Հասարակություն

Էդուարդ Աղաջանյանի ելույթը ՀԱՊԿ նիստում

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի առցանց նիստը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 18-ին հեռավար ձեւաչափով մասնակցել է նիստի աշխատանքներին եւ ելույթ է ունեցել «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող հանդիպման (փետրվարի 18, տեսակոնֆերանս ռեժիմ) արդյունքների եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ձմեռային նստաշրջանի (24-25 փետրվարի, 2022թ., Վիեննա) ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքների վերաբերյալ» զեկույցով: Էդուարդ Աղաջանյանը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող հանդիպումը կայացել է այս տարվա փետրվարի 18-ին տեսակոնֆերանսի միջոցով՝ ի դեմս իմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահության:

Առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչներ:

Աշխատանքային հանդիպման նպատակների առնչությամբ ես ընդգծեցի միջազգային քաղաքականության եւ անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգման կարեւորությունը, փոխօգնությունը՝ հաշվի առնելով համագործակցող ՀԱՊԿ պետությունների շահերն ու պարտավորությունները: Այս համատեքստում ուզում եմ նշել ԵԱՀԿ միջազգային ձեւաչափում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավահավասար համագործակցությունը, ԵԱՀԿ ԽՎ նիստերի առանձին հարցերի շուրջ միասնական կառուցողական դիրքորոշման մշակումը եւ հնարավոր հավաքական որոշումները:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների արտաքին հարթակներում գործողությունների համակարգման հարցերը, քննարկել 2022 թ. փետրվարի 24-25-ը կայացած ԵԱՀԿ ԽՎ 21-րդ ձմեռային նստաշրջանի հարցերը, մտքեր են փոխանակել այն նախաձեռնությունների շուրջ, որոնք իրենք մտադիր են առաջարկել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պատվիրակություններին: Լսեցինք նաեւ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինի ելույթը:

Միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեությունը համակարգելու վերաբերյալ իր ելույթում Ռուսաստանի փոխարտգործնախարարն անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության ճկուն մեխանիզմների կիրառման արդյունավետությանը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի փոխնախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավար Պետր Տոլստոյը ներկայացրել է առաջիկա նստաշրջանի թեմաների վերաբերյալ իր դիտարկումները:

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելանյութի եւ էներգետիկ համալիրի, տրանսպորտի եւ կապի մշտական հանձնաժողովի անդամ Դենիս Կարասը նշել է ԵԱՀԿ ԽՎ-ի վերաբերյալ լրացուցիչ բանաձեւի նախագծի առաջադրման ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը՝ «Թմրամիջոցների օգտագործման կանխարգելում երեխաների եւ երիտասարդների շրջանում» թեման, որը հայտարարվել է 2021 թ.:

2022թ. փետրվարի 24-25-ը Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նիստը: Օրակարգում ընդգրկված էին մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԽՎ երեք Ընդհանուր կոմիտեների հանդիպումները, ինչպես նաեւ բանավեճեր՝ «Անվտանգության երաշխիքները եւ անվտանգության անբաժանելիությունը Եվրոպայում. ԵԱՀԿ դերը» թեմայով: Խորհրդարանականներին դիմեցին ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հ. Շմիդտը, ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զ. Ռաուն, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մ. Սեդերֆելտը,  Ավստրիայի խորհրդարանի նախագահ Վ. Սոբոտկան:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Անվտանգության երաշխիքները եւ Եվրոպայում անվտանգության անբաժանելիության սկզբունքը. ԵԱՀԿ դերը», «ԵԱՀԿ տարածաշրջանում լարվածության աճը եւ միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտությունը», «Մարդկային թրաֆիքինգը տնտեսական գործունեության գլոբալացման պայմաններում», «Լրագրության դերն արդարության եւ օրենքի գերակայության ապահովման գործում» թեմաները:

ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում մասնակիցները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Back to top button