

«1926 թվականին հայախոս ռադիոյի առաջին իսկ հաղորդման պահին, երբ մարդիկ Հրապարակում հավաքվել էին միակ բարձրախոսի շուրջ,- պատմում է Ռուբեն Մաթևոսյանը,- հնչեց հայերեն խոսք։ Միկրոֆոնի մոտ էր Արաքսյա Գյուլզադյանը»։
Հենց նա էր, որ Գյումրիից տեղափոխվեց Երևան, հաստատվեց այստեղ և մինչև 1955 թվականը եղավ Հայաստանի Ռադիոկոմիտեի՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։
-Սպասի՛ր, Ռուբիկ ջան,-ընդհատում է Մարտին Վարդազարյանը,- մինչև Երևան գալն արի պատմենք, թե որտեղից էր ինքը։
-Լենինակա՞ն,- պատասխանում է Ռուբեն Մաթևոսյանը։
-Չէ, այդ ժամանակ Լենինական չէր, Ալեքսանդրապոլ էր։
Նախնական կրթություն ստացել է Ալեքսանդրապոլում։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը։
1955-1967 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարել է հայկական, ադրբեջանական, իրանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ռոմանսներ և երգեր։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել Շերամի երգերի լավագույն կատարողներից մեկի՝ Արաքսյա Գյուլզադյանի մասին(«Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն)։