Մոռացված ֆիլմերի ստվերները

Իր «Արևիկ»-ին գտավ պատահաբար, պահեց՝ հավերժ․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կուսակցական մի պաշտոնյայի՝ կինոսցենար գրելու անհաջող փորձը կինոռեժիսոր Առնոլդ Աղաբաբովի համար առիթ դարձավ գրելու հուզիչ կինոսցենար։ Ավելին՝ հետագայում այդ սցենարի հիման վրա նկարահանվեց ֆիլմ, որը Պրահայի՝ հեռուստատեսային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, արժանացավ գլխավոր՝ Գրան պրի մրցանակին։

Առնոլդ Աղաբաբով

Սցենարիստ, կինոռեժիսոր Առնոլդ Աղաբաբովի սցենարով նկարահանված «Բարև, ես եմ» ֆիլմը առայժմ միակ լիամետրաժ հայկական կինոնկարն է, որը ներկայացվեց Կաննի հիմնական մրցույթում։ Միջազգային մրցույթներում հայկական կինոն ճանաչելի դարձրած ֆիլմի սցենարիստի մուտքը «Հայֆիլմ» սկսվեց նախ միայն սցենարական աշխատանքով, բայց որոշ ժամանակ անց նա և՛որպես կինոռեժիսոր, և՛ որպես սցենարիստ նկարահանեց «Գառնի», «Շեկ ինքնաթիռ», «Արևիկ», «Յոթ սարից այն կողմ» ֆիլմերը, իսկ անցյալ դարի 90-ականների սկզբին՝ «Որտեղ էիր, մարդ Աստծո» առաջին հայկական բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը։

1978 թվականին էկրան է բարձրանում Առնոլդ Աղաբաբովի և Արկադի Հայրապետյանի նկարահանած «Արևիկ» երկսերիանոց հեռուստատեսային ֆիլմը։  Ֆիլմի էկրան բարձրանալուց երկու տասնամյակ անց կինոգետ Սիրանույշ Գալստյանը հարցազրույցի նպատակով այցելում է Առնոլդ Աղաբաբովին և մինչև այսօր հիշում է այդ հանդիպումը, Աղաբաբովի աշխատասենյակը, գրամեքենան, որով գրվել էին հայկական կինոյի ամենաճանաչված ֆիլմերի սցենարները։ Այդ հարցազրույցի ընթացքում էլ Աղաբաբովը պատմել էր մի կուսակցական պաշտոնյայի անհաջող ու ծիծաղելի սցենար գրելու պատմություն։ Չստացված այդ սցենարը Աղաբաբովի վարպետությամբ արված միջամտության շնորհիվ հետագայում պիտի վերածվեր «Արևիկ» անվանումը կրող հեռուստաֆիլմի։

Սիրանույշ Գալստյան

«Գևորգ Հայրյանը՝ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի այն ժամանակվա նախագահը, իր մոտ կանչում է Առնոլդ Աղաբաբովին և ասում, որ նա պետք է փրկի դրությունը: Աղաբաբովն էլ գնահատելով իրավիճակը հասկանում է, որ եթե չհամաձայնի, հետագայում նույն այդ պարտիականները այնպիսի մի փորձանքի մեջ իրեն կգցեն, որ դժվար թե նա կարողանա այդ ամենից այսպես ասած «չոր դուրս գալ»։ Եվ այդպես, նա սկսում է աշխատել այդ սցենարի վրա: Գրելու ընթացքում նա այնքան է ոգևորվում, որ գրում է մեկ այլ՝ նախնական տարբերակի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող մի կինոսցենար»։

Արկադի Հայրապետյան

Կազմակերպչական ու ստեղծագործական մեծ տաղանդի տեր Արկադի Հայրապետյանին ու Առնոլդ Աղաբաբովին միավորում էին ոչ միայն երկար տարիների ընկերությունը, այլև ստեղծագործական համագործակցությունը։ Երկու արվեստագետները մեկ անգամ չէ, որ միավորվել էին ֆիլմ նկարահանելու գաղափարի շուրջ։ Արկադի Հայրապետյանի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը, նշում է, որ «Արևիկ» ֆիլմը այդ երկու տաղանդավոր արվեստագետների հերթական, բայց, ցավոք, վերջին համագործակցությունն էր։

Անահիտ Հայրապետյան

«Հայրս և Առնոլդ Աղաբաբովը բավականին լավ ընկերներ էին։ Կինոյի աշխարհում հազվադեպ են պատահում այդպիսի ընկերություններ, բայց հայրս ու Աղաբաբովը հենց այդ օրինակելի զույգն էին»,-նշում է Անահիտ Հայրապետյանը։

Ֆիլմի նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո՝ 1978 թվականի նոյեմբերի 10-ին, «Արևիկ» երկսերիանոց հեռուստաֆիլմը ցուցադրվեց հայկական հեռուստատեսության առաջին ծրագրով։ Մոսկովյան մամուլում հրապարակվեցին մի քանի հոդվածներ, որոնցում «Արևիկ» ֆիլմն անվանում էին խորհրդային հեռուստատեսության հաղթանակ:

«Կենտրոնական հեռուստատեսության հերթական լուրերի թողարկումը դիտելու ժամանակ Պրահայի հեռուստատեսային ֆիլմերի միջազգային փառատոնի մասին պատմող ռեպորտաժը դիտելիս տեղեկացանք, որ «Արևիկ» ֆիլմը արժանացել է գլխավոր՝ Գրան պրի մրցանակին: Ցուցադրեցին հայրիկիս հուզված աչքերը, Սոֆիկո Ճիաուրելիի ծափահարումը և դահլիճում ներկա հանդիսատեսի ոգևորությունը: Դա անմոռանալի իրադարձություն էր բոլորիս համար»,- հուզմունքը չզսպելով պատմում է Անահիտ Հայրապետյանը:

Խորհրդային միության փլուզումից հետո «Արևիկ» ֆիլմը աննկատ մի կողմ թողնվեց։
Թեկուզ սպորտային հետաքրքրության համար, հետաքրքիր կլինի պարզել, ինչպե՞ս կդիտվի այն այսօր:

Բայց նույնիսկ առանց այդ փորձի, վստահ կարելի է ասել, որ մարդկային ջերմ հարաբերությունների մասին պատմող այդ կինոնկարը հիմա էլ հանդիսատեսը մեծ սիրով կընդունի։  

Back to top button