ԿարևորՄիջազգային

Պատերազմից հետո Ուկրաինայից Մոլդովա է տեղափոխվել շուրջ 1000 հայ

Ռուս–ուկրաինական պատերազմի 23 օրերի ընթացքում ավելի քան 1000 հայ Ուկրաինայից տեղափոխվել է Մոլդովա․ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Մոլդովայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը։ Ըստ նրա՝ Մոլդովա տեղափոխվել են հիմնականում Օդեսայում ապրող հայերը։

«Առաջին օրվանից մինչև այսօր շուրջ 1000 հայ եկել է Մոլդովա, բայց հիմնական մասը այստեղից գնում է արևմտյան Եվրոպա։ Առաջին օրերին հոսքը շատ մեծ էր, օրական 200-300 զանգ էի ստանում։ Մենք հայ համայնքի ներկայացուցիչների հետ գնում էինք սահման, մնում էինք այնտեղ ու գիշեր-ցերեկ 24 ժամ ընդունում ու դիմավորում էինք հայերին»,-ասում է Թաթուլ Դավոյանը։

Թաթուլ Դավոյանը պատմում է՝  փախստականների միայն մի փոքր մասն է ցանկություն հայտնել Հայաստան վերադառնալու։ Մոլդովայում Հայաստանի պատվավոր հյուպատոսը վստահեցնում է՝ առաջին օրվանից տեղի հայ համայնքի հետ ամեն ինչ արել են՝ տեղահանված հայերին օգնելու և ապաստան տալու համար։ Շեշտում է՝ վերջին մի քանի օրերին արդեն  հայերի հոսքը դեպի Մոլդովա նվազել է։

«Հենց հիմա շուրջ 100 ընտանիք կա Մոլդովայում, որոնք սպասում են, որ վերադառնան Ուկրաինա, ո՛չ Եվրոպա են ուզում գնան, ո՛չ էլ Հայաստան, սպասում են, որ իրավիճակը կարգավորվի հետ գնան իրենց տները։ Աստված չանի, եթե Օդասայում ակտիվ կռիվներ սկսվեն, դեպի Մոլդովա հայերի հոսքը նորից կմեծանա։ Միայն Օդեսայի շրջանում շուրջ 35000 հայ է ապրում»։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը հաղորդում է, որ փետրվարի 24-ից մինչ այսօր Ուկրաինայի սահմաններից դուրս է եկել ավելի քան 3 միլիոն մարդ։ Ուկրաինացի փախստականների կեսից ավելին անցել են Լեհաստան։

Նախօրեին Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչն ու Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոսը «Ռադիոլուր»-ին ասել էին, որ իրենց երկրների հնարավորություններն էլ են սպառվում։ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանը պատմում էր՝ եթե նախկինում կարողանում էին Ուկրաինայից եկած հայերին կացարաններուվ ապահովել, ապա հիմա համայնքի օգնությունը միայն խորհրդատվական բնույթ է կրում։

Օրերս էլ Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան հայտարարել էր, որ Չեխիան այլևս չի կարող Ուկրաինայից փախստականների ընդունել։ Նրա խոսքով՝ Չեխիան ընդունել է 270 000 ուկրաինացիների, որոնք ստիպված լքել էին իրենց տները։

Ռուս–ուկրաինական պատերազմի 23-րդ օրը սկսվեց արևմտյան Ուկրաինայի Լվով քաղաքի օդանավակայանի մերձակա տարածքի հրթիրակոծման մասին լուրով։ Ուկրաինական աղբյուրները գրում էին, որ հարձակման հետևանքով ավերվել է ինքնաթիռների վերանորոգման գործարանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացնում էր, որ ռուսական օդուժը բարձր ճշգրտության հրթիռային զինատեսակներով հարվածներ է հասցրել միայն Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկայի, զենքի և զինամթերքի պահեստներին։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատմում է՝ իրավիճակը չի փոխվել նաև Ուկրաինայի արևելյան քաղաներում։

«Վերջին 2 օրվա մեջ առանձնապես փոփոխոթւոյւններ չկան, լարված իրավիճակ է։ Մարիուպոլում, Խարկովում և Կիևում ակտիվ ռմբակոծություններ են։ Կիևում ակտիվ հարավային շրջաններն են ռմբակոծվում, արդեն բնակելի շենքերին են հարվածում, խանութների և դեղորայքի հետ կապված էլ իրավիճակը նույնն է։ Մարդիկ հիմնականում կամավորների միջոցով են առևտուր անում, վառելիքի հետ էլ խնդիրներ կան»,-պատմում է Դավիթ Մկրտչյանը։

Շրջափակման և մշտական հռթիրակոծության տակ է Մարիուպոլ քաղաքը։ Ուկրաինական աղբյուրները ահազանգում են, որ ռուսական ուժերը ավերում են քաղաքը, և ռազմական գործողությունների թիրախում են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչները։ Մինչդեռ ռուսական աղբյուրները պնդում են՝ ՌԴ ԶՈւ–ը քաղաքի կենտրոնում պայքարում է ուկրաինացի ազգայնականների դեմ։ Հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ երբ քաղաքի մի հատվածում համեմատաբար անվտանգ է լինում, կրակոցներ չեն հնչում, բնակիչները փորձում են դուրս գալ՝ չիմանալով, թե երբ կսկսվի հրետակոծությունը, ողջ կմնա՞ն, թե՞ ոչ։

«Մարիուպոլի հետ կապ դեռ չենք կարողանում հաստատել։ Տարբեր օրերի տարբեր միջանցքներով, իհարկե, ոչ կազմակերպված միջանցքներով, մոտ 6000 մարդ է դուրս եկել։ Մի մասը տեղափոխվել է Զապորոժե։ Մեր տղաները այնտեղ աշխատում են ցուցակների հետ, փորձում են ճշտել՝ քանի հայ ընտռանիք է դուրս եկել, ովքեր դեռ ճանապարհին են, իրենց հետ էլ փորձել ենք կապ հաստատել։ Մի քանի ընտանիք էլ արդեն Դնեպր քաղաք են հասել»,-ասում է հայ համայնքի ներկայացուցիչը։

Մարտի 17-ին մոտ 2 հազար մարդու հաջողվել է լքել շրջափակված Մարիուպոլ քաղաքը՝ հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Մարիուպոլի ավագանու հայտարարությունում ասվում է, որ մինչ այժմ մոտ 30 հազար բնակիչ է հեռացել, սակայն ավելի քան 350 հազարը մնացել է պաշարված քաղաքում՝ առանց բավարար սննդի, ջրի կամ բժշկական պարագաների։

«Նախորդ օրերին հայտարարված հումանիտար միջանցքները, կարելի է ասել, չեն գործել։ Չերնիգովից 2 ընտանիք է դուրս եկել, Խարկովից՝ մի քանի ընտանիք»։

Հայկական սոցցանցերում առավոտյան տեղեկություն էր տարածվել՝ իբր Ուկրաինայում ադրբեջանցիները այրում են հայերի խանութներն ու տները։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասաց՝ կապի մեջ է Ուկրաինայի բոլոր շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների հետ․ նման դեպքեր, ըստ Մկրտչյանի, չեն գրանցվել։

Back to top button