Հասարակություն

Պարարտանյո՞ւթ, թե՞ գոմաղբ. պետությունը կաջակցի պարարտանյութերի ձեռք բերմանը

Արմավիրի մարզում սկսվել է պետության կողմից սուբսիդավորվող պարարտանյութերի ձեռք բերման  ցուցակագրումը: Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունը վճարելու է մինչև 3 հա հողօգտագործողների պարարտանյութի գնի 50 տոկոսը, բայց  ոչ ավելի, քան 9000 դրամ՝ 1 պարկի դիմաց:  Ծրագրին մասնակցող շահառուները համայնքապետարաններ պետք է դիմեն  մինչև մարտի 21-ը, իսկ պարարտանյութերի վաճառքի վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

Դեռ 2 ամիս առաջ հողագործները պարարտանյութի գնի եռակի թանկացումից  մտահոգվեցին.  բարձրորակ բերք չեն ունենա, իսկ հողն ուժազրկված է ու պարարտացման կարիք  ունի: Թանկացումները բուռն քննարկումների առիթ դարձան, գյուղացիները վրդովվեցին, բայց չհուսահատվեցին.  շարունակելու են զբաղվել հողօգտագործմամբ, հողը պարապ չեն թողնելու: Այս կարծիքին է նաև զրուցակիցս, որը չցանկացավ ներկայանալ։ Նա ծիրանի այգիներ ու վարելող է մշակում.

 «Ուզեմ թե չուզեմ, հողը պետք է մշակեմ: Ծախս եմ արել՝ արդեն վարել եմ, լոլիկի սերմ  եմ ձեռք բերել: Հողերին պարարտանյութ տալիս եմ: Անցած տարի 1 պարկ պարարտանյութն արժեր 7000-9000 դրամ, հիմա ՝ 18000-20000 դրամ: Այդ գնով ազոտական պարարտանյութը մեզ ձեռք չի տալիս, որ գնենք ու տանք այգիներին: Ստիպված եկամուտից պիտի զրկվենք, բանկերի պարտքը չկարողանանք վճարել: Չգիտեմ՝ պետությունը պետք է մի լուրջ բան մտածի,  ֆինանսավորի  գյուղատնտեսությունը»:

Պետության աջակցությունը չուշացավ. Կառավարությունը սուբսիդավորելու է մինչև 3 հա հողատարածքների համար անհրաժեշտ  պարարտանյութի գնի  50 տոկոսը՝ 50կգ-ոց մեկ պարկի դիմաց  նախատեսելով 9000 դրամ: Արմավիրի մարզում  արդեն սկսվել է պարարտանյութերի   ցուցակագրման  գործընթացը: Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրի ղեկավար Սահականուշ Արոյանն ասում է՝ սուբսիադավորված պարարտանյութ գնել ցանկացողները շատ են։

«Մինչև 3 հա հող ունեցողներին են հիմնականում տալու: 1 հա-ի հաշվարկով տրամադրվում է 500 կգ ազոտական պարարտանյութ, 400 կգ՝  ֆոսֆորական  և 300 կգ՝ կալիումական  պարարտանյութ: Գյուղացիները հիմնականում հերթագրվում են  ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար: Գինը դեռ հայտնի չի, ուղղակի 50 տոկոսը պետությունն է սուբսիդավորելու, բայց  9000  դրամի չափով»:

Խանջյան գյուղի վարչական ղեկավարի խոսքերով 600 հա գյուղատնտեսական նշանակության հողերից  400 հեկտարը մշակվում է, 30-ը չի մշակվում սեփականատերերի բացակայության և ոռոգման ջրի խնդրի պատճառով, սակայն կան նաև գյուղացիներ, որոնք պարարտանյութ գնելու   հնարավորություն չունեն: 

-Ռադիոլուր․ Եթե պարատանյութ  չեն գնում  և գումար չունեն՝ հողը չե՞ն մշակելու, թե այլ միջոցներ կկիրառեն։

-Սահականուշ ԱրոյանԱյլ միջոցներ կկիրառեն կամ հողը չեն պարարտացնի:

Մյասնիկյան գյուղից Հասմիկ Հակոբյանը հողը պարարտացնելու իր տարբերակն ունի. արդեն 20 տարի  թռչնաղբ է օգտագործում, հումքը սեփական հավաբնից է,  իսկ ազոտական պարարտանյութ անհամեմատ ավելի քիչ է բույսերին տալիս, արդյունքից չի դժգոհում:.

«Թռչնաղբը թրջեցի, թողեցի 3 օր, 4-րդ օրը հողը ջրեցի ու վերջում լցրեցի օրգանական պարարտանյութն ու ոռոգման ջուրը կտրեցի: Թռչնաղբը ներծծվում է հողի մեջ ու լավ սնուցում»:

Հողի հետ երկար տարիներ աշխատելով հարսատցրել է գյուղատնտեսական  գիտելիքները, ասում է՝ հողի լեզուն եթե չհասկանաս, լավ բերք չես ստանա: Հասմիկը բանջարեղենին  թունաքիմիկատներ չի սրսկում, պայքարի իր միջոցներն ունի:

«Թութունն ու կիրն իրար խառնեցի, քամեցի ու սրսկեցի բույսերին. և՛ էկոլոգիապես մաքուր է, և՛ մշակաբույսը պահպանեց, պղպեղն անվնաս մնաց»:

Հասմիկ Հակոբյանն այս տարի ձեռք է բերել ևս 1 հա հողամաս՝ կես հեկտարի վրա դեղձի ու ծիրանի տնկիներ է հիմնելու, բայց մինչև տնկին ծառ կդառնա, հողատարածքում  բանջարեղեն կմշակի:  Դեռ մեկ ամիս առաջ մի քանի բեռնատար գոմաղբ է գնել: Հողի պարարտացման վերաբերյալ գյուղացիների կարծիքները տարբեր են: Առանց պարարտանյութի խոշոր բերք չենք ստանա՝ ասում է առաջին զրուցակիցս. 

«Ապրանքային տեսք էլ չի ունենա, որ կարողանանք նորմալ գնով  վաճառել ու եկամուտ ստանալ: Բնականաբար՝ կալիումական, ֆոսֆորական, ազոտական պարարտանյութերի խառնուրդները շատ ավելի արդյունավետ են: Ծառն ու բնությունն է դա պահանջում, մարդիկ իզուր  չեն ստեղծել պարարտանյութերը»:

Սուբսիդավորվող պարարտանյութերի հերթագրումն ավարտվում է մարտի 21-ին, որից հետո պարզ կդառնա, թե մատակարարներն ինչ գին են առաջարկելու:  Երեք հեկտարից ավելի հող ունեցողները նույնպես  կօգտվեն պետության աջակցությունից, բայց մինչև 3 հա-ի  համար, իսկ տարբերությունը վճարելու են պարարտանյութի շուկայական արժեքով:  Արմավիրի մարզում շատ են խոշոր հողօգտագործողները, որոնք  դեռ ներդրումներ են անում ու չեն հասցրել համտեսել առաջին բարը, քիչ չեն նաև անմշակ հողերը: Թե թանկացումներից հետո հողերի մշակման ինչպիսի քարտեզ կունենա Արմավիրի մարզը, ավելի հստակ կլինի 2 ամսից:

Back to top button