ԿարևորՄշակույթ

Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում ավազանկարչության կենտրոն է բացվել

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում նախօրեին բացվել է «Sand Planet» ավազանկարչության կենտրոնը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի հիմնադիր Հասմիկ Արզանյանը նշել է, որ ավազաթերապիան երեխաների ինքնաարտահայտման միջոց է, ակտիվացնում է հիշողությունը, նպաստում անհատականացման գործընթացին, երեխային ստեղծագործ է դարձնում, զարգացնում մանր մոտորիկան, տարածական, մաթեմատիկական մտածողությունը, վերացնում է վախը, բացասական հույզերը։

«Հետպատերազմական Արցախում մեր երեխաները նման կենտրոնի կարիք ունեն, քանի որ պատերազմի ընթացքում տեսել եմ իմ և այլ երեխաների հոգեհուզական վիճակի փոփոխությունները. նրանց մոտ նկատվում էր ագրեսիա, անքնություն և այլ սթրեսային վիճակներ: Ծանոթացա տարբեր սոցիալական ծրագրերի և նախընտրեցի արտ-թերապիան: Քանի որ այն բազմաճյուղ է, որոշեցի սկզբնական շրջանում Արցախ բերել ավազաթերապիան: Այս գաղափարը և’ նորարար էր, և’ Արցախի բալիկների համար շատ անհրաժեշտ, քանի որ ավազաթերապիայի միջոցով կարողանում ենք դրականորեն ներազդել երեխաների հուզական աշխարհի վրա: Պարապմունքները լինելու են անհատական և խմբակային: Ի սկզբանե ծրագիրը նախատեսված էր երեխաների համար, սակայն մեծահասակները և հղիները նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացներին»,- ասել է Հ.Արզանյանը:

«Sand Planet» զարգացման և արտ-թերապիայի կենտրոն ՍՁ գաղափարը «Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն Արցախում» ծրագրի շրջանակներում ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանի կողմից ֆինանսավորում է ստացել, ինչի շնորհիվ էլ ավազանկարչության սեղաններ է ձեռք բերել կենտրոնի համար: ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ողջունելի համարեց նման կենտրոնի բացումը` հույս հայտնելով, որ այն Արցախի երեխաների համար կլինի ամեն լավագույնի սկիզբը:

«Այսօր մենք տեսանք, որ Արցախը միայն բառերի երկիր չէ: Արցախը արարելու, ստեղծագործելու, ապրելու և հարատևելու երկիր է: Թող խաղաղություն իշխի մեր հայրենիքում, թող մեր երեխաները այլևս երբեք պատերազմ չտեսնեն»,- ասել է Ա. Հակոբյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button