ԿարևորՔաղաքական

Արտգործնախարարը՝ Ազգային ժողովում․ քննարկման առանցքում եղել են Արցախն ու հայ-թուրքական հարաբերությունները

Այս շաբաթ Աժ–ի լիագումար նիստում ներկայացվելու է կառավարության հնգամյա ծրագրի առաջին տարվա՝ 2021–ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը։ Նախատեսվում է, որ հաշվետվությունների օրը, բացի նախարարներից, խորհրդարան կգնա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախորդ շաբաթվանից զեկույցը, ըստ ոլորտների, քննարկվում է խորհրդարանի  գլխադասային հանձնաժողովներում։ Իսկ այսօր Ազգային ժողով էր եկել արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Մինչ ԱԺ գնալը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսով զրուցել է պաշտոնակցի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Ռուս–ուկրաինական լարվածության ֆոնին Հայաստանի զգուշավոր կեցվածքը, Միրզոյանի խոսքով՝ ընկալելի է Ռուսաստանի համար, ռուսական կողմի հետ ամեն ինչ կարգին է՝ հստակեցրել է։

Միրզոյանը Լավրովին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Այս ամենին վերաբերող հարց արտգործնախարարին ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Արարատ Միրզոյանը պատգամավորի խոսքում հեգնական վերաբերմունք զգաց․

«Ինձ թվաց՝ մի քիչ հեգնական եք խոսում խորը և համապարփակ խաղաղության պայմանագրի մասին։ Ուզում եմ ասել, անշուշտ՝ պայմանագիրը չէր ՄԽ մանդատը։ Բանակցությունները դեռ չեն սկսվել, մենք դիմել ենք առաջարկով՝ սկսելու բովանդակային բանակցություններ միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի հիման վրա։ Երբ կսկսեն և որոշակի ընթացք կունենան, այդ ժամանակ կարող եք հարցեր ուղղել՝ այս կամ այն հարցը քննարկվո՞ւմ, թե՞ ոչ»։  

Այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորները հստակեցում են պահանջում կոնկրետ ԼՂ կարգավիճակին առնչվող հարցում։ Այն բաղադրիչ է ոչ միայն դեռ գոյություն չունեցող «խաղաղության պայմանագրի», այլև՝ օրակարգային հարց է ՄԽ–ի ձևաչափում ու կառավարության հնգամյա ծրագրում։

«Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ՝ մեկ տարի առաջ փոխարտգործնախարարի հետ հանդիպմանը ԱԺ-ում արվել է հստակ առաջարկ, որը մերժվել է․

«Ես իրեն ասացի, որ մենք ունենք հնարավորություն ստեղծված իրավիճակում ակտիվացնել Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացը՝ հիմնվելով «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի վրա։ Ինձ հավաստիացրեցին, որ հենց այդ ուղղությամբ էլ աշխատանքները տարվում են։ Այս կատարողականի մեջ որևէ արձագանք այդ առումով չկա»։  

Ըստ ընդդիմադիրների՝ Արցախում հայաթափում կլինի, եթե անտեսվի հետևյալ 3 գործոններից մեկը․ դա կարգավիճակն է, անկլավությունը և անվտանգության միասնական համակարգը։

«Դուք կարո՞ղ եք հստակ հայտարարել, որ մենք բանակցությունների մեջ մտել ենք՝ բացառելու Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում»։

Հայաստանի արտգործնախարարի պատասխանը կարճ մերժում կամ հաստատում չէր․

«Դուք ներկայացնում եք ձեր կուսակցության պատկերացումները։ Այն կուսակցությունը, որը ես եմ ներկայացնում, բազմիցս հանդես է եկել իր պատկերացումներով, ընդ որում, հանդես է եկել նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդ պատկերացումները խարսխված են տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և կայուն զարգացում ապահովելու ուղենիշի վրա։ Դրա կարևորագույն մաս է ԼՂ շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը, Հայաստան և Ադրբեջանի միջև համապարփակ պայմանագրի բանակցումը և հետո կնքումը։ Մեր համար սկզբունքային և առանցքային  է արցախահայության իրավունքների և ԼՂ կարգավիճակի հարցը»։

Ընդդիմադիր պատգամավորները որքան էլ ջանացին և փորձեցին արտգործնախարար Արարատ Միրզոյանից ստանալ իրենց ակնկալած ուղիղ պատասխանը, չստացվեց։ Այնուամենայնիվ, պատգամավոր Արեգնազ Մանուկյանը առաջարկեց արձանագրել։

«Այս իշխանությունը խուսափում  է և որևէ կերպ հստակ չի հայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Այս հարցին՝ պայմանավորված բովանդակությամբ, Արարատ Միրզոյանը հարկ չհամարեց մեկնաբանել, բայց գնահատեց Բաքվի 5 սկզբունքները․  

«Մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկություններում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան, որ այդ առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան–Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը, և մեր պատասխանները եկել են լրացնելու և ամբողջացնելու այս օրակարգը»։

Հարաբերությունների կարգավորման մյուս՝ հայ–թուրքական ուղղությունը ամփոփվում է Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո։ Ըստ Արարատ Միրզոյանի՝ ինքն այդ հարթակում Չավուշօղլուին ժպտացել է այնքան, որքան տարիներ առաջ՝ «ֆուտբոլային դիվանագիտության» մասնակիցները։

«Առանձնապես չէի ժպտում, այդտեղ, կարծում եմ, նույնիսկ համեմատության եզրեր չկան»։  

Ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակականությունը։ Վերահաստատել են, որ պատրաստ են առանց նախապայմանների շարժվել առաջ և, ինչպես Միրզոյանն է ասում․ «պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»։

Back to top button