ԿարևորՀասարակություն

Ռադիոն հայրական տուն է, այստեղից չեն հեռանում․ Կլարա Թերզյան

93 տարեկանում կյանքից հեռացել է մեր ավագ գործընկեր, լրագրող, գրող հայկական ռադիոյի նվիրյալ Կլարա Թերզյանը։ Նրա ստեղծագործական ամբողջ կյանքը կապվել է հայկական ռադիոյի հետ ու գրվել ռադիոյի պատմության հետ միասին։  

Ակնարկներ, պատմվածքներ, հուշագրություններ,  կինոսցենարներ, հեռուստատեսային նախագծեր ․ սա այն հարուստ ժառանգության մի մասն է, որ Հայկական ռադիոյին նվիրաբերել է Կլարա Թերզյանը։

Նա ռադիո եկավ մեկ տարով, բայց այստեղ մնաց շուրջ 70 տարի։

Երաժշտությունը, պարը  նրա տարերքն էին։ Փոքր տարիքում Կոմիտասի ստեղծագործությունների նոտաները հենում էր ծաղկամանին, սեղանը ստեղնաշար էր դարձնում   և սկսում էր  նվագել։ Այնքան էր տարվել երաժշտությամբ, որ Զապել Եսայանը խոստացել էր իր  վեպի հոնորարից  բաժին հանել դաշնամուր  գնելու համար։

Հետո պարով տարվեց, բայց  ոտքի վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել։ Որոշեց  գիտությամբ զբաղվել, սակայն ասպիրանտուրայի քննությունից  ուշացավ ու  որոշեց  մեկ տարի հետո նորից հանձնել։ Այդ ընթացքում աշխատանքի անցավ Հանրային  ռադիոյում։ Հենց այդ օրվանից էլ նրա կենսագրությունը կապվեց ռադիոյին։

Տարիներ անց իր հարցազրույցներից մեկում Կլարա Թերզյանը խոստովանել  է՝  ռադիոն միավորեց իր բոլոր երազանքները։  

Տասնամյակներ  շարունակ Կլարա Թերզյանը  Հայկական ռադիոյով ներկայացրել է  ժամանակի  մեծերին, խնամքով պահել  Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի  հետ զրույցները ու փոխանցել սերունդներին։ 

Ասում էր՝ գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունում և արվեստ կար, և գրականություն,  և երաժշտություն։ Հետագայում հաղորդումները դարձան  գրվածքներ  ու հրատարակեցին։

Հավատն ու լեզուն, եկեղեցին ու մեսրոպատառ այբուբենը հային հայ պահեցին ՝ ասում էր տիկին Կլարան ու կրկնում՝ բոլոր ժամանակներում երկու երազանք է ունեցել։

«Մեկը, որ հայերը չթողնեն երկիրն ու չգնան։ Այն տղաները, որ զոհվեցին, մենք նրանց  արյան պատասխանը պետք է տանք, բա ոնց թողնենք, գնանք էսպես։ Եվ երկրորդը՝ ես հիացած եմ  մեր երիտասարդներով,  մեր բանակի տղաներով ու ամեն գիշեր աղոթում եմ, որ առավոտը արթնանամ ու չլսեմ, որ մեկը զոհվել է»։

1956 թվականից ռադիոյի նվիրյալը ձայնագրել է  եկեղեցական տոները,  Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի պատմական Պատարագները։ Դրանք հնչել են ռադիոյի եթերում, դրանց մասին Թերզյանը պատմել է  իր գրքերում։  

Մի առիթով  Թերզյանը ասել է, որ  ամեն առավոտ կարծես  մեկն իրեն արթնացնում էր ու ասում՝ գրի առ, որ չմոռացվի։

«Ձմեռ էր , հիշում եմ ես երկարաճիտ կոշիկներով , վերակուով,գլխարկով ես նստում էի գրասեղանի առաջ ու քանի որ սղագրել չգիտեի, բառ առ բառ մագնիտոֆոնից արտագրում էի»։

Ռադիոն հայրական տուն է՝ ասում էր Կլարա Թերզյանը, այստեղից չեն հեռանում կամ այստեղ  միշտ վերադառնում են։  

Back to top button