ԿարևորՀասարակություն

Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների արտադրություն՝ Հայաստանում

Հայկական Evan ընկերությունը ստեղծվել է անցած տարի, զբաղվում է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների արտադրությամբ։ Ընկերության տնօրեն, ինժեներ Հակոբ Գևորգյանի խոսքով՝  նման ընկերություն ստեղծելու գաղափարը «ծնվել է»  իրավիճակից․ էլեկտրամոբիլները Հայաստանում ավելանում են, իսկ լիցքավորիչներ չեն արտադրվում.

«Ընկերության հիմնական նպատակը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արտադրությունը զարգացնելն է  և հատկապես էլեկտրոմոբիլների  լցիքավորիչների, որպեսզի մեքենաների մասով գոնե քաղաքը դառնա էկոլոգիապես ավելի մաքուր»,-ասում է Գևորգյանը։

Evan-ը առաջին հայկական ընկերությունն է, որ արտադրում է լիցքավորման կայաններ։ Դրանցից երկուսն արդեն տեղադրվել են Երևանի ինժեներական քաղաքում։

«Լիցքավորման կայանների տեղակայման պրոցեսը դինամիկ պրոցես է լինելու։ Այս պահին շատերը դեռ տանն են լիցքավորում մեքենան, բայց պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, որ մարդը չվախենա, որ մեքենան ինչ-որ տեղ կկանգնի և լիցքավորիչ չի լինի ճանապարհին։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որովհետև Հայաստան են ներմուծվում միջին գնային սեգմենտիր մեքենաներ, որոնց լիցքավորման հնարավոր քանակը սահմանափակ է, մոտավորապես 100 կմ-ի սահմաններում և նրանց ավելի են հարկավոր լիցքավորման կայաններ, որպեսզի ազատություն  ունենան»,-նշում է Հակոբ Գևորգյանը։

Միջինում, օրինակ, 10 կմ/վատ արագությամբ էլեկտրամոբիլը լիցքավորիչից 100%-ով լիցքավորվում է 1-1,5 ժամվա ընթացքում, իսկ տանը լիցքավորելը շուրջ տասն անգամ ավելի ժամանակ է պահանջում։ «Հայաստանում մեծ տենդենց կա էլեկտրամոբիլների ներմուծման, այդ մեքենաները մի շարք առավելություններ ունեն»,-ասում է ինժեներ Հակոբ Գևորգյանը․

«Էլեկտրական մեքենաները բենզինով աշխատող մեքենաների համեմատ մեծ առավելություններ ունեն, թեպետ դեռ զարգացման փուլում են։ Էկոլոգիապես մաքուր էներգետիկայի աղբյուրից օգտվող մեքենաները շահավետ են թե բնապահպանության տեսանկյունից, թե ֆինանասական տեսանկյունից, որովհետև էլեկտրոմոբիլների պարագայում կարիք չկա մի շարք տեխնիկական հարցեր պարբերաբար լուծելու, որոնք կան օրինակ բենզինով աշխատող մեքենաների դեպքում»,-ասում է Հակոբ Գևորգյանը։

Evan-ը համագործակցում է պետական գերատեսչությունների հետ, նպատակ ունի Հայաստանում ստեղծել էլեկտրական լիցքավորիչների ցանց, ինչպես նաև հայկական տեխնոլոգիական ձեռքբերումը հանել միջազգային շուկա․

 «Տարածաշրջանում շատ քիչ արտադրողներ կան, ստարտափեր են, որ փորձեր են անում էլեկտրամոբիլի լիցքավորման սարքեր արտադրել, այդ պատճառով էլ մենք ռեալ հնարավորություններ ունենք միջազգային շուկայում հենց հայկական արտադրանք ներկայացնելու»,-նշում է Գևորգյանը։

Հակոբ Գևորգյանի կանխատեսմամբ՝ առաջիկա 10-ը տարում ոչ միայն աշխարհում, ալև Հայաստանում էլեկտրամոբիլները կգան մեծապես փոխարինելու այլ տեսակի վառելիքով աշխատող մեքենաներին։ Փորձելու են այնպես անել, որ Հայաստանում էլեկտրամոբիլ վարող վարորդն ունենա բոլոր հնարավորությունները։

Back to top button