ԿարևորՀասարակություն

Հեռավար ուսուցման հարթակ` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ

Այսօր տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը:

Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, հանրակրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համավարակի պայմաններում ակնհայտ դարձավ, որ կրթության մարտահրավերները փոխվում են, և նոր խնդիրները պահանջում են նոր լուծումներ: Նրա խոսքով` ավելի քան 1,5 մլրդ երեխա տևական ժամանակ զրկված էր կրթության շարունակականության հնարավորությունից:

«Հայաստանում երեխաները կրթական գործընթացից դուրս են մնացել 12 շաբաթով այն դեպքում, երբ ավելի բարձր համախառն արդյունք և տնտեսական զարգացած համակարգեր ունեցող երկրներում ընդհատման ցուցանիշը հասել է ավելի քան 30 շաբաթի: Եվ չնայած կրթության ընդհատման առումով Հայաստանը գտնվում է բարվոք դիրքերում, այդուհանդերձ, համավարակի պայմաններում կրթության կազմակերպման խնդիրը ծառացած էր նաև Հայաստանի հանրակրթական համակարգի առջև»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ համավարակի առաջին փուլում միջազգային կապերի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Ասիական զարգացման բանկի գործընկերների հետ քննարկվել է կրթական գործի շարունակականության ապահովման խնդիրը:

Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ համավարակի մարտահրավերներին դիմագրավելու նպատակով համատեղ նախաձեռնությամբ ստեղծված հեռավար ուսուցման հարթակն էապես կբարելավի կրթության ոլորտի զարգացման տեմպերը, ինչպես նաև դրական կանդրադառնա կրթության իրավունքի իրացման և շարունակականության իրավիճակի վրա:

Փոխնախարարը նշել է նաև, որ մինչև համավարակը ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել էր հեռավար ուսուցման փորձնական ծրագիր` հեռավոր բնակավայրերի դպրոցներում մասնագետների պակասի պատճառով որոշ առարկաների դասավանդումն ապահովելու նպատակով: Զուգահեռաբար, ‹‹Հանրակրթության մասին›› օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն` հեռավար ուսուցումը սահմանվել է որպես ուսուցման ձև, որը հեռավար ուսուցման ներդրումը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու հնարավորություն է տվել` ներառելով ուսուցիչների հմտությունների զարգացման, էլեկտրոնային բովանդակության ստեղծման և մեթոդների զարգացման խնդիրները:

Համավարակի ընթացքում ԿԳՄՍ նախարարության և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար կրթության կազմակերպման փորձը թվային գործիքների վերամշակման և արդյունավետ կիրառման առումով մի շարք խնդիրներ ի հայտ բերեց:

«Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ էապես փոխվել են ուսուցիչների թվային հմտություններն ու տեխնոլոգիական կարողությունները: Եթե 2020 թվականի սկզբին հեռավար ուսուցման տեխնոլոգիաներից օգտվող ուսուցիչներ գրեթե չկային, այսօր ուսուցիչների զգալի մասը արդեն տիրապետում է անհրաժեշտ հմտությունների նվազագույն մակարդակին, որոնք, իհարկե, շարունակական բարելավման անհրաժեշտություն ունեն: Եթե 2020 թվականի սկզբին հանրակրթության չափորոշչին համապատասխան հայալեզու էլեկտրոնային բովանդակությունը խիստ սակավ էր, այսօր արդեն մենք ունենք տարբեր առարկաներից հազարավոր տեսադասեր` նաև ժեստերի լեզվի թարգմանությամբ»,- նշել է փոխնախարարը` ավելացնելով, որ կուտակված բովանդակությունը լավ պաշար է ոչ միայն հեռավար կրթության, այլև ինքնակրթության համար: Նրա խոսքով` հեռավար կրթության շնորհիվ այսօր ուսուցիչների պակաս ունեցող ավելի քան 50 դպրոցներում ապահովվում է համապատասխան առարկաների դասավանդումը մենթոր դպրոցների ուսուցիչների միջոցով:

Թվայնացվել է նաև դպրոցների փաստաթղթաշրջանառությունը. այս տարվանից էլեկտրոնային եղանակով կտրամադրվեն նաև ավարտական փաստաթղթերը:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին ողջունել է հարթակի ստեղծումը. «ԱԶԲ-ն ուրախ է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ նորարար թվային տեխնոլոգիաների մշակման և օգտագործման միջոցով որակյալ և շարունակական կրթության հասանելիություն ապահովելու հարցում: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում կրթական ոլորտի այլ նախաձեռնություններին՝ որպես  գործընկերության ռազմավարության ուղղություն»:

Այնուհետև ‹‹Ֆյուչր Սըլուշնս›› ՀԿ-ի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են նոր հարթակի էլեկտրոնային բովանդակային մշակման աշխատանքները, ներկայացրել են հարթակի գործունեությունը` իր բաժիններով: Հեռավար ուսուցման հարթակն ունի ուսուցիչների, աշակերտների, ծնողների և դպրոցի վարչական ղեկավարության համար նախատեսված բաժիններ: Հարթակի մշակման շրջանակում կատարվել է նաև 7-9-րդ դասարանների «Քիմիա, «Ֆիզիկա», «Երկրաչափություն» և «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի թվայնացում:

Նոր հարթակի տեխնիկական սպասարկման իրականացումն Ասիական զարգացման բանկի կողմից կփոխանցվի ԿՏԱԿ-ին:

Back to top button