ԿարևորՀասարակություն

Նարեկ Մկրտչյանը և Իրանի փոխնախագահը պայմանավորվել են հստակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրերը

Նյու Յորք կատարած այցի շրջանակում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Անսիեհ Խազալիի հետ։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ երկուստեք կարևորվել է հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրերի և նախաձեռնությունների համատեղ մշակման, փորձի փոխանակման տարբերակները։ Ըստ այդմ` քննարկվել է համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը, որով կսահմանվեն ընտանիքների տնտեսական զարգացմանն ու ապրուստի միջոցների ձեռքբերմանն, տնային փոքր և միջին տնտեսությունների ընդլայնմանն առնչվող մի շարք մանրամասներ։

Համատեղ հուշագրով կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` ընտանիքի հիմքերի ամրապնդման քաղաքականությունը, վերջինիս դերի արժևորման ուղղությամբ Իրանի և Հայաստանի հասարակությունների ընդհանրությունները շոշափելի դարձնելու ուղղությամբ։

Պայմանավորվածությունների առանցքում է եղել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների իրականացումն ու ակադեմիական շրջանակի ներգրավումը։ Կարևորվել է նաև փորձի փոխանակման և տեղայնացման դերը, մասնավորապես՝ պատերազմի մասնակիցների ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցում։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են նաև փոխադարձ այցերի կազմակերպման կարևորությունը։

Back to top button