Երաժշտական եռանկյունի

Հուշատախտակի բացում՝ նվիրված աշխարհահռչակ սոպրանո Արաքս Դավթյանի հիշատակին․ «Երաժշտական եռանկյունի»

Կիևյան փողոցի այն շենքի վրա, որտեղ ապրել է Արաքս Դավթյանը, հուշատախտակ է բացվել: Նախաձեռնության հեղինակը օպերային երգչուհի Լուսինե Ազարյանն է:

«Ես Արաքս Դավթյանի սանն եմ, նա իմ պրոֆեսորն է եղել, նրա ղեկավարությամբ ավարտել եմ ասպիրանտուրան և երկար տարիներ աշխատել եմ նրա դասարանում որպես ասիստենտ։ Ուսուցչիս հիշատակը վառ պահելու և ստեղծագործությունն արժևորելու ցանկությունը մղեց ինձ դիմել քաղաքային իշխանություններին և ձեռնամուխ լինել հայրական տան պատին նրա հուշատախտակը տեղադրելուն»,- ասում է Լուսինե Ազարյանը։

Արաքս Դավթյանը աշխարհահռչակ սոպրանո էր: Նվաճելով բազմաթիվ համաշխարհային բեմեր՝ նա փառք էր բերում մեր երկրին՝ բարձր պահելով հայկական երաժշտարվեստի համբավը։

Զարմանալի չէ, որ մաեստրո Սպիվակովի կողմից հրավիրվեց որպես «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի մեներգչուհի և տարիներ շարունակ երգեց մոտ 100 երկրի բեմերում։

«Բացառիկ մարդկային հատկանիշների տեր էր Արաքս Դավթյանը, համեստ, հումորով, մեծ գիտելիքների և լայն աշխարհայացքի տեր: Նրա հետ աշխատելը, նրանից սովորելը և պարզապես մարդկային շփում ունենալը մեծ երջանկություն է իմ և բոլոր նրան ճանաչողների համար», — հիշում է Լուսինե Ազարյանը:

Արաքս Դավթյանի հիշատակին նվիրված հաղորդման ընթացքում հնչում են երգչուհու կատարումների ձայնագրությունները։

Back to top button