ԿարևորՔաղաքական

Արցախի հարցը չի կարող Ադրբեջանի ներքին գործ համարվել․ վերլուծաբանները՝ Շուշիի միջոցառմանը ՄԱԿ–ի մասնակցության մասին

Հայաստանի ու Արցախ արտգործնախարարությունները բողոքի նոտաներ են հղել ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին՝ Շուշիում Ադրբեջանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար։  Չի ուշացել Բաքվի կոշտ արձագանքը՝ Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու հորդորով։

Վերլուծաբանները կարծում են, որ հայկական կողմը պետք է ավելի հստակ դիրքորոշումներով ներկայացնի խնդիրը։ Ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ–ի ներկայացուցիչների այցը Շուշի ադրբեջանական օկուպացիան ընդունելու քայլ են համարում ։

Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտներն արժեքային խայտառակ ճգնաժամի մեջ են՝ ֆեյսբուքյան գրառմամբ այսպես է արձագանքել ՄԱԿ–ի  մարմինների ներկայացուցիչների Շուշի կատարած այցելությանը հատուկ հանձնարարություններով նորանշանակ դեսպան Էդմոն Մարուքյանը։  Նրա գնահատմամբ՝ առավել մտահոգիչն այդ միջոցառումը  Արցախում գազամատակարարման «ճգնաժամի» ֆոնին անցկացնելն էր.

«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդը՝ որպես բարձրագույն արժեք, իրավունքի գերակայությունն ու այլ արժեքները մնացել են հետին պլանում: Հին աշխարհակարգը վաղուց իրեն սպառել է, իսկ նորն էլ չի ստեղծվել, երևացող ստեղծվողն էլ շատ ավելի վտանգավոր դրսևորումներ ունի և բոլորովին այլ համակարգ է: Հետևաբար, այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլևս չկա»,– գրել է Էդմոն Մարուքյանը:

Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 30-ամյակի առթիվ մարտի 18-ին Շուշիում  կազմակերպված միջոցառմանը կառույցի պաշտոնական ներկայացուցիչների  մասնակցությունը դժգոհություն է առաջացրել ՀՀ եւ Արցախի ԱԳՆ–ներում։

Հայաստանում ՄԱԿ–ի համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիանը հրավիրվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել, նշվել է, որ պաշտոնական Երեւանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ՄԱԿ–ից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։

Վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում հստակ շեշտադրումների կարիք կա։ Հայկական կողմը պետք է շեշտի՝ միջազգային կառույցներից ներկայացուցիչների այցերը խնդրահարույց են, քանի դեռ  լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը.

«Մեր բողոքի նոտան պետք է շատ ավելի հստակ շեշտադրումներ ունենա, քանի որ, տեսեք, Բաքուն հայտարարեց, թե դա իրենց ներքին գործն է, եւ որ իբր ՀՀ չպետք է խառնվի իր ներքին գործերին, այսինքն՝ Ադրբեջանը հայտարարեց, որ Արցախի հարցը իրենց ներքին գործն է։ ՀՀ պետական մակարդակով պետք է շեշտը դներ ոչ թե Շուշիի մշակութային արժեքների եւ այլնի, այլ այն հարցի վրա, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը որոշված չէ, այդ խնդիրը միջազգային կոնֆլիկտ է, եւ ոչ թե Ադրբեջանի ներքին գործ, հետեւաբար ՄԱԿ–ը իր այդ քայլով դեմ է գնում նրան, որ դա միջազգային կոնֆլիկտ է։  Միջազգային հանրությունը ասում է, որ այդ խնդիրը կարգավորված չէ, գոյություն ունի կարգավիճակի հարց»։

Արցախյան խնդիրը միջազգային կոնֆլիկտ է,  եւ միայն Ադրբեջանի ներքին հարցը համարվել չի կարող՝ հստակեցում է վերլուծաբանն ու հուշում՝ սա  պաշտոնական Երեւանը ոչ միայն  Բաքվին, այլև միջազգային կառույցներին պետք է հասկացնի։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի դիտարկմամբ՝  ՄԱԿ–ի ներկայացուցիչների այցը Շուշի ադրբեջանական օկուպացիան ընդունելու քայլ է.

«Իր ներկայությամբ, փաստորեն, ՄԱԿ–ն արդարացնում է Շուշի քաղաքի օկուպացիան ադրբեջանական զորքերի կողմից, քանի որ այդ քաղաքում ապրում էին խաղաղ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ եւ օգտագործել իրենց գույքը, այդ թվում եւ կրոնական պաշտամունքի առարկաներ։ Այսինքն՝ ՄԱԿ–ն անտեսում է, որ Շուշիի բնակիչների համար քաղաքը համարվում է օկուպացված  այլ ոչ թե ազատագրված»։

Ավելի քան մեկ տարի է հայկական կողմն ահազանգում է ՄԱԿ-ին կից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ադրբեջանական սպառնալիքների մասին։ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պատերազմի ընթացքում երկու անգամ հրթիռակոծության ենթարկվեց, իսկ վերջերս Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ փոխվեց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը, հանվեցին հայկական եկեղեցու գմբեթները: Մինչև այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները տարածաշրջան չեն այցելել՝ իրավիճակին ծանոթանալու համար, փոխարենը արդեն եղել են  Շուշիում Ադրբեջանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար՝ նկատում են փորձագետները։

Կարդացեք նաև
Close
Back to top button