Գոյության ծածկագիր

Շարժումը հաշիվ է, պարը` մաթեմատիկա․ «Գոյության ծածկագիր»

Բեմում բալետ է․ հանդիսատեսը սպասում է պարողի ամենաբարձր նվաճմանը՝ էպոլման հնարքին։ Բեմում պարում են յարխուշտա` հանդիսատեսը սպասում է ձեռքերով իրար խփելու պահից ստացած էներգիային։ Պարում են հիփ-հոփ` հանդիսատեսը վայելում է ռիթմին համընթաց շարժումները։ Պարողները չա-չա-չա են մատուցում` հանդիսատեսը զգում է տակտի ու շարժումների համաչափությունը։ Եվ մինչ հանդիսատեսը գեղագիտական հաճույք է ստանում, պարողները հաշվում ու չափում են շարժումները՝ իրենց էմոցիան ամենագեղեցիկ կերպով մատուցելու համար։

«Եթե դուք պատկերացնեք, թե մի պարողը մի պարի ընթացքում ինչ հաշվարկներ է կատարում, որ կարողանա ամբողջական ներկայացնել պարը, հանդիսատեսի համար դա գեղարվեստ է, բայց չէ որ էդ պարի մեջ կան ծանր հաշվարկներ, շատ ծանր»։

Մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանի պարային կարիերայի մեկնարկը տրվեց 5 տարեկանում։ Արդեն 52 տարի պարն ամենագեղեցիկն է համարում, միևնույն ժամանակ վստահ է՝ որտեղ կա գեղեցկություն, այնտեղ գործում են մաթեմատիկայի կանոնները։

Պետք է երաժշտության այս չափի մեջ հայտնվես ճիշտ այն կետում, որը հանդիսատեսի համար տպավորիչ կլինի։ Դրանք բոլորը հաշվարկներ են։

Մաթեմատիկական հաշվարկ են պարունակում պարը պայմանավորող բոլոր երևույթները՝ երաժշտությունը՝ իր չափերով, ռիթմով, արագությամբ, շարժումները՝ անկյուններով, բարձրություններով, զուգահեռներով ու համաչափությամբ։ Հաշվարկ են պարունակում նույնիսկ պարելու համար նախատեսված հագուստները, հատկապես տարազները։

«Մենք պարեր ունենք, գիտե՞ք ինչպիսի հաշվարկ կա․ Հասիկո պարի մասին եմ խոսում, երբ 1 րոպեի ընթացքում ոտքը կատարում է այլ շարժում՝ մոտ 130 դոփյուն գետնի վրա  և ձեռքերի արագ շարժումները կազմում են ձեռքի մոտ 360 շարժում՝ վեր-վար շարժումները, աջից ձախ գնացող կամ ձախից աջ եկող։ Դա մեկ րոպեի ընթացքում եմ ասում, դուք պատկերացնո՞ւմ եք՝ մեկ վայրկյանի ընթացքում քանի ձեռքի շարժում է կատարվում»։

Կարեն Գևորգյանի աշխատասեղանին Սրբուհի Նիսիթյանի՝ 1940 թվականին տպագրած գիրքն է՝ «Պարի շարժումների կինետոգրաֆիա»-ն։ Գիրքը սովորեցնում է պարաշարժումները գրանցել մաթեմատիկայի լեզվով՝ վանդակների մեջ երկրաչափական պատկերներ են, թվեր, անկյուններ, աստիճաններ, մաթեմատիկական հաշվարկներ։ Դրանք «կարդալ» իմացող մարդը կարող է շարժումները համապատասխան անելով ճշգրիտ ստանալ հեղինակի նկարագրած պարը։ Այս համակարգն այժմ չի գործում, բայց շարունակում է համարվել պարը «գիտականացնելու» կարևոր փորձ․

«Squad» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արման Խաչատրյանը ծրագրավորող է, ավարտել է Կիբեռնետիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ զբաղվել՝ 3 ամիս։ Այդքանն էլ բավական էր հասկանալու համար, որ ուզում է շարունակել զբաղվել, աշխատել, ապրել պարով։ Պարում է 16 տարի, տիրապետում 25 պարաոճերի, մասնագիտացած է դրանցից 4-ում։ Սկզբում պարելը պարզապես հաճելի էր, հետո հասկացավ՝ ինքը, ինչ-որ առումով, բեմից մաթեմատիկա է ցուցադրում․

«Դեպք է եղել, երբ մենք գնացել ենք մրցույթում պարելու՝ բոլորս իմանալով պարի հաշիվը։ Ստացվեց այնպես, որ երաժշտությունը կեսից դադարեց ձայնը չէր հնչում, բայց, փաստորեն, վայրկյանները շարունակում էին առաջ գնալ։ Մենք շարունակեցինք պարն առանց երաժշտության, հաշվով՝ ոնց սովորեցրել էր մարզիչը։ 1, 2, 3, 4 բարձր հաշվում էինք, հանդիսատեսն էլ էր լսում։ Պարեցինք մոտ 30-40 վայրկյան, երաժշտությունը շարունակվեց, մենք ընկանք ճիշտ ռիթմի տակ։ Այդ փաստից ելնելով մինչև մրցանակաբաշխությունը մեզ տվեցին առաջին տեղ, որ մենք չենք դադարեցրել, հաշվել ենք, գիտենք պարի հաշիվը, ու կարողացել ենք հերիք չի տակտը պահելով հաշվել, մի հատ էլ ճիշտ տակտով վերջացնել»։

Ինչ լսում եք, ինչ տեսնում եք՝ պար է։ Ամեն ինչ կարող ես պարել, ամեն ինչ կարող ես ցույց տալ։

Արմանը պատմում է՝ թվի առկայությունն ավելի լավ տեսել ու զգացել է այն ժամանակ, երբ սկսել է պարեր բեմադրել․

«Ես հիմնականում աշխատում եմ լսել երաժշտությունը, նոր բեմադրել դրա ելևէջների ներքո։ Բայց լինում են դեպքեր, երբ երաժշտությունը կլինի, օրինակ, 2 օրից, բայց ինձ էդ պարն էլ պետք է հենց 2 օրից։ Ի՞նչ պետք է անել՝ հարցնել երաժշտության չափը․ 8՞ հաշիվ է, 6՞ հաշիվ է, իմանում ես չափն ու սկսում բեմադրել»։

Ինչպես Արմանը «ծրագրավորո՞ւմ, թե՞ պար» տարբերակներից ընտրեց երկրորդը, նույն կերպ «Նանե» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը հրաժարվեց իրավագիտությունից ու գնաց պարի ճանապարհով։ Նարինեն 25-ամյա աշխատանքային փորձով է համոզվել՝ մաթեմատիկական մտածողությամբ մարդիկ պարը բոլորովին այլ կերպ են ընկալում․

Երբ մենք ծնվում ենք, ընկնում ենք մաթեմատիկական աշխարհ, ուղղակի այնքան մոտ ենք կանգնած, որ չենք նկատում։

«Կար մեզ մոտ պարապող մի աղջիկ, և երևի իր մոտ математический склад ума՝ ոչ մի կերպ շարժումները չէր ընկալում՝ անուններով, ցույց տալով և այլն, հետո երբ հարցրի՝ մասնագիտությամբ ի՞նչ է, ասեց, որ ինքը հաշվապահ է, մենք սկսեցինք այդ ամենը վերածել թվերի, և անմիջապես ինքը ընկալեց»։

Երբեմն պարուսույցն ուսուցչից ավելի շուտ է առնչվում երեխայի հետ․ այս դեպքում երեխան սկզբում մաթեմատիկա, հետո նոր պար է սովորում․

«Ոտք դնելով պարարվեստ նա սովորում է՝ ինչ է անկյունը։ Մենք չենք կարող ասել ոտքդ մի քիչ բարձրացրու, մի քիչ իջեցրու։ Սովորեցնում ենք, ցույց ենք տալիս ինչ է 180 աստիճանը, եթե կիսում ենք 180 աստիճանը և ոտքը կամ ձեռքը լինում է զուգահեռ հատակին, դա լինում է 90 աստիճան, ոտքը մի փոքր իջեցնում կամ բարձրացնում ենք՝ արդեն լինում է 45 աստիճան, 30 աստիճան։ Պտույտի մեջ էլ, եթե պտտվում է պարողը մեկ պտույտ, ստացվում է 360 աստիճան․․․»

Սիմետրիա, ալգորիթմ, երկրաչափական մարմիններ, զուգահեռ, հատվող գծեր, անկյուններ ու աստիճաններ․ մաթեմատիկական այս բոլոր երևույթների շնորհիվ է, որ պարը դառնում է աչքի համար ընկալելի։ Ինչպե՞ս բեմադրել պարը, որ երաժշտության ավարտին, օրինակ, պարողի ոտքը օդում մնալու փոխարեն գեղեցիկ շարժումով եզրափակի երաժշտությունը, ի՞նչ հեռավորությամբ, լայնությամբ դասավորվել բեմում, որ դահլիճում նստած բոլոր մարդկանց համար պարն ու բոլոր պարողները տեսանելի լինեն, ինչպե՞ս չափել երաժշտության հետ համապատասխան շարժվելու պահը։

Այս հարցերը, նույնիսկ առանց պատասխանների, ցույց են տալիս․ բոլոր մարդիկ պարելիս, գիտակցված թե առանց նկատելու, առնչվում են մաթեմատիկայի հետ։

Back to top button