ԿարևորՔաղաքական

Կրկին Մոսկվա և Բրյուսե՞լ․ «գազային ճնշում»՝ միջազգային հանդիպումներից առաջ

Վերականգնումից  ընդամենը 2 օր անց Արցախում գազի մատակարարումը դարձյալ ընդհատվել է։ «Վթարված» գազատարը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում է,  ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս վերանորոգել այն։ 11 օր խափանված գազամատակարարումը վերականգնումից մի քանի օր անց կրկին դադարեցվել է։ Արցախի իշխանությունները վստահեցնում են՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարի վրա փական է տեղադրվել։

Հայկական կողմն իրավիճակը բնորոշում է  «գազային տեռոր», «հումանիտար ահաբեկչություն» ձևակերպումներով։ Շատերը սա ծրագրված քաղաքականություն են համարում ՝ Ադրբեջանի քայլերը կապելով առաջիկա հնարավոր հանդիպումների հետ։  

Ապրիլին Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։ Նախաձեռնությունը Եվրոպական Միությանն է։ Տեղեկությունը ԱԺ–ի միջանցքներում սկսեց շրջանառվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստից հետո։

Պաշտոնական հաղորդագրությունները հուշում են նաև ժամկետների մասին։ Եթե առաջնորդվենք նախորդ հանդիպման տրամաբանությամբ, ապա կվերհիշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մինչև 2021–ի դեկտեմբերին Բրյուսելում հանդիպելը, նախ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում հանդիպեցին ՌԴ նախագահի հետ: Այս տարվա ապրիլի 9–ին Մոսկվայում  Փաշինյանի և Պուտինի արդեն հաստատված հանդիպում կա։ Ընդդիմադիր գործիչները  Արցախում՝ Ադրբեջանի ջանքերով ստեղծված հումանիտար աղետի և միջազգային հանդիպումների միջև կապեր տեսնում են։ Անգամ օգտագործում են «գազային ճնշում» ձևակերպումը։ Այդ կապը քաղաքագետ Թևան Պողոսյանի համար ակնհայտ է․

«Ադրբեջանը հստակ ծրագրված քաղաքականությամբ է գնում։ Գազատարը պայթեցնելը, դրա վրա փական դնելը քաղաքականության մի մասն է, որովհետև այդ գազատարով ինքն այսօր արցախցիների հետ չի խոսում, իրենց համար արցախցիներ չկան։ Դրանով այսօր Ադրբեջանը խոսում է Ռուսաստանի և Հայաստանի հետ։ Իրենց ճնշումն է»։

Պաշտոնական հանդիպումների փորձն և ընթացիկ զարգացումները հաշվի առնելով՝ ընդդիմադիր պատգամավորները խոսում են սեղանին դրված հնարավոր փաստաթղթի մասին։ Ենթադրությունները «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աննա Գրիգորյանինն են, ասում է՝ հնարավոր փաստաթուղթը պետք է դիտարկել Բաքվի 5 կետանոց առաջարկի համատեքստում․  

«Հաշվի առնելով, որ առաջիկայում սպասվում են բանակցություններ, և հաշվի առնելով, որ Ադրբեջանը նման շարունակական ճնշման քաղաքականության է դիմում, կարելի է ենթադրել, որ ինչպես նախկին բոլոր բանակցություններից առաջ էր տարբեր փաստաթղթի հարց քննարկվում, այնպես էլ  հիմա չի բացառվում, որ կարող է և նաև փաստաթղթի ստորագրման մասին խոսք գնալ»։  

«Գազային ճնշումը», որը Ադրբեջանը կիրառում է Արցախում, Հայաստանի և Արցախի օմբուդսմենները անվանել են «մանր վերժխնդրության գործիք»։ Միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում հստակ ներկայացրել են, որ պետական ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Թվիթերի իր միկրոբլոգում ուղիղ դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ վերջինին հարցներով՝ արդյո՞ք դեռ հետաքրքրված է մարդու իրավունքների հարցերով։

Միջազգային հանրությանն է դիմում նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը․

«Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն: Մենք, իհարկե, առաջին հերթին Արցախի իշխանությունների ու ռուս խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով, զբաղվում ենք այս խնդրով ու շարունակելու ենք զբաղվել, սակայն ես պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը։ Սա բացառապես հումանիտար հարց է և հրավիրում եմ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը այս հարցին»։

Արցախում հումանիտար ճգնաժամի հարցը նաև  ընդդիմության նախաձեռնած հրատապ քննարկման առանցքում էր։ Խորհրդարանական մեծամասնությունը շահագրռգռված էր և համաձայնեց ընդդիմադիր երկու խմբակցությությունների նախաձեռնությանը։ Բովանդակային քննարկում ապահովելու համար խորհրդարան գնացել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Թեև ընդդիմադիրները հրապարակային քննարկում էին ակնկալում, բայց նիստն ընթացավ փակ ռեժիմով։ Որոշումը հիմնավորում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․

«Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին և Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք մենք չենք կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել հասկանալի պատճառներով»։

Քննարկումից հետո Արցախի վերաբերյալ ընդդիմության նախագծի քվեարկությանը խորհրդարանական մեծամասնությունը չմասնակցեց՝ հիմնավորելով, որ փաստաթղթում ներկայացված անհրաժեշտ քայլերը իշխանությունն առանց հայտարարությունների էլ կատարում է։

Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների. երեկվանից այս հարցի պատասխանն է փնտրում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա օգտագործել է «հումանիտար ահաբեկչություն» ձևակերպումը․

«Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախում ապրող մարդկանց կյանքը դժվարացնի: Միջազգային հանրությունը պետք է խստիվ դատապարտի ադրբեջանական վարքն ընդդեմ խաղաղ բնակչության, իսկ Ռուսաստանը, որի խաղաղապահների հեղինակության հետ են խաղում և առանց գազ թողնում, հստակ հետևություններ անի` Ադրբեջանի հետ վերջերս կնքած 43 կետանոց «դաշնակցային» հռչակագրի համատեքստում»:

Ադրբեջանն ինքն իր դեմ է աշխատում՝ համոզված է Մարուքյանը, որովհետև ամեն բան անում է, որ միջազգային հանրությանն ապացուցի՝ իր կողմից երբեք չեն կարող հարգվել կամ առավել ևս ապահովվել Արցախի բնակչության անգամ տարրական իրավունքները։

Back to top button