

«Երկու տարի առաջ եկա Հայաստան գործերով՝ մասնագիտությամբ շինարար եմ, 40 տարի է ապրում և աշխատում եմ ԱՄՆ-ում, բայց վրա հասավ կովիդը և մնացի անծանոթ Երևանում ուր չունեի ոչ բարեկամ, ոչ ծանոթ։ Ոչ էլ կարող էի վերադառնալ կարանտինի պատճառով»:
Այստեղ սկսվեց Արթուրի զարմանալի պատմությունը․ «Որպեսզի պարապ չնստեմ, կիթառ գնեցի և՝ սկսեցին երգեր գալ։ 63 տարեկանում սկսեցի բանաստեղծական տողեր գրել և երաժշտություն հորինել»։
Ծանոթներից մեկը համոզում է նրան երաժշտական ստուդիա վարձել և ձայնագրել այդ երգերը։ Այդ պահին տաղավարում գտնվող երաժիշտները խորհուրդ են տալիս դիմել պրոֆեսիոնալներին գրագետ նվագակցում ու կատարում ապահովելու համար։
«Ես գտա մի երգչուհու և սկսեցինք աշխատել։ Այդպես «ախորժակս բացվեց», դիմեցի Գոռ Սուջյանին, գտա փայլուն նվագակցող երաժիշտների և հասկացա, որ դրան համարժեք վավերագրում է պահանջվում։ Վարձեցի օպերատորների, վիդեոմոնտաժորի և որպես արդյունք, տաղավարից դուրս գալով ստանում էի ոչ միայն երգի ձայնագրությունը, այլ նաև տեսահոլովակը»։
Արթուրը ամբողջովին տրվեց իր նոր զբաղմունքին և ինքնաբերաբար եկավ սեփական համացանցային հարթակի ստեղծման անհրաժեշտությանը։ Մնում էր գտնել այդ գործի մասնագետին և ծնվեց Carpet Jam-ը, որն այսօր ներկայացված է ավելի քան 60 տեսահոլովակներով։ Հարթակին միացան երաժիշտներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից և ժանրային առումով այն նույնպես բազմազան է։
«Ուզում եմ որ իմ հարթակը ծառայի լավ երաժիշտներին՝ դասականից մինչև ռեփ, միայն թե տաղանդավոր, և բարձր կատարողական մակարդակով ներկայացված լինի»- ամփոփում է Արթուրը։
Այսպես պրոֆեսիոնալ շինարարը գտավ իր կյանքի նոր նպատակը, ստեղծագործելու ոլորտը և արվեստին ծառայելու իր սեփական տեսլականը։
Հաղորդման ընթացքում հնչում են Արթուր Աղաջանյանցի հեղինակային ստեղծագործությունները և հարթակին միացած երաժիշտների կատարումները։