ԿարևորՄիջազգային

Որտե՞ղ են ապաստանում փախստական դարձած ուկրաինահայերը. նրանց վերաբերյալ թվային տվյալներ դեռ չկան

Ռուս–ուկրաինական պատերազմի 27–րդ օրը դեռ չկան թվեր, թե քանի հայ է լքել Ուկրաինան կամ քանիսն են վերադարձել Հայաստան։ Տվյալներ ունեն միայն առանձին եվրոպահայ համայնքային կառույցներ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ ուկրաինացի փախստականների թիվը 3.5 միլիոն է։ Միայն Լեհաստանում ապաստանած ուկրաինացիների թիվը հատել է 2 միլիոնը, ինչը մայրաքաղաք Վարշավայի բնակչությունից ավելին է՝ հայտարարել է Լեհաստանի պետական սահմանային ծառայությունը։ Հայ համայնքներից «Ռադիոլուր»–ին փոխանցել են՝ Ուկրաինայից հեռացած հայերը հիմնականում արևմտյան Եվրոպա, մասնավորապես, Գերմանիա են տեղափոխվում։

«Ես արդեն Գերմանիայում եմ, հարսս՝ երեխաների հետ, Լեհաստանում։ Մի տղաս Լվովում է, քանի որ Ուկրաինայի քաղաքացի է ու ընտանիքի հետ դուրս գալ չկարողացավ, մյուս տղաս էլ Խարկովում է մնացել․ հրաժարվեց տունը թողնել ու դուրս գալ»,– Խարկովի բնակչուհի տիկին Մարինան պատմում է՝ Ուկրաինայի պատերազմը ստիպեց իր ամբողջ ընտանիքին ապաստան փնտրել Եվրոպայով մեկ։ Դեռ օրեր առաջ Մարինան «Ռադիոլուր»–ին պատմել էր․ մեքենայով դուրս են եկել  Խարկովից ու 4-5 օր ճանապարհ անցնելուց հետո միայն հասել են Ուկրաինայի արևմուտք։

Պատերազմի 27-րդ օրը Ուկրաինայից մարդկանց հոսքը շարունակվում է։ Երկիրը լքող հայերի թիվը ճշտելու հարցով Ուկրաինայի հայերի միությունը դիմել է երկրի սահմանապահներին, որոնք աշխատում են ծանրաբեռնված՝ 24-ժամյա ռեժիմով: Հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է` քանի որ մարդկանց հոսքը մեծ է, անկանոն և տարբեր ուղղություններով, չեն կարողանում հայերի մասին լիարժեք թվային տվյալներ հավաքել։ Նախքան պատերազմը, տեղի հայերի միության տյալներով,  Ուկրաինայում ապրում էր շուրջ 350 հազար հայ։

Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է՝ ունի տեղեկություններ, որ Լեհաստան  տեղափոխված հայերի թիվը մի քանի հազար է։

«Ճիշտն ասած՝ Լեհաստանը երևի ամենամեծ օգնությունն է տալիս ուկրաինացի փախստականներին։ Այստեղ նրանք հնարավորություն ունեն 15 օրում օրինականացնել իրենց Լեհաստանում գտնվելը, աշխատանք գտնել և մնալ այստեղ։ Նշանակություն չունi՝ ով ինչ ազգ է․  չեք պատկերացնի ինչ մեծ սիրով ու ջերմությամբ են լեհերը բոլորին օգնում»,– ասում է Արտյոմ Պետրոսյանը։

Գրեթե մեկ ամիս ձգվող ռուս–ուկրաինական պատերազմի ընթացքում ավելի քան 1000 հայ Ուկրաինայից տեղափոխվել է Մոլդովա։ Մոլդավայում ՀՀ պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանն ասում է՝ դիմել են սահմանապահներին ավելի կոնկրետ թվեր ստանալու համար։ Պատմում է՝ եթե առաջին օրերին 24 ժամ դիմավորում և տեղավորում էին փախստական հայրենակիցներին, ապա այսօր արդեն Ուկրաինայից հայերի հոսքը դեպի Մոլդովա գրեթե դադարել է։

«Նույնիսկ մի 10 ընտանիք արդեն վերադարձել են Ուկրաինա, մյուսներն էլ, որոնք դեռ այստեղ են, հիմնականում ցանկանում են վերադառնալ, իսկ մյուս մասն էլ արդեն վաղուց դեպի Եվրոպա, մասնավորապես, դեպի Գերմանիա են գնացել։ Մոտ 20-30 հոգի էլ ունենք, որոնք ուզում են Հայաստան վերադառնալ։ Ուկրաինացիներն էլ այստեղ չեն մնում, էլի գնում են Եվրոպա»։

Թաթուլ Դավոյանը պատմում է՝ Մոլդովան տարբերություններ չի դնում, թե  փախստականները որ երկրի քաղաքացիներ են․ հնարավորություններն ու իրավունքները երկրի ներսում բոլորի համար նույնն են։

«Ես գիտեմ հայ ընտանիքների, որոնք արդեն 15 օրից ավելի է՝ Մոլդովայում են։ Մոլդովան որևէ խնդիր չի դնում երկիրը լքելու՝ անկախ նրանից, թե որ ազգից են․ բոլորին շատ լավ ընդունում են»,– ասում է Թաթուլ Դավոյանը։

«Ռադիոլուր»–ը պատերազմի սկզբից ամենօրյա ռեժիմով լուսաբանում է տեղահանված ուկրաինահայերի խնդիրները, և կարող ենք արձանագրել, միակ երկիրը, որն ունի հստակ թվային տվյալներ Ուկրաինայից հեռացած հայերի մասին, Սլովակիան է։ Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է՝ փետրվարի 24-ից հետո Սլովակիա է տեղափոխվել Հայաստանի 260 քաղաքացի։ Պատմում է՝ առհասարակ վերջին օրերին փախստականների հոսքը նվազել է, սահմանային անցակետերում արդեն հերթեր չկան․

«Այդ 260 քաղաքացիների զգալի մասը արդեն Սլովակիայում չեն․ մեծ մասը տեղափոխվել է արևմտյան Եվրոպա։ Իսկ նրանք, ովքեր մնացել են, հիմնականում աշխատանք են փնտրում, որ կարողանան աշխատել, վարձատրվել։ Բայց բացի դրանից, իրենք ստանում են ամսական 67 եվրո նպաստ։ Սլովակիան նաև կացարան, բժշկական անվճար ծառայություններ է տրամադրում»,– ասում է Սլովակիայում ՀՀ պատվո հյուպատոսը։

Եթե Սլովակիա տեղափոխված ՀՀ քաղաքացիները ունեն Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամ, ապա Սլովակիան, ինչպես Ուկրաինայի քաղաքացիներին, նրանց ևս տալիս է երկրում, առայժմ մինչև 2022թ դեկտերմբերի 31–ը, ապրելու իրավունք։

«Իսկ մյուս ՀՀ քաղաքացիները, որոնք միայնակ են, կարող են երկրում մնալ մինչև 90 օր, այդ 3 ամսվա ընթացքում փորձելով վերադառնալ հայրենիք։ Ունենք նաև 5 դեպք, երբ ՀՀ քաղաքացիները դիմել են Սլովակիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Իրենց հայտերը հիմա դիտարկվում են»,– մանրամասնում է Բագրատ Հակոբյանը։

Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Ռադիոլուր»–ին փոխանցում են՝ այս պահին չունեն թիվ, թե քանի հայ է լքել Ուկրաինան, քանիսն է վերադարձել Հայաստան։ Այստեղ գիտեն, թե քանի ուկրաինահայ է դիմել գրասենյակ՝  ավելի քան 100։

Նախօրեին Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը էլ հայտնել էր, որ դեսպանատան տվյալներով Հայաստան են վերադարձել շուրջ 4000 Ուկրաինայի քաղաքացիներ, մեծ մասամբ՝ հայեր։

Back to top button