ԿարևորՏնտեսական

ՎԶԵԲ-ն իր Երևանյան ներկայացուցչությունը նոր ղեկավար ունի

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երևանում իր մշտական ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել Ջորջ Ախալկացիին: Նա այս պաշտոնում կփոխարինի Դիմիտրի Գվինդաձեին։

Պարոն Ախալկացին ստանձնելու է իր նոր պաշտոնը 2022 թվականի մայիսի 1-ին և տեղակայված է լինելու Հայաստանի մայրաքաղաքում։ Նա վերահսկելու է Հայաստանում Բանկի ներդրումներն ու գործառնությունները՝ զեկուցելով Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին։

Պարոն Ախալկացին Վրաստանի քաղաքացի է, նա սկսել է իր կարիերան որպես իրավաբան Société Générale ընկերությունում, նախքան բանկային գործի անցնելը: ՎԶԵԲ-ին միացել է 2009թ.-ին, վերջին ժամանակաշրջանում զբաղեցրել է Թբիլիսիի ներկայացուցչության փոխտնօրենի և ավագ բանկիրի պաշտոնը:

Նախկինում պարոն Ախալկացին աշխատել է Լոնդոնում ՎԶԵԲ-ի՝ Արտադրության և ծառայությունների, ինչպես նաև Վարկային ռիսկերի կառավարման թիմերի հետ: Նա ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Թբիլիսիի պետական համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Բիզնեսի կառավարման եվրոպական ինստիտուտից (INSEAD):

Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության նոր ղեկավարի դերում պարոն Ախալկացին կօգտագործի երկրի մակարդակով և միջոլորտային իր նշանակալի փորձը՝ շարունակելու Բանկի հաջողված գործընկերությունը Հայաստանի հետ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1992 թվականից, և նրա հիմնական նպատակն է. օգնել դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ աջակցելով տարբեր ոլորտներում ներդրումներին, ինչպես նաև խթանել ֆինանսական հատվածի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը:

Առ այսօր Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,8 միլիոն եվրո 200 ծրագրերում:

Back to top button