ԿարևորՔաղաքական

Երևանը լրացրել է Բաքվի առաջարկները, պատասխան դեռ չի ստացել

Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու առաջարկի առնչությամբ ԵԱՀԿ-ից որևէ պատասխան Հայաստանը դեռ չի ստացել, բայց կառույցը հայկական կողմի առաջարկներն արդեն փոխանցել է պաշտոնական Բաքվին՝ ԱԺ-ում պարզաբանել է արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզոյանը մանրամասնել է՝  Երևանը  ոչ թե մերժել է Բաքվի 5 առաջարկները, այլ՝ լրացրել դրանք։  

«Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա։ Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին արտացոլում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։ Համապարփակ խաղաղության համար մենք դրանք  համալրել ենք մեր առաջարկներով և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Հայաստանի առաջարկները, ըստ էության, գրեթե 100 տոկոսով բացահայտված են իմ՝  «Արմենպրես»-ին տված հարցազրույցում»։

Միրզոյանի խոսքով՝ առաջարկի մեխերից մեկը, որ հայկական կողմի համար շարունակում է սկզբունքային մնալ, ԼՂ հայության իրավունքների և նաև կարգավիճակի հարցն է։ Որևէ օրակարգ  չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ այդ հարցերը ևս չի ներառում՝ ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը  կտրուկ բարդացրել է ԵԱՀԿ-ի ՄԽ ձևաչափում համանախագահների՝  համատեղ աշխատելու հնարավորությունը, բայց միջազգային հանրությունից ստացվող ազդակները հուսադրող են։

 «Ելնելով շատ կոնկրետ ազդակներից ու ուղերձներից, որոնք ես եմ ստացել, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ կարգավորումը տեսնել ՄԽ ձևաչափում, և դա բավական հուսադրող է։ Մենք ամենօյա աշխատանք ենք տանում , որպեսզի կարողանանք ԵԱՀԿ-ի հետ նոր քննարկումներ սկսել նաև Հայաստանի և Ադրբեջանի նոր առաջարկներով»։

Այս ամենին զուգահեռ Արցախում շարունակում է խորանալ հումանիտար ճգնաժամը։ Արցախում գազամատակարարման խափանումը Ադրբեջանն արդեն պաշտոնապես՝ արտգործնախարարության մակադակով ներկայացնում  է որպես այդ երկրի «ներքին գործ»։ Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է օգտագործել դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցները՝ ասում է Արարատ Միրզոյանը։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գազատարի երկրորդ «խափանումից» հետո նախարարը դժվարանում է օգտագործել «վթար» ձևակերպումը։

 «ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, բացի դրանից՝ տեղի ունեցածի մասին նոտա է հղվել մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Արդեն արձագանքները տեսում ենք, ցավոք սրտի, տեղում հարցը դեռ լուծված չէ»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ խորհրդարանում կազմակերպված փակ քննարկմանը և չբացահայտելով դրա բովանդակությունը, այնուամենայնիվ փաստեց․կա ճգնաժամ, կա նաև դրա խորացման միտում և ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում կարող է դիմել նաև այլ քայլերի՝ ահաբեկչական գործողությունների կամ սադրանքների ձևով։ Պատգամավորին հետաքրքում էր՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունն մշակել է կամ ունի գործողությունների ծրագիր, որի կիրառման պարագայում կթեթևացվի Արցախում ապրող մեր հայրենակիցների վիճակը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց՝ կառավարությունն ունի 21 միջոցառումների ծրագիր, որոնք կարող են իրագործվել՝ ըստ  զարգացումների։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին այլ հարց էր հետաքրքում՝ Ադրբեջանի հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը ներպետական ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի։ Հնարավո՞ր է այնպիսի վիճակ ստեղծվի, որ մտածենք նաև հանրաքվեի մասին՝ հարցրեց Վարդանյանը։

Ոչինչ բացառել հնարավոր չէ՝ պատասխանեց Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարը նաև ճիշտ է  համարում Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։ Թուրքիա կատարած այցից Արարատ Միրզոյանը գոհ է։

Back to top button