ԿարևորՀասարակություն

ԲՏԱ-ն խոստանում է մեր երկիրը տիեզերք հասցնել սպասվածից շուտ․ ինչ փուլում են տիեզերական ծրագրերը

Հայաստանը տիեզերքում կհայտնվի սպասվածից ավելի շուտ։ Ռազմավարությունը սեղանին է, բայց փաստաթղթի տեսք դեռ չի ստացել։ Ռազմավարությամբ առաջնահերթորեն նախատեսվում է ունենալ ազգային տիեզերական արդյունաբերություն։ «Ռադիոլուրի» զրուցակիցը ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանն է։

— Երբ ասում ենք Հայաստանը՝ տիեզերքում, մարդիկ երբեմն դժվարությամբ են ժպիտը թաքցնում։ Դուք իսկապե՞ս այս ամենն իրատեսական եք համարում։

-Ես համոզված եմ, որ իրատեսական են, որովհետև արդեն հաջողված քայլեր ունենք։ Ժպիտը շուտով կվերափոխվի ուրախության, երբ մարդիկ լսեն արդյունքների մասին։

Ինչի կամ ում հետ են կապվում հիմնական հույսերը։ Ժամկետեր չեն նախանշվում, բայց նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է՝ երազանքները՝ սկսած սեփական արբանյակ ունենալուց, իրատեսական են։

«Մեր ռազմավարությունում դուք կտեսնեք նման կետեր, և բավականին շուտ կտեսնեք քայլերի արդյունքները։ Քայլ առ քայլ կհասնենք դրան։ Ճիշտն ասած՝ արդեն 2022թ-ն է, և՛ արբանյակ ունենալը, և՛ արտադրությունը բավականին իրատեսական է, որովհետև տեխնոլոգիաները փոխվում են, եթե առաջ բոլոր արբանյակները գեոստացիոնալ էին  ու 36 հազար կմ հեռավորության վրա էին գտնվում երկրից, այժմ տեխնոլոգիաները փոխվել են, և արտադրվում են ցածր ուղեծրային արբանյակներ, որոնք բավական թեթև են, կոմպակտ և ավելի մատչելի են գնային առումով»։

Տիեզերական ոլորտի առաջխաղացման համար ԲՏԱ նախարարությունը նախորդ տարի մինչև 200 մլն դրամի դրամաշնորհի մրցույթ էր հայտարարել։ Արդյունքում 50 մլն դրամ էր հատկացվել «ԷՆՋԻՆԴ ԱՄ» ընկերությանը՝ արդեն այս տարի աերոտիեզերական (Clean Room) եւ ինժեներակոնստրուկցիոն լաբորատորիաներ եւ վակուումային խցիկ ստեղծելու համար։ Ծրագրված են նաեւ դասընթացներ՝ աերոտիեզերական սարքավորումների, դրանց գործարկման եւ աերոտիեզերական ճարտարագիտության ուսուցում։ Ընկերությունը խոստանում է խոսել շուտով՝ արդյունքներով։

Հույսեր են կապվում մեկ այլ կազմակերպության հետ եւս․ «Գեոկոսմոսն» «տիեզերական հարցերով» զբաղվող դեռ միակ լիցենզավորված ընկերությունն է Հայաստանում։ 2017-ին ՊՆ ստեղծած «Գեոկոսմոսն» այժմ ԲՏԱ նախարարության ենթակայության տակ է։ Դրա ու դրա անելիքների մասին «Ռադիոլուրին» պաշտոնապես ոչինչ չեն պատմում․ասում են՝ դեռ պայմանագիր չեն կնքել։ Բայց հայտնի է, որ ընկերությունը զբաղվում է երկրի հեռահար զոնդավորմամբ, իսկ դեռ 2017-ին  կառավարությունից ստացել է 300 մլն դրամ՝ ընդունիչ կայանի արդիականացման, շահագործման և տարածքի վերանորոգման համար:

Տիեզերքը Հայաստանին մոտեցնելու նպատակով 2 տարի առաջ «Տիեզերական գործունեության մասին» օրենք ընդունեց, նաեւ հարկային արտոնություններ սահմանվեցին  գործունեության որոշ տեսակների, օրինակ՝ տիեզերական օբյեկտների արձակման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների մշակման ու հաղորդման համար։ Հայկ Ասլանյանի խոսքով՝ Հայաստանը նաեւ արտերկրի ընկերությունների հետ է բանակցում՝  տիեզերքի հետ «կամուրջն» ավելի ամուր կառուցելու։ Դրսից, ասում է Ասլանյանը, հետաքրքրվողներ կան։ Մանրամասներ չի հայտնում, բայց եւ շեշտում է՝ հարկային արտոնություններն առաջին նախադրյալը  չեն, որի համար ուզում են գալ։

«Իրենք համոզվել են, որ այստեղ կան  մարդկային ռեսուրսներ, որոնք իրենց երկրներում դժվար գտնեն։ Տիեզերական գործունեությունն այն ոլորտն է, որտեղ մարդկային մեծ ռեսուրսներ անհրաժեշտ չեն, որպեսզի շատ բարձր արժեքով ապրանք ստեղծեն։ Այսինքն, հնարավոր է ունենալ 10 հոգանոց թիմ, որը կստեղծի ինչ-որ սարքավորում, որը միլիոնավոր դոլարների արժեք ունի»։

Մինչ նախարարությունը տիեզերքում իր ներկայությունն ամրագրելու եւ սեփական արբանյակ ունենալու ուղիներ է փնտրում, Հայաստանի Տիեզերքի թանգարանում խնամքով պահում են խորհրդային անցյալի արդյունքները։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ թանգարանային նմուշի վրայից փոշին մաքրելն ափսոս է․դրանք հասել են տիեզերք ու վերադարձել՝ աստղերի փոշին վրան։ Թանգարանի խորհրդի անդամ Կարեն Բայրամյանը «Պրոցիոն» խցիկի մասին է պատմում, որը խորհրդային «Կոսմոս 309» արբանյակով բաց տիեզերք է հասել։ Առաջին հայկական արբանյակը սեփական «աչքով» է որսացել տիեզերական ճառագայթները, ապա վերադարձել Երկիր։

«Իրավամբ, կարելի է համարել հայկական առաջին արբանյակը, որ 1968թ-ին է արձակվել։ Դուք գիտեք, որ այսօր շատ պետություններ միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ իրենց արբանյակն ունենան։ Հայ ժողովուրդը 1968-ին հայ գիտնականների շնորհիվ, հանձին Գրիգոր Գուրզադյանի, ստեղծեց տեսախցիկ, որը տիեզերք արձակվեց այն ժամանակ, երբ մարդը նոր էր դեպի տիեզերք քայլեր կատարում»։

Դեռ 1962-ին 500կմ անցավ ու հաջող վերադարձավ նաեւ K-2-ը՝ հրթիռային աստղադիտարանի վայրէջքային սարքը։ Խորհրդային  Հայաստանի  հրթիռային տեխնիկան շատ ավելի առաջադեմ էր, քան այդ շրջանի եվրոպականը։ 

«Սա այն առաջին ունիկալ նմուշներից է, որը տիեզերագնացները կիրառել են տիեզերք ուղարկված տեխնիկան վերադարձնելու նպատակով։ Պատված է եղել հրակայուն նյութով, իսկ վայրէջքի ժամանակ, անցնելով մթնոլորտային շերտերով, շիկացել է 5-6 հազար աստիճան։ Այս կարմիր-սև հատվածը շիկացման արդյունքում գունափոխված մասերն են։ Սպիտակ, հրակայուն նյութը, որով պատված է եղել,  սարքը կարողացել է ապահով պահել ներսում գտնվող թե՛ մարդկանց, թե՛ տեխնիկան։  Նմանատիպ սարքով վայրէջք է կատարել առաջին տիեզերագնացը՝ Յուրի Գագարինը»։

Ե՞րբ Հայաստանին տիեզերք կհասցնեն սեփական ծրագրերը՝ դեռ հարց է ու դեռ միայն երազանք։ Բայց ԲՏԱ ներկայացուցչի խոսքով՝ երազանքը փոքր խնդիրների բաժանելու և հստակ ժամկետեր սահմանելու դեպքում իրատեսական է դառնում։

Back to top button