Մտքի ուժը

Թուլություն, առիթմիա, հանկարծամահություն․ հայ գիտնականներն ուսումնասիրում են Covid-ի ազդեցությունը․ «Մտքի ուժը»

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտի Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիայում  ուսումնասիրում են, թե ինչպե՞ս է կորոնավիրուսն անդրադարձել Քովիդով վարակվածների սիրտ-անոթային համակարգի վրա։

Ավելի գիտական ձևակերպմամբ՝ հետազոտում են Քովիդի անդրադարձը օրգանիզմի հարմարողական մեխանիզմների վրա՝ վարակվելուց հետո։ Համաձայն գրականության տվյալների՝ թույլ արտահայտված ախտանշաններով կամ նույնիսկ ասիմպտոմ հիվանդների օրգանիզմում, 6-12 ամիսների ընթացքում սիրտ-անոթային համակարգի բազմաթիվ խանգարումներ են ի հայտ գալիս՝ առիթմիաներից, տախիկարդիաներից մինչև  հանկարծամահություն․

«Քրոնիկ ու ուղեկցող հիվանդություն ունեցողների մոտ սրտանոթային համակարգի խանգարումները ավելի շուտ են արտահայտվում, իսկ առողջ մարդկանց մոտ, Քովիդի ազդեցությունը բնական է, որ վերականգնողական փուլի ավելի ուշ շրջանում է արտահայտվում»։  

ԵՊՀ կենսաաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի   ամբիոնի դոցենտ Էմմա Գևորգյանն ասում է՝ հետազոտում են պարզելու համար, թե ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել սրտի ռիթմի կարգավորման նյարդային մեխանիզմների ակտիվության գործընթացում։ Ներկա պահին վերլուծվում են Քովիդով վարակված 24 ուսանողի, 12 դասախոսի, ևս 20 Քովիդով չվարակված ուսանողների տվյալները։ էմմա Գևորգյանն ասում է․

«Երևի բոլորս լսել ենք՝ տարածված էր, որ երիտասարդների վրա չի անդրադառնում։ Շատ հնարավոր է, որ հիվանդության ընթացքում չանդրադառնա, բայց հետքովիդային շրջանում բոլորը բողոքում են սիրտ–անոթային համակարգին բնորոշ խանգարումների ախտանշաններից»։

Էմմա Գևորգյանն

Բոլոր հետազոտվողները ենթարկվում են նույն ֆիզիկական ծանրաբեռնվածությանը՝ հեծանվավազքաչափի վրա։ Հայտնի է, որ հեծանվավազքաչափը ադեկտվատ գրգռիչ է սրտանոթային համակարգի համար։ Սրտի ֆունկցիոնալ վիճակը գնահատվում է ոչ թե ըստ էլեկտրասրտագրի, որը գրանցվում է հանգստի ժամանակ, այլ որևէ ծանրաբեռնվածությունից հետո։   

«Բոլոր կարդիոլոգիական կլինիկաներում որպես ծանրաբեռնվածություն հիմնականում այս եղանակն է օգտագործվում։ Գրանցում ենք նրանց տարիքը, քաշը, հասակը։ Նրանք երրորդ աստիճանի հզորության պայմաններում հինգ րոպե աշխատում են հեծանվավազքաչափի վրա, որից անմիջապես հետո գրանցում ենք էլեկտրասրտագիրը և վերլուծում ցուցանիշերը։ Գրանցում են էլեկտրոսրտագիրը նորմայում և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից անմիջապես հետո»։

Նույն ամբիոնի գիտաշխատող Մարիետա Կարապետյանը Քովիդով վարակվել է 2020-ի սեպտեմբերին։ Պատմում է՝ վիճակը ծանր չէր, բայց հիվանդանոցային բուժում է ստացել։ Տիկին Մարիետայի մոտ Քովիդի հետևանքներն ավելի սարսափելի էին, քան՝ բուն  հիվանդությունը։ Ու քանի որ նաև երկրորդ անգամ Օմիկրոն շտամով է վարակվել, գիտնականը համեմատելով նկարագրում է երկուսի ընթացքն էլ․

«Բարձր ջերմություն ու շնչարգելություն չունեի, բուժում եմ ստացել։ Բայց սարսափելին բուժվելուց հետո էր։ Շարժվելու դժվարություն ունեի, թույլ էի, ամենաակնհայտը՝ հոգեբանական շեղումներ։ Դառնում ես ավելի ագրեսիվ, ամեն ինչ զայրացնում է։ Այդ ախտանշանները տևեցին մի քանի ամիս։ Դրանից հետո հիվանդացա արդեն Օմիկրոնով՝ բարձր ջերմություն ունեի, բայց ամենաշատը առիթմիան է ինձ անհանգստացնում։ Այս պահին էլ ունեմ։ Շատ տհաճ զգացողություն է։ Նոր շտամից հետո թուլություն չունեի, բայց առիթմիա ունեմ։ Գլխումս անծանոթ աղմուկ կա, մարմնիս մեջ՝ տագնապ ունեմ։ Ամենաուժեղ ախտանշանը մեջքի անտանելի ցավն է»։

Հունվարից սկսած հետազոտությունն անցկացվում է ամբիոնում, այստեղ գիտական աշխատանքի համար ամեն ինչ կա՝ հեծանվավազքաչափի վրա հինգ րոպե քայլում են հետազոտվողները, ապա տվյալները գրանցում են  համակարգչի վրա, հաշվարկում, վերլուծում արդյունքները։ Որոշ նախնական տվյալներ արդեն ունեն՝ Քովիդը հետքովիդային շրջանի 6-12 ամսվա ընթացքում ազդում է սրտանոթային համակարգի վրա՝ ասում է Գևորգյանը․

«Նկատել ենք, որ նույնիսկ այդ կարճատև ծանրաբեռնվածությունը շատ դժվարությամբ է հաղթահարվում։ Առաջին հերթին բարձրանում է սրտի կծկումների հաճախությունը, ապա նաև՝ սրտի աշխատանքի լարվածությունը։ Կարող ենք ասել, որ Քովիդն իսկապես անդրադառնում է սրտանոթային համակարգի վրա. սա ուսանողների մոտ։ Իսկ դասախոսների մոտ անգամ մինչև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելի արտահայտված փոփոխություններ են դիտվում։ Արյան ճնշումը տատանվում է, բայց ի տարբերություն առողջների՝ Քովիդից հետո դիաստոլային ճնշումը իջնում է։ Սա անոթների ախտահարման մասին է խոսում»։  

Մարիետա Կարապետյան

Էմմա Գևորգյանը նույնպես հետազոտվել է։ Նախապես գրանցում են, հետո միայն սկսում հետազոտությունը։  

«Ես ասիմպտոմ եմ տարել Քովիդը, սակայն նույն այդ փոփոխություններն ինձ մոտ էլ են ի հայտ եկել հետքովիդային շրջանում։ Երբևիցե առիթմիա չեմ ունեցել, սակայն հիմա ժամանակ առ ժամանակ ունենում եմ»։

Այս վիրուսով հիվանդանալիս՝ որպես հետևանք, շնչահեղձություն ունենում են անգամ առողջ մարդիկ։ Թե ապաքինվածների քանի տոկոսն է ունենում առիթմիա ու ոչ միայն առիթմիա, պարզ կդառնա հետազոտությունը ավարտելուց հետո, այժմ սակայն, պարզ է, որ հիմնական մասի մոտ արձանագրվում են սրտանոթային խնդիրներ։     

Վերջնական արդյունքներ ստանալուց հետո հնարավոր է կապացուցեն այն, ինչը համաշխարհային գիտական գրականության մեջ վերջին շրջանում հաճախ են քննարկում։ Միայն թե գիտական այս խմբում, փորձում են համոզվել արդեն սեփական հետազոտություններով․

«Քովիդը սրտանոթային համակարգի վրա անդրադառնում է վերականգնողական շրջանում և նշանակություն չունի՝ որ տարիքային խմբում է գտնվում վարակվածը»։  

Անգամ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութերի հայտնագործման և ներդրման ֆոնին, համավարակի հետ կապված իրավիճակը առայժմ կոտրել չի հաջողվում։ Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները։ Մինչ գիտնականները դեռ  հետազոտություններ են անցկացնում, ԱՀԿ-ն արդեն Օմիկրոնի 4 ենթաշտամ է մշտադիտարկում։

Նախնական փուլում ըստ փորձագետների գնահատականի՝  գերակշռում էր BA.1 ենթաշտամը, բայց  քանի որ  BA.2 ենթաշտամն ավելի վարակիչ է, ուստի ակնկալվում է, որ ապագայում հենց այն կարող է կազմել կորոնավիրուսային դեպքերի աճող մասնաբաժինը։

Back to top button