներգետիկ հնարավորությունները: Մասնագիտական դաշտում   ջրամբարներից զատ այլ մտահոգություններ էլ կան միայն անցյալ տարի գյուղացու համար նախատեսված ջրի ավելի 40 տոկոսը գյուղացուն չի հասել։

Back to top button