ԿարևորՀասարակություն

Կլուծի՞ առատ ձյունը ոռոգման ջրի խնդիրը․ պարզ կլինի ամռանը

Եթե Հայաստանում տեղումները շարունակվեն, ապա այս տարի գյուղացին, գուցե, ոռոգման ջրի խնդիր չունենա՝ այս մասին «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը։ Նրա դիտարկմամբ, այս պահին ձյան շերտը բավականին բարձր է, ուստի, հույս ունեն, որ 2022թվականին ոռոգման ջրի մեծ խնդիրներ գյուղացին չի ունենա, եթե իհարկե, բնությունն էլ բարեհաճ լինի։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում վերականգնվող ջրային պաշարները կազմում են 5․7 մլրդ խորանարդ մետր։ 16 մլրդ խորանարդ մետրը ձևավորվում է տեղումների միջոցով, մոտ 1․2 մլրդ խորանարդ մետր ջրի մի մասը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, դուրս է գալիս երկրից, մյուս մասն էլ գոլորշանում է։

Կարեն Դաղբաշյանը կարևորում է գլոբալ տաքացմամբ պայմանավորված ջրի աճող պահանջարկի խնդիրը։ Բացատրում է՝ տարբեր հատվածներում, այդ թվում՝ Արարատյան դաշտավայրում, ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում կա,  ինչն էլ թույլ չի տալիս, որ բույսի ստորգետնյա սնուցում իրականացվի, ուստի բույսի վերգետնյա ջրի պահանջարկը կրկնակի ավելացել է։ Որպես իրավիճակի լուծում՝ առաջարկում է տվյալ տարածքի համար ճիշտ մշակաբույսի ընտրություն, և նոր միայն ոռոգման համակարգերի ներդրում։ Սա հնարավորություն կտա արդեն իսկ գոլորշիացման ցածր մակարդակով ու բույսի արմատին տրվող ջրով կորուստի նվազեցում իրականացնել։

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ կառավարությունը մինչև հինգ տարի ժամկետով ոռոգման ջրի վճարից ազատել է այն գյուղացիներին, որոնք մինչև 3 հա հողատարածք ունեն ու ներդրել են ոռոգման կաթիլային համակարգ։ Վստահեցնում է՝ ջրօգտագործող ընկերություններին հրահանգվել է գյուղացիներին իրազեկել այս մասին։ Անդրադառնալով հարցին՝ նախատեսվո՞ւմ է 2022–ին ոռոգման ջրի վճարի փոփոխություն, թե՞ ոչ՝ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալն ասում է՝ քննարկում են, բայց հազիվ թե 2022–ին փոփոխություն լինի։ Կարեն Դաղբաշյանը հիշեցնում է նաև ոռոգման ջրի սուբիսդավորման մասին՝  մեկ խորանարդ մետր ջրի արժեքը մոտ 24 դրամ  է, որի 11 դրամը վճարում է գյուղացին, մնացածը՝ սուբիսդավորում է կառավարությունը։ 

Մարտի 21–ի դիտարկմամբ, հանրապետության խոշոր ջրամբարներում 248 մլն խորանարդ մետր կուտակված  ջուր կա, որը 40 մլն խորանարդ մետրով պակաս է 2021–ի ցուցանիշից։

Back to top button