ԿարևորՀասարակություն

Հայաստանում կուսումնասիրեն ուղեղի հիվանդություններ․ նորաբաց կենտրոնի լաբորատորիան արդեն արդյունքներ ունի

Ուղեղի հիմնարար հետազոտություններ՝ Հայաստանում․ լրջագույն ակնկալիքները կապվում են ԵՊԲՀ-ում նոր բացված «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն»-ի հետ»։ Մասնագիտական դաշտում համոզված են՝ սա մրցունակ է լինելու եվրոպական լավագույն լաբորատորիաների հետ։ Լաբորատորիան, որի հիման վրա բացվել է ուղեղի հետազոտությունների կենտրոնը, արդեն գիտական կարեւոր նշանակության մի շարք ուսումնասիրություններ է արել։

Նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուսումնասիրություններին, հետազոտել բարձր որակով, ուսանողներին ներառել գիտահետազոտական աշխատանքների մեջ․ բժշկական համալսարանում ուղեղի հիմնարար հետազոտություններն արդեն հստակ անելիք են։ Բոլոր հույսերը կապվում են նորաբաց «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն»-ի հետ։ Ակնկալիքները ձեւակերպում է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը։

Օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդությունը և աուտիզմն  այսօրվա թիվ մեկ մարտահրավերներից են։ Ընդհանրապես, ուղեղի հիվանդություններով զբաղվելն առաջնահերթ է դառնում  աշխարհում, որովհետև սրանք այն ախտաբանությունն են, ուղեղն այն օրգանն է, որը մինչև հիմա այսքան ուսումնասիրելուց հետո պրակտիկորեն մնում է անբացահայտելի։ Իսկ ուղեղի հիվանդությունների մոտ 90 տոկոսը չբուժվող են։

Գիտակրթական կենտրոնը՝ նույն «Քոբրեյնը», տարիների աշխատանքի արդյունք է, դառնալու է գիտության ժամանակակից հարթակ, տարածաշրջանային կենտրոն։ Այն պատրաստ է ասպիրանտների և մագիստրոսների ընդունել նաև արտերկրից։  Դրա գիտակազմակերպչական հարցերով պատասխանատու  Մարիամ  Մովսիսյանն ասում է՝ նպատակ է նաեւ ստացված արդյունքը դարձնել պրոդուկտ։

«Քոբրեյնի» կարևոր թիրախային նպատակներից մեկը գիտության տարածումն է ու մթնոլորտի ստեղծումը, որպեսզի ավելի շատ ուսանողներ և երիտասարդներ ներգրավվեն։ Այս պահին 10-15 ուսանող ունենք, և դրան մեծ տեղ ենք տալիս, որովհետև պետք է նոր սերունդ կրթենք ու գրավիչ դարձնենք գիտությունը, որովհետև, ինչպես գիտեք, Հայաստանում այդքան շատ հետաքրքրված  չեն երիտասարդները գիտությամբ զբաղվելով, իսկ մենք կարծում ենք, որ դա  ցանկացած երկրի զարգացման ապագան է։

Կենտրոնը բացվել է նախկինում գործող լաբորատորիայի հիմքով, որը վերջին մի քանի տարում արդեն շուրջ մեկ տասնյակ հետազոտություններ է կատարել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։ Հիմնական փորձերը կենդանիների վրա են։

Փորձերից մեկն աուտիզմի մասով էր։ Մենք մարդկային աուտիզմը փորձել ենք  մոդելավորել առնետների մոտ, հետևել ենք վարքագծային փոփոխություններին, փորձել ենք հասկանալ՝ մեր մոդելն ինչքանով է մոտարկված մարդկային հիվանդությանը։ Հաջորդն Ալցհեյմերի հիվանդության մասով էր․ փորձել ենք հասկանալ, թե ուղեղում նյարդային աճի գործոններն ինչպես են աշխատում,  արձագանքում ուղեղի այս կամ այն ֆունկցիայի խափանման դեպքում։ Հետաքրքիր հետազոտություններ ենք կատարել նաև քովիդի մասով։

Ուղեղի կենտրոնում հետազոտությունները հատուկ փիլիսոփայություն ունեն՝  այնպես անել, որ ուղեղի ուսումնասիրության հայաստանյան հետազոտությունները որոշիչ դեր ունենան ու միջազգային գիտական քարտեզի վրա ընդգծեն Հայաստանի տեղը։

Back to top button