ԿարևորՀասարակություն

ԱԹՍ դասընթացներ՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մարտի 3-ապրիլի 6 իրականացվում են առցանց ԱԹՍ դասընթացներ 10-18 տարեկան պատանիների համար։ Մասնակցության 514 հայտերից ընտրվել է 57 երեխա, ովքեր այժմ մասնակցում են դասընթացներին։

ԱԹՍ դասընթացի արդյունքում երեխաները ծանոթանում են ԱԹՍ բաղկացուցիչ մասերին և շահագործման կանոններին, ուսումնասիրում ԱԹՍ-ն շահագործման նախապատրաստելու  գործընթացը, ինչպես նաև նման սարքերի սպասարկման առանձնահատկությունները։

«Դասընթացը կազմակերպելիս հաշվի ենք առել այն բացերը, որ նկատելի էին նախորդ տարվա սեպտեմբերին՝ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթի ընթացքում։ Ուստի ընտրեցինք համապատասխան թեմաներ՝ տվյալ դասընթացն առավել արդյունավետ դարձնելու և երեխաներին գալիք ԱԹՍ մրցույթին նախապատրաստելու համար»,-նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։ 

Դասընթացի շրջանակներում կազմակերպվելու է երկու այց՝ դեպի Երևան (մարտի 25-27) և Գյումրի (ապրիլի 3), որոնց ընթացքում երեխաները կայցելեն ԱԹՍ արտադրող ընկերություններ և ավիամոդելավորման խմբակներ։ Գյումրի կատարվելիք այցի ժամանակ նրանց կտրվի առաջադրանք իրենց ձեռքերով պատրաստելու ԱԹՍ՝ մեկամսյա դասերի արդյունքում իրենց ստացած գիտելիքով։ Հաղթողին սպասվում է անակնկալ նվեր, իսկ բոլոր մասնակիցներին կտրվի դասընթացի մասնակցությունը փաստող հավաստագիր։

2021 թվականի սեպտեմբերի 18-ին Լոռու Լեռնապատ գյուղում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվեց «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը, որի նպատակն էր մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։

Կարդացեք նաև
Close
Back to top button