Վերնատուն

Նորը կստեղծվի շնորհիվ հարմոնիայի, ոչ թե էգոյի․ «Վերնատուն»

Կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի «Հայկական սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությամբ մարտի 23-ին մեկնարկելու է հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։

«Հայկական սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունը գրվել է երեք տարում։ Վեց մասից կազմված ստեղծագործությունը սկսվում է «Պարի ծնունդով» և ավարտվում է «Քոչարիով»։ «Հայ ժողովրդի պատմությունը փորձեցի ացկացնել այս ստեղծագործության միջով – ասում է Մարտին Ուլիխանյանը։

«Պատմություն ասելով, նկատի ունեմ մեր հոգևոր, մեր ինքնության պատմությունը։ Ինչ-որ տեղ սխալ է, որ գրել եմ այս ստեղծագործությունը, որովհետև պարի մեջ յուրաքանչյուր շարժում իր հստակ նշանակությունն ունի, եթե ես ձեռք եմ տալիս՝ խախտում եմ նրա հարմոնիան», –նշում է կոմպոզիտորը։

Ուլիխանյանն ասում է, որ կոմպոզիտորական փառատոններն ամբողջ աշխարհում շատ քիչ են, որ հիմա անցողիկ ժամանակաշրջանում ենք ապրում, և միայն մեծ փոփոխությունների արդյունքում կարող է մի նոր բան ստեղծվել։ Արդյո՞ք ավարտվել է «մեծ կոմպոզիտորների դարաշրջանը»։

Մարտին Ուլիխանյանը պատասխանում է․ «Նախկինում կոմպոզիտորը մշակութային երևույթ էր, հիմա դարձել է նախագիծ իրականացնող թիմի անդամ, դա լուրջ, կոնցեպտուալ փոփոխություն է։ Միկրոֆոնի ստեղծմանը զուգահեռ երաժշտություն գրելու արվեստը սկսեց անկում ապրել, կարևորությունը պակասեց։

Օրինակ՝ Ռոմանտիզմի ժամանակաշրջանում կոմպոզիտորը արքա էր, եկավ ժամանակ, որ կոմպոզիտորը սկսեց ծառայել եկեղեցուն։ Կոմպոզիտորներն այսօր չպիտի փորձեն ինչ որ բան ապացուցել, իրենք պարզապես պետք է ծառայեն այդ գործին»։

«Յուրաքանչյուր ստեղծագործող պետք է ձգտի հարմոնիայի՝ իր երկրի, իր շրջապատի, իր ստեղծած երաժշտության հետ։ Ինձ թվում է՝ եթե յուրաքանչյուրը մտածի հարմոնիայից ելնելով և ոչ իր էգոյից, մենք կհասցնենք տեսնել այն նորը, որը դեռ պիտի ստեղծվի», – ասում է կոմպոզիտորը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը տեղի կունենա մարտի 23-ին՝ 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Back to top button