ԿարևորՔաղաքական

Ընդդիմադիրներն ուզում են, որ վարչապետն ու ԱԳ նախարարն ավելի հաճախ խորհրդարան գան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել, որում քննարկման է ներկայացրել հեղինակած նախագծերից մեկը։ Դրանով ընդդիմադիրներն առաջարկում են ԱԺ կանոնակարգում ամրագրել, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս, իսկ հանրապետության վարչապետը՝ երկու անգամ պետք է զեկույց  ներկայացնեն խորհրդարանին Հայաստանի  անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները լսումներին չեն մասնակցել՝ խոստանալով դիրքորոշում հայտնել, երբ այն քննարկվի գլխադասային հանձնաժողովում։

Խորհրդարանական ընդդիմությունը չի մոռանում, թե ինչի համար է եկել խորհրդարան, բայց կարևորում է նաև  Ազգային ժողովի  աշխատանքը կանոնակարգող օրենսդրական նախաձեռնությունները։ Դրանցից մեկը «Պատիվ ունեմ» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել վերջերս։ Առաջարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում ամրագրել, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս անգամ, իսկ հանրապետության վարչապետը՝ երկու անգամ Ազգային ժողով պետք է ներկայացնեն  ներկայացնում զեկույց՝ Հայաստանի անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ:

Ըստ նախագծի՝ այդ զեկույցները պետք է քննարկվեն  իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ փակ ձևաչափով, առանց որեւէ փաստաթղթի ընդունման։ Պատգամավորների մեկ քառորդի պահանջով դրանք մեկամսյա ժամկետում կարող են  լսվել նաև Ազգային ժողովի հերթական նիստերում։

Նախագծի հեղինակ Հայկ Մամիջանյան․

«Այդ զեկույցներն ստանալուց հետո, Ազգային ժողովի պատգամավորների 25 տոկոսի ստորագրությամբ նշված պաշտոնյաները հրավիրվելու են Ազգային ժողով՝ փակ նիստում զեկուցելու և հարցերին պատասխանելու համար»։

Ընդդիմադիրների հիմնավորմամբ՝ նախաձեռնության  նպատակը խորհրդարանի վերահսկողական գործառույթն ուժեղացնելն է և կառավարության հաշվետվողականությունը մեծացնելը։  

Խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում օրենսդիր մարմինը չի կարող կարևորագույն որոշումների կայացման գործընթացից դուրս մնալ և լուսանցքում հայտնվել՝ ասում է նախագծի հեղինակը և հավելում, որ այս պրակտիկան ընդունված է աշխարհի շատ երկրներում։ 

«Այս լուծումը տրված է մի շարք երկրներում տարբեր երկրներում դրա համար նախատեսված են այս կամ այն գործիքներ։ Մենք հնարավորություն ենք ընձեռել, որպեսզի զեկույցի ներկայացումը տեղի ունենա կա՛մ պրոֆիլային հանձնաժողովի նիստում, կա՛մ ԱԺ-ի լիագումար նիստում»։

Նախագծի հեղինակները չեն թաքցնում, որ նախաձեռնության առիթը նաև պատերազմից հետո ձևավորված բարդ  իրավիճակն է և դրա հետևանքով անվտանգային լուրջ մարտահրավերները։ Այս համատեքստում է հարցը դիտարկում նաև նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես նոր եմ վերադարձել Ֆրանսիայից, որտեղ ամեն մի փողոցում կպցված էր տաբլո՝ «օգնել Ուկրաինայի հումանիտար ճգնաժամին»։ Եվ երբ իրենց պաշտոնյաների հետ խնդիր ես բարձրացնում՝ «իսկ դուք ինչու՞ էիք լռում, երբ Արցախում օգտագործում էին քիմիական զենք, սպիտակ ռումբ», նրանք՝ բոլորը, ոչինչ չտեսնող հայացքով նայում էին քեզ»։

Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի երրորդ հիմնական նիստին ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները  հրատապ քննարկում են նախաձեռնել  Արցախում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով:  Ընդդիմությունը հայտարարության ընդունում է ակնկալում, նաև կարևորում այդ քննարկմանը արտգործնախարարի և վարչապետի մասնակցությունը։

Back to top button