Ծովահայեր

«Գեղանուշն» այդպես էլ Սևանի ռազմածովային նավատորմիղի մաս չդարձավ․«Ծովահայեր»

Սևանա լճի վրա թնդանոթներով զինված նավակների տեսարան մեր օրերում դժվար է պատկերացնել, պատմական որևէ լուսանկար գտնելն էլ դյուրին գործ չէ։ Պահպանվել են միայն հիշողություններ՝ որոշ նոթագրերում ու ականատեսների հետնորդների մտապատկերում։ ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանն այդ օրերի պատմություններից դրվագներ է մտաբերում, այդ օրերին գավառապետ հորեղբայրը՝ Տիգրան Ամսեյանը կամ, կեղծանուններից մեկով,  Ծամհուրն է եղել գործուն կերպարներից մեկը։

«Պետք է փորձեին ժողովրդին համախմբել, պահել, մանավանդ, որ Սևանի արևելյան ափից Կովկասի թաթարներն անընդհատ գնդակոծում էին հայաբնակ արևելյան ափերը, մեծ վնաս էին հասցնում գյուղերին, նույնիսկ ձկնորսություն չէին կարողանում անել մեր բնակիչները։ Ձնկորսությունը մեր բնակիչների ապրուստի միակ միջոցն էր։ Վտանգը և՛ ռազմական էր, և՛ տնտեսական։

Ծամհուրն այդ ժամանակ մի այսպիսի բան մտածեց, երբ որ 1918-ին Բեսարաբիայից Հայաստան հրավիրվեց դարամագետ Թումանյանը, հայկական դրամները մշակելու, նրա հետ եկավ որդին, որը ռազմածովային քոլեջ էր ավարտել։ Ծամհուրն էլ մտածեց օգտագործել երիտասարդի ռազմածովային կրթությունը և միասին որոշեցին նավատորմիղ ստեղծել։ Ճիշտ է, դա մի քիչ բարձր է հնչում, բայց պետք է այդպես ասենք։ Փոքր նավակներ պատրաստեցին, նավակների վրա դրեցին գնդացիրներ, իհարկե, ոչ ռազմածովային նշանակության, այլ՝ բանակից բերեցին գնդացիրներն, ամրացրեցին նավակեների վրա և շարժվեցին դեպի արևելյան ափ։

Լուսանկարը՝ «ՀԻՆ ՍԵՎԱՆ» էջից

Սկսեցին գնդակոծել արևելյան՝ ժամանակավորապես թաթարներով բնակեցված ափը և դրանով լռեցրին նրանց ոտնձգությունները։ Մեր ժողովուրդն այդ շրջանում կարողացավ շունչ քաշել։ Եթե կարդում ենք գրականությունը՝ Խատիսյան, Վրացյան և մյուսներ, այդտեղ նշվում է, թե ժողովրդի համար ինչպիսի շահեկան գործողություններ էին։ Այդ դեպքերից հետո Սիմոն Վրացյանը Ծամհուրին կատակով նավպետ Սեյմուր անվանեց»։

Պատմության էջը մեկ դար շրջելով՝ բացվում են պատմական ոչ վաղ անցյալի այն էջերը որոնք, կարծես թե ստվերում են մնացել։

Պատմական այդ շրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումներ էին, ու Հայաստանը քաղաքական ու ազգային շահերի բախման բեմահարթակ էր։

Պատմությունը կարծես ընտրողաբար է հիշում պատմական դեպքերն ու գործող դեմքերին, փոխարենը՝ ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանն է լավ հիշում հորեղբոր՝ Տիգրան Ամսեյանի կամ Ծամհուրի անցած ուղին։

Տիգրան Ծամհուր

Ծամհուրի երազանքներից մեկն էր Սևանա լիճ հասցնել «Сeстрица Нюша», (որոշ աղբյուրներում՝ «Сeстрица Ксюша») նավը, ինչը պատմական դեպքերի բերումով հայտնվել էր Շախտախտի կայարանում, հետո՝ անվանակոչվել «Գեղանուշ»։

«Գեղանուշն» այդպես էլ Հայկական առաջին ռազմածովային նավատորմիղի մաս չկազմեց։ Հայաստանի ազգային արխիվում պահպանված փաստաթղթերում նույնպես հնարավոր չեղավ գտնել Ծամհուրի անունը։ Արխիվում պահպանվածը «Աշոտ երկաթ» ռազմականացված նավի ու նավատորմիղի անձնակազմի մասին է միայն։

Լուսանկարը՝ «ՀԻՆ ՍԵՎԱՆ» էջից

Սևանի ստորջրյա ուսումնասիրություններն ապագայում միգուցե նոր լույս սփռեն պատմական ոչ վաղ անցյալի մոռացված էջերին։

Back to top button