ԿարևորՀասարակություն

ՀայՓոստն ընդլայնում է դեղատնային ցանցը

ՀայՓոստն ընդլայնում է իր դեղատնային ցանցը: Գործարկվում է ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի երրորդ դեղատունը 0028 փոստային բաժանմունքում, հասցեն՝ Կիևյան 4:

Բացման արարողությանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Այն համայնքներում, որտեղ չկան դեղատներ, բնակիչները կարող են  պատվիրել անհրաժեշտ դեղեր կամ դեղատնային ապրանքներ՝ օգտվելով տուն առաքման ծառայությունից կամ ստանալ դրանք մոտակա փոստային բաժանմունքում, ինչը համահունչ է նաև մեր որդեգրած համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերին»:

ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը խոսքով. «Այժմ ստեղծվում է դեղատնային ցանց, որն ավելի հասանելի և հարմարավետ է դարձնում մեր ծառայությունները: Այսուհետ մեր բնակիչները կարող են այցելել ՀայՓոստ Մեդի դեղատուն, ինչպես նաև պատվիրել դեղեր տուն առաքման միջոցով: Այս գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք ցանցն ընդլայնել մարզերի ուղղությամբ: Շուտով դեղատներ կբացվեն Գյումրիում, Վանաձորում և այլ մարզկենտրոններում»:

«ՀայՓոստ Մեդը համագործակցում է դեղորայք ներմուծող խոշոր կազմակերպությունների հետ, և մենք անում ենք առավելագույնը, որ մեր դեղերը և դեղատնային ապրանքները լինեն որակյալ և մատչելի: ՀայՓոստ Մեդը ավելացնում է ոչ միայն դեղատների թիվը, այլև դեղերի և դեղատնային ապրանքների տեսականին»,- նշել է ՀայՓոստի Կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննեսյանը:

ՀայՓոստ Մեդ դեղատանը  կարելի է գտնել նաև մանկական սնունդ, կանացի հիգիենայի և խնամքի պարագաներ, կենսաբանական ակտիվ հավելումներ, բժշկական սարքավորումներ և այլն: Դեղատանը  սպասարկում են որակավորում ունեցող և բանիմաց աշխատակիցներ, ովքեր գրագետ խորհրդատվություն են տրամադրում:

ՀայՓոստը գործարկել է նաև դեղերի առաքման ծառայություն. բոլոր մարզերի բնակիչները կարող են զանգահարել 010 30 30 30 հեռախոսահամարին, պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ մոտակա փոստային բաժանմունքում կամ նշված հասցեում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀայՓոստ Մեդ դեղատունը աշխատում է ամեն օր, ժամը՝ 09:00-21:00: Նախատեսվում է առաջիկայում դեղերի առաքման ծառայությունը մատուցել նաև Երևան քաղաքում:

Back to top button