Բնական ընտրություն

«Պողպատե ոստայն»․ ինչպե՞ս է մարդկությունը սարդերի «հմտությունը» կիրառել տեխնոլոգիաներում․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Պողպատե ոստայն»

Սարդակերպերի դաս, հոդվածոտանիների կարգ․ սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛ արևադարձային գոտիներում, և՛ տունդրայում, և՛ շոգ անապատներում, անգամ բարձրադիր լեռներում։ Ամենուրեք նրանք թողնում են իրենց «հետքը»՝ սարդոստայնը։ Սարդի ոստայնագեղձերի հեղուկ արտազատուկը ձգվելով առաջացնում է օդում արագ պնդացող բարակ թելեր՝ վերածվելով ոստայնի։ Կազմությամբ նման է շերամի մետաքսին, հիմնականում կազմված է ջրում չլուծվող, ամուր ֆիբրոինից՝ մածուցիկ հեղուկից, ինչը օդի առկայությամբ պնդանում է, դառնում ամուր, չլուծվող թել։ Կենդանիներն իրենց սարդոստայնն օգտագործում են որսացանցեր, բներ և ձվաբոժոժներ պատրաստելու և կամ որսին խճճելու համար։ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, կրթության որակի պատասխանատու, կարի արտադրանքի գծով ինժեներ-տեխնոլոգ Աստղիկ Սարգսյանն է զրուցակիցս․

«Սարդերը մեր մոլորակի հնագույն բնակիչներից են և ունեն ավելի քան 200 միլիոն տարվա պատմություն։ Սարդերի տարբերակիչ հատկանիշը մետաքս հյուսելու հատկությունն է, թելը, որով սարդերը հյուսում են ցանցը, բարակ է ավելի, քան մարդու մազը, և դրա հատուկ առաձգական ուժն ավելի բարձր է, քան պողպատինը։ Եթե համեմատենք նույն տրամագծով պողպատե լարն ու սարդի թելը, կտեսնենք, որ սարդի թելը, որը ինչպես և մարդու մազը կազմված է սպիտակուցից, 6 անգամ ավելի թեթև է պողպատե լարից, բայց առաձգականությամբ և համապատասխան քաշ դիմադրելու ունակությամբ՝ չի զիջում»,-ասում է Աստղիկ Սարգսյանը։

Սարդոստայնը որպես որսի միջոց միայն սարդերը չէ, որ օգտագործում են։ Օրինակ Հարավային Ամերիկայի բնակիչները ճյուղերից շրջանակ են պատրաստում, քողարկում տերևներով և գիշերը թողնում անտառում։ Առավոտյան շրջանակին ամրացված է լինում այնքան հուսալի ցանց, որով հնարավոր է ձուկ որսալ։ Այդպիսի ցանցեր հյուսում է 10 սմ երկարությամբ հսկա թավամազ սարդը։ Սարդի ոստայնը օգտագործվում է նաև բժշկության մեջ, ընդ որում՝ նաև ժամանակակից․ Աստղիկ Սարգսյան․

«Մարդկությունն իրականում պատճենել է բնության նախագծերը, բայց ցավոք դեռևս չի ստացվում ամբողջությամբ վերարտադրել սարդի ցանց հյուսելու մեթոդը։ Այդ ցանցն ի դեպ օգտագործվել է նաև բժշկության մեջ, բավական էր բոլոր միջատներից, բեկորներից մաքրված սպիտակուցե ցանցը դնել վերքի վրա՝ արյունը կտրվում էր։ Հիմա ժամանակակից բժշկությունը հետարքրքվում է այդ ցանցով, հատկապես նեյրովիրաբուժության մեջ օգտագործելու համար որպես կապաններ, որպես ջիլեր, այսինքն որպես բժշկական թել՝ վերքերը կարելու, փակելու համար»,-ասում է Աստղիկ Սարգսյանը։

Սարդի ոստայնաթելը օգտագործվում է ժամանակակից տեքստիլի և անգամ զրահաբաճկոնների արտադրության մեջ։ Օրինակ ոստայնի թելի խառնուրդից հնարավոր է ստանալ կեվլար․ Կեվլարը մարդու կողմից ստեղծված կարծր մանրաթել է, որը օգտագործվում է, օրինակ, զրահաբաճկոններ պատրաստելու համար․ Աստղիկ Սարգսյան․

«Ներկայումս սարդի մետաքս արտադրող որդերի տեսակ են բուծել, որոնք արտադրում են թել՝ սարդոստայնի թելի հատկություն ունեցող, բայց սա արդյունաբերական մասշտաբ չունի դեռ։ Թեպտ որդեր բուծելու նախատիպ հենց Հայաստանում ենք ունեցել, չմոռանանք որդան կարմիրը, թեպետ որպես ներկանյութ, բայց որքան տարածված և կատարյալ էր այն, իհարկե ցավոք անկում ապրեց մեզ մոտ այդ գործընթացը»,-ասում է Աստղիկ Սարգսյանը։

Կարի արտադրանքի գծով ինժեներ-տեխնոլոգ Աստղիկ Սարգսյանի խոսքով բնական մանրաթելը, ինչպես օրինակ սարդի ոստայնաթելն է, դժվար է ներկել վառ գույնով։ Այժմ արտադրվող ներկանյութերը չեն կարողանում ոստայնի թելերի բաղադարություն պարունակող հագուստներին տալ վառ գույներ։ Այստեղ էլ բանալին բնության մեջ է, զարգացած տեխնոլոգիական դարում անգամ գույն հաղորդելը կենդանի արարածների մոտ ավելի լավ է ստացվում։

Գլուխ 2

«Կենդանի գույներ»

Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ hայկական ներկ։ Որդան կարմիրը Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է։ Ապրում է աղուտներում-, որտեղ կան կերային բույսեր։ Բուսակերը, օլիգոֆագ տեսակ է, որը սնվում է միայն երկու տեսակի բույսերով՝ որդանախոտով և եղեգով։ Որդից ստացվող կարմիր գույնը պայմանավորված է օրգանիզմում կարմինի առկայությամբ։ 

Բնության պահպանության միջազգային միության ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Այնուամենայնիվ, սա պատմական այն ներկանյութն է, որով հնարավոր է եղել ներկել բնական մանրաթելը՝ տալով դրան վառ երանգ։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի դասախոս, «Մարոնյան» fashion studio-ի տնօրեն, հագուստի մոդելավորող, դիզայներ Հռիփսիմե Մարոնյան․

Որդան կարմիր

«Գույները բնական մանրաթելերը բարդ են վերցնում, օրինակ եթե բամբակը բնական ներկով ներկենք, միևնույն է պահպանելու է պաստելային երանգ։ Այս տեսանկյունից իհարկե անգերազանցելի է հայկական որդան կարմիրը, որը, որքանով ես տեղյակ եմ, կարծես թե մատենադարանում փորձեր են արվում վերականգնելու, ստանալու»,-ասում է Հռիփսիմե Մարոնյանը։

Սարդոստայնի բնական մանրաթելին արտադրական ճանապարհով վառ գույներ հաղորդել չկարողանալու այլընտրանքը դրանց ամուր կառուցվածքը ռազմական հագուստ, ավելի կոնկրետ՝ զրահաբաճկոնների արտադրության մեջ կիրառությամբ է մարդն այսպես ասած փոխարինում։ Կենսաբան Նորայր Գաբրիելյանի խոսքով սարդերի ոստայնաթելի բաղադրությամբ մանրաթելերն արդյունաբերական արտադրության բերելը կարող է մեծ օգուտներ տալ մարդկությանը․ սարդերի շարքում կան այնպիսի՝ հիմնականում գիշատիչ տեսակներ, որոնց ոստայնը անգերազանցելի ամուր է, ասում է կենսաբանը․

«Հետաքրքիր մանրաթելերով սարդոստայն են ստեղծում օրինակ Արանեյդայե ընտանիքին պատկանող սարդերը, նշեմ, որ գիշատիչ կարգի են պատկանում այս սարդերը։ Արանեյդայե ընտանիքին պատկանող սարդերը (Araneidae) արտադրում են յոթ տեսակի ոստայնաթել։ Դրանցից ամենապինդը բամբակից թեթև է, սակայն ավելի պինդ է, քան նույն հաստության պողպատալարը։ Օրինակ՝ եթե մարդը կարողանար 1 սանտիմետր հաստություն ունեցող մետաքսաթելով գործել ֆուտբոլի դաշտի չափ մի ցանց, որի թելերը իրարից հեռու են 4 սանտիմետրով, ապա այն կկանգնեցներ հսկա օդանավը թռիչքի ընթացքում։ Սարդերը այդ ոստայնաթելը կարող են արտադրել սենյակային ջերմաստիճանում՝ որպես լուծիչ օգտագործելով ջուրը»,-ասում է Նորայր Գաբրիելյանը։

Back to top button