ԿարևորՄիջազգային

Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին. դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել «Քսանյակի» (G20) եզրափակիչ գագաթնաժողովին։ Այս մասին չորեքշաբթի օրը Ջակարտայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան։

«Դա կախված կլինի շատ բաներից, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակից։ Այս պահին Վլադիմիր Պուտինի մտադրությունը գագաթնաժողովին մասնակցելն է։ Նա ցանկանում է գալ»,- ասել է Լյուդմիլա Վորոբյովան։

«G20-ը նման ճգնաժամերի քննարկման կամ լուծման ֆորում չէ (իրավիճակները Ուկրաինայում), փաստորեն, ֆորումն ուղղված է տնտեսական իրավիճակի բարելավմանը և տնտեսական խնդիրների լուծմանը»,- հավելել է Լյուդմիլա Վորոբյովան։ Նրա խոսքով, G20-ից Ռուսաստանի դուրս մնալը կդժվարացնի G20-ի անդամների տնտեսական խնդիրների լուծումը։

Ավելի վաղ՝ մարտի 14-ին, Ինդոնեզիան հայտնել էր, որ որպես G20-ի նախագահ, մտադիր չէ ընթացիկ օրակարգում ներառել ուկրաինական ճգնաժամը, կենտրոնանալով անցած տարեվերջին որպես առաջնահերթություն ճանաչված թեմաների վրա։ Նախագահ Ջոկո Վիդոդոն նախատեսում է եզրափակիչ գագաթնաժողովն անցկացնել հոկտեմբերի 30-31-ը Բալիում անձամբ։

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննարկում են Ռուսաստանին G20-ից դուրս թողնելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

G20-ը աշխարհի խոշորագույն տնտեսությունների խումբ է, որի նպատակն է համակարգել գործողությունները համաշխարհային տնտեսության վրա ազդող ամենակարևոր հարցերի շուրջ:

Գործակալության աղբյուրները նշում են, որ Լեհաստանն առաջարկել է հանել Ռուսաստանին G20-ից, իսկ ԱՄՆ-ն աջակցել է այդ առաջարկին։

Սակայն, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանին բացառելու հեռանկարները կասկածելի են. այս հարցի շուրջ քվեարկելիս Չինաստանը, Հնդկաստանը կամ Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն իրենց վետոյի իրավունքը։

Back to top button