ԿարևորՀասարակություն

Դեֆիցիտ և գնի բարձրացում․ փորձագետները՝ անասնաքանակի կրճատման հետևանքների մասին

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 559 հազար 627 է`  2021-ի 613 հազար 413-ի համեմատ։ Մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավորների գլխաքանակը պակասել է 53 հազար 786-ով: Սրանք վիճակագրական կոմիտեի տվյալներն են։ Անասնագլխաքանակի կտրուկ կրճատումը, ըստ փորձագետների, պայմանավորված է ոլորտի ենթակառուցվածքների ոչ նպատակային օգտագործմամբ, ըստ ֆերմերների ՝ պետական ոչ նպատակային քաղաքականությամբ։

Խրախուսել արոտավայրերն օգտագործող ֆերմերին, բարձրացնել կերարտադրության մակարդակը, բարձր բերքատու կերային մշակաբույսեր աճեցնել և բարձր մթերատու կենդանիներ բուծել. անասնապահության ոլորտում քայլերի այս հաջորդականության դեպքում միայն կկարողանանք հասնել  արդյունքի` ասում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փորձագետ Աշոտ Հովհաննիսյանը։ Անասնագլխաքանակի նվազումը, ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի, պայմանավորված է անասնակերի խնդրով։ Մեկ միլիոն հեկտարից  ավելի արոտավայրերը, 100 հազար հեկտարից  ավելի խոտհարքերը ռացիոնալ չեն օգտագործվում` ասում է․

«Սյունիքում, Շիրակում, Գեղարքունիքում արոտավայրերի կեսից ավելին չի օգտագործվում, միայն 35-40 տոկոսն է օգտագործվում։ Արոտների կեսի ոչ նպատակային օգտագործումը պայմանավորված է համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ։ Չկան ճանապարհներ, կենդանիների համար ջրի, պատսպարանների խնդիր կա, չկան սպասարկող անձնակազմի համար քիչ թե շատ բավարար պայմաններ»։

Ոլորտի մասնագետը, որը ժամանակին գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետն էր, նշում է, որ պետությունը նպատակային քաղաքականություն չի վարում արոտավայրերը լիարժեք օգտագործելու համար․

«Անցյալ տարի երաշտ էր, նորմալ անասնակեր չկուտակվեց, բացի դրանից՝ որոշ տարածքներ անցան թշնամու վերահսկողության տակ։ Գյուղացին կանգնած է երկընտրանքի առաջ։ Արոտային շրջանը դեռ չսկսված՝ ֆերմերների մի մասն արդեն կերի պաշարի պակաս ունի, նման իրավիճակում մտածում են կենդանիները վաճառելու կամ հարկադիր մորթ իրականացնելու մասին»։

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը կարծիքով՝ պետությունը դեռ անցյալ տարվա աշնանից պետք է հոգար խտացված կերերով ֆերմերին աջակցելու մասին, որպեսզի անասնագլխաքանակը ձմեռային շրջանից բնականոն անցներ արոտային փուլի․

«Առաջիկայում շատ ավելի լուրջ խնդրի հետ ենք բախվելու։ Մինչև արոտային շրջանի սկսվելը անասնագլխաքանակի մի մասը ֆերմերները կվաճառեն կամ կիրացնեն, արոտաշրջանի սկսելուց հետո անասունները կտեղափոխվեն արոտավայրեր, այս ընթացքում մսի մորթ չի լինի, և բնակչությունը կբախվի մսի դեֆիցիտի հետ։  Տավարի մսի գինը մայիսից հունիս կտրուկ կաճի, նույնը թերևս կլինի ոչխարի մսի դեպքում։ Եթե պետությունը լուրջ քայլեր չձեռնարկի, ապա խնդիրը շատ ավելի է բարդանալու»։

Անասնագլխաքանակի, մսամթերքի խնդրի մասին է բարձրաձայնում նաև ֆերմեր Հարություն Մնացականյանը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում  նա պարզաբանել էր, որ անասնաբույծ ֆերմերները և թռչնաբույծները ֆինանսական խնդիրների պատճառով երկարաժամկետ կտրվածքով կեր չեն կուտակում, ըստ Մնացականյանի` ողջ տարվա համար նման ծավալի պաշար կուտակելը մեծ բեռ է․

«Հայաստանը տարեկան ՌԴ-ից ներմուծում է 150-160 հազար տոննայից ավելի անասնակեր՝ եգիպտացորեն, գարի, ֆուրաժային ցորեն։ Եթե ՌԴ-ն առաջիկայում  որոշակի լիցենզիաներ չտա, ապա Հայաստանում անասունների մորթ կսկսվի, կլինի անասունների եւ թռչունների գլխաքանակի մեծ անկում, որն ավելի բացասական հետևանքներ է ունենալու, քան հացի կարճաժամկետ խնդիրը»:

«Ռադիոլուր»-ի զրուցակից ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փորձագետ Աշոտ Հովհաննիսյանը, խոսելով մսի հնարավոր դեֆիցիտի մասին, հիշեցնում է` թռչնամսի մոտավորապես երկու երրորդը ներկրում ենք, տեղական արտադրության թռնամիսը բավարարում է պահանջարկի  30-35 տոկոսը։ Ամեն տարի ներկրում ենք  7.5-8 հազար տոննա տավարի միս, նույն քանակությամբ նաև խոզի միս ենք ներկրում։ Ինքնաբավության մակարդակը ապահովվում է միայն ոչխարի մսի մասով, մսամթերքի մյուս տեսակների առումով ունենք դեֆիցիտ` ասում է փորձագետը։     

Որպես լուծում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փորձագետը դիտարկում է գյուղացուն խրախուսելու տարբերակը, դրանցից մեկը մայրական գլխաքանակի համար պետության կողմից որոշակի հավելավճար հատկացնելն է․

«Օրինակ՝ եթե ֆերմերը նախորդ տարվա համեմատությամբ ավելացրել է անասնագլխաքանակը հինգով կամ տասով, ապա յուրաքանչյուր կովի համար վճարվեր հարյուր դոլար, նույն մեխանիզմը կիրառվեր նաև  մայրական կազմի ոչխարների համար։ Ավելացված գլխաքանակի համար պետությունը հավելավճար հատկացներ, սուբսիդավորեր։ Ընդհանրապես , նորմալ երկրներում պետությունը հոգում է ֆերմերների ծախսերը` վարկային գծեր են բացվում  ցարծ տոկոսադրույքով։ Պետությունը պետք է կարիքավոր տնտեսություններին շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար վարկեր տրամադրի շատ ցածր տոկոսներով, նույնիսկ անտոկոս»։

Փորձագետները միակարծիք են` պարենային անվտանգության խնդրին չբախվելու միակ ճանապարհը գյուղատնտեսական ցանքատարածությունները և հատկապես կերահանդակներն արդյունավետ օգտագործելն է․

«Բնատնտեսական պայմանները հնարավորություն տալիս են , որ գլխաքանակը ավելացվի, սակայն ներուժը չի օգտագործվում։ Գյուղացին մատնված է անտարբերության և չունենալով հնարավորություն մինչև  ձմեռացման ավարտը կենդանին պահելու՝ ստիպված վաճառոււմ կամ իրացնում է այն։ Մեր ֆերմերները աշխատող են, պարզապես պետք է պետական աջակցություն խնդիրները լուծելու համար»։     

Մասնագետները վստահ են` անասնաբուծության ապագան ժամանակակից տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցած տոհմային տավարաբուծական ֆերմաները զարգացնելն է,  եվրոպական առաջատար անասնապահական ֆերմաների մոդելով։

Back to top button