ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում ցորենի քանակը կայուն նվազում է․ պաշտոնյանները մտահոգվելու առիթ չեն տեսնում

Վերջին շրջանում ցորենի արտադրության կայուն նվազման միտումներին նախորդ  տարի ավելացավ մի քանի նոր հիմնախնդիր։ Սահմանամերձ դարձած տասնյակ համայնքներում հունձն անվտանգ չէր, ու բերքը մասամբ էր հավաքվում։ Սյունիքում բերքը տուժեց նաեւ հիվանդության պատճառով։ Տարբեր գնահատումներով՝ Հայաստանն Արցախից ստանում էր իր սպառած ցորենի մոտ 15 տոկոսը, շուրջ 50 հազար տոննա։ Իսկ այս տարի պարենային անվտանգության լուրջ ռիսկեր  առաջացան ռուս-ուկրաինական ռազմական բախման և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով։

Պաշտոնական վիճակագրությունը հացահատիկի, մասնավորապես, ցորենի արտադրության մասով մտահոգիչ է։ Հայաստանում վերջին 4-5 տարում ցորենի արտադրությունը կայուն նվազում է, դրան զուգահեռ կայուն ավելանում է ներմուծումը։ Ներմուծմամբ հացի խնդիրը լուծվում է, սակայն լրջանում է երկրի ինքնաբավության հարցը։ Եթե 2017թ-ին Հայաստանն արտադրում էր իրեն անհրաժեշտ ցորենի մոտ 33 տոկոսը, ապա 2019-ին՝ ընդամենը  26 տոկոսը։ Այս ամենին գումարվում է ռուս-ուկրաինական ռազմական բախման հետևանքով Ռուսաստանի սահմանած հացահատիկային հումքի արտահանման արգելքը։ Հայաստանում առաջացած խնդիրները սահմափակումների հետևանքով չեն՝ ասում է Էկոնոմիկայի նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը․

«Այս պահին առաջացած խնդիրները ոչ թե պայմանավորված են Ռուսաստանի սահմանած սահմանափակումներով, այլ հիմնականում եղանակային պայմաններով, Լարսի անցակետի փակվելով»։

Ռուսաստանում արտադրվում է շուրջ 76 մլն տոննա ցորեն, 23 մլն տոննան արտահանվում է, իսկ Հայաստանի ներմուծման պահանջարկը կազմում է 300 հազար տոննայից ոչ ավելի։ Հետևաբար, ներկրման խնդիր չէ՝ ասում է Ղազարյանը։

«Վերլուծել ենք արդեն տարվա սկզբից առկա ներմուծման ծավալները, որոնք կազմել են 76 հազար տոննա ցորեն, 12 հազար տոննա գարի և 22 հազար տոննա եգիպտացորեն։ Եթե այս թվերը համադրում ենք մեր տարեկան սպառման պահանջարկի հետ, և հաշվի առնելով նաև, որ կուտակված պաշարներ կան, մենք այս պահին էական ռիսկ չենք կանխատեսում»։

Սուր դեֆիցիտ չի առաջանա, սակայն հետագայում ևս թանկացումները բացառել չենք կարող՝ ասում է  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը։ Նկատում է՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարի, Ռուսաստանում ոչ միայն արտահանումը կպակասի, այլև արտադրությունը։

«Մենք պետք է կարողանանք մեր ինքնաբավության մակարդակը բարձրացնել։ Այստեղ կարևորն այն է, որ մեր վարելահողերը լիարժեք կերպով չեն մշակվում։ Այսօր ունենք ընդամենը 56 հազար հեկտար ցորենի տարածություն, բայց վարելահողերի տարածությունն ավելի շատ է, ընդամենը 50 տոկոսն է մշակվում»։

Շիրակը, Լոռին, Գեղարքունիքը ցորեն արտադրող հիմնական մարզերն են։ Ցանքերը պակասել են երկրի բոլոր մարզերում․ վերջին 4 տարում մոտ 2 անգամ՝ 108 հազար հա-ից հասնելով մոտ 60 հազարի։ Սրան զուգահեռ,  տարեցտարի նվազում է ցորենի ցանքերի բերքատվությունը․ 1 հա-ից ստացվող 32-33 տոննան դարձել է 22 տոննա։ Պաշտոնական վիճակագիրները հաշվարկել են՝ երկրում ցորենի համախառն բերքը 2016-2020 թթ նվազել է մոտ երեք անգամ։ Փոխարենը նույն ժամանակահատվածում ներկրման ծավալն աճել է 40 տոկոսով՝ 280 հազար տոննայից հասնելով մոտ 350 հազարի։ Թվարկված խնդիրների հիմքում  գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը լուրջ խնդիր է տեսնում՝ ցորեն ցանելը տնտեսապես ձեռնտու չէ գյուղացուն։

«Այսօր մարդիկ շատ տարածքներում հացահատիկ չեն ցանում։ Եթե աշնանացան ցորենի միջին բերքը 22-23 ցենտներ է, եւ եթե մոտ 110 դրամով այն գյուղացուց գնեն, կոպիտ հաշվարկով՝ դա կարժենա մոտ 250 հազար դրամ։ Իսկ դրանից, փաստորեն, 180-200 հազար դրամը դրա ծախսերն են՝ անջրդի պայմաններում։ Հետևաբար, մոտ 50-70  հազար դրամի ակնկալիքով որևէ մեկը կցանկանա՞ այդպիսի մշակաբույսերի մշակությամբ զբաղվել», — բացատրում է Պետրոսյանը։

Իրավիճակի լուծումը, ըստ Սամվել Ավետիսյանի, գյուղացիներին սուբսիդավորելն է։ Եթե այլ ծախսեր կրճատենք, ապա հնարավոր կլինի այս ճանապարհով ապահովել ցորենի ինքնաբավությունը 40 տոկոսով։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հակադարձում է․

«Եթե մենք մեկ հեկտարի հաշվով տրամադրենք 150 հազար դրամի չափով սուբսիդավորում, էսօր վերցնենք մեկ հեկտարից ստացվող միջինում 2 տոննա բերքը, ստացվում է, որ 75 դոլար սուբսիդիա ենք տրամադրում 1 տոննա ցորենի համար։ Այնինչ, դրա կրկնակի գնով, ոչ ավել, Ռուսաստանից ներկրվում է։ Սուբսիդավորումը ճիշտ է տրամադրել այն ֆերմերներին, որոնք ավելի բարձրաժեք մշակաբույսեր են մշակում»։

Փորձագետը ընդգծում է՝ գյուղացու ստացած բերքի 1/3-ը կորչում է, որովհետև բերքահավաքային ամբողջ շղթան չի գործում՝ հնարավորությունների բացակայության պատճառով։ Իսկ կառավարության արտոնյալ վարկերի տրամադրումը, լիզինգի աջակցության ծավալը մեծ չէ։ Կառավարության ներկայացուցիչը հիշեցնում է՝ սահմանափակումները վերաբերում են միայն հացահատիկին, հետևաբար, եթե նույնիսկ ցորենի ներկրումն ընդհանրապես արգելվի, միևնույն է, ալյուրի ներկրման վրա սահմանափակում չկա։

Back to top button