ԿարևորՔաղաքական

Աշխարհաքաղաքական վիճակն ազդել է, բայց չի առկախել․ ո՞ր փուլում է ապաշրջափաման գործընթացը

Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները բացասաբար են ազդել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերագործարկման աշխատանքների վրա։ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի անդամ Հենրիկ Քոչինյանը «Ռադիոլուր»–ին ասել է, որ այս պահին ձեւակերպված է զուտ տեխնիկական առաջադրանքը, որին կհաջորդի մրցույթը՝ նախագծողի համար։ Թե երբ կլինի դա, տրանսպորտի նախկին նախարարը դժվարացել է կոնկետ ժամկետներ նշել։

Հայաստան-Ադրբեջան երկաթգծի վերականգնման ենթակա հատվածները հայկական կողմում երկուսն են՝ Երասխի կողմից՝ 1 կմ-ից ավելի հատված և Մեղրիի 45 կմ երկարությամբ հատվածը: Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ձևավորումից անցել է 10 ամիս։  Տրված է տեխնիկական առաջադրանք, կհայտարարվի մրցույթ նախագծողի համար։ Ժամկետների մասին վերականգնման աշխատանքային խմբի անդամ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը ոչինչ չի ասում։ Գիտե միայն, որ ժամանակատար գործընթաց է։   

Մինչ այդ, անհանգստացած են Մեղրիի մի շարք համայնքներում։ Մտածում են, որ այստեղ որոշ գյուղեր ջրի խնդիր կարող են ունենալ․ տարածքում, որտեղ նախկինում երկաթուղին է եղել, ԽՍՀՄ փլուզումից հետո, որոշ հատվածներում խողովակներ են անցկացվել։ «Ռադիոլուր»–ը զրուցել է Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ․  

«Մեղրիից մինչև Նռնաձոր տանող ճանապարհում կա հատված, որի տակով է ներկա պահին անցնում Մեղրիի երեք գյուղերի ինքնահոս ոռոգման խողովակը։ Եթե այդ աշխատանքները սկսվեն, այդ ջրագիծը պետք է քանդվի, և այդ գյուղերը կունենան ոռոգման ջրերի հետ կապված լուրջ խնդիրներ։ Մինչև Նռնաձոր այդ նույն խողովակից օգտվում են նաև Շվանիձոր և Ալվանք գյուղերը։ Երբ այդ ոռոգման ջուրը գալիս է, բարձրանում է վերև, այգիները ոռոգվում են, իսկ այդ ոռոգման ջուրը հողի տակով, ընդերքով գալիս հավաքվում է «քյարիզներում»։ Դրանք ջրի մաքրման, հավաքման հորեր են՝ գետնի տակ փորված։ Մենք ենք պատրաստում, հատուկ մասնագետ ունենք, որ զբաղվում է այդ գործերով։ Դրանից հետո պոմպերի միջոցով այդ ջուրը տրամադրվում է որպես խմելու ջուր։ Այսինքն, եթե այդ ջուրը չեղավ, մենք ունենալու ենք նաև խմելու ջրերի խնդիր»։

Բագրատ Զաքարյանն ասում է՝ կառավարությունում խնդրին ծանոթ են, համայնքապետն անձամբ է ներկայացրել վարչապետին։ Գիտեն, որ սեփական ուժերով խնդիրը չեն կարողանա լուծել.

«Կառավարությունը պետք է նման ծրագրեր իրագործի, որովհետև դրանք շատ թանկ արժեն, իսկ համայնքները ֆինանսներ չունեն, որ կարողանան իրենց միջոցներով նման աշխատանքներ կատարել»։  

 Երասխ-Նախիջևան հատվածում այդպիսի խնդիրներ չունենք, Իջևանի հատվածում՝ նույնպես։ Երկաթուղու վետերանների միության ղեկավար Լևոն Հակոբյանին լսենք․ 

«Մեր խնդիրը հիմնականում Մեղրիի գծահատվածում է։ Այնտեղ կան որոշ հատվածներ, որտեղ այգիներ են հիմնել, մոտիկ կառույցներ են կառուցել, թույլ են տվել, որ ջրագծեր անցնեն։ Կարճևան կայարանից մինչև Մեղրի են այդ խնդիրները։ Մի 7–8 կմ-ի վրա այդպիսի պրոբլեմ կա»։

Խորհրդային Միության փլուզումից հետո երկաթգծի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ չգործող հատվածում տարիների ընթացքում ոչ միայն նոր ջրագծեր են կառուցվել, այլև  այգիներ ու փոքր շինություններ են հիմնվել։ 

Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի անդամ, նախկին նախարար եւ Լոռու նախկին մարզպետ  Հենրիկ Քոչինյանը մեզ ասաց, որ խնդրահարույց տարածքների հարցը հնարավոր է հստակեցնել, եթե նախագիծը վերջնականորեն պատրաստ լինի.

«Երբ նախագիծը վերջնական կլինի, այդ դեպքում կերեւա՝ մարդկանց սեփականությանը ինչ-որ հատվածում կպնու՞մ  է, թե՞ չի կպնում։ Դրանից հետո միայն կարելի է ասել՝ տվյալ մարդու սեփականությունը հարգվո՞ւմ է, փոխհատուցում տրվո՞ւմ, թե՞ ինքը անօրինական է մտել այդ տարածք, մենք էլ ասում  ենք՝ քանի որ դու անօրինական ես, պետությունն էլ քո նկատմամբ ոչ մի պարտավորություն չունի։ Բայց մինչեւ նախագիծը չլինի, այդ խնդիրները առկախ են։ Կարելի է, իհարկե, ասել, որ եթե պետությունը ինչ-որ մեկին վնաս է հասցրել, ապա վնասը պետք է փոխհատուց, բայց դա միայն նախագծի առկայության դեպքում հստակ կլինի»։  

Նույնը վերաբերում է նաեւ համայնքների ջրագծերին․ եթե դրանք խանգարելու են երկաթգծին, պետք է այնտեղից դուրս բերվեն։ «Երկաթգիծը, սովորաբար, ունենում է օտարման գոտի՝ անվտանգ շահագործման առումով, և եթե նախագծի վերջնական տարբերակի առկայությամբ այդ տարածքում լինեն  շինություններ, այգիներ, դրանք պետք է դուրս բերվեն»,– հստակեցրեց Հենրիկ Քոչինյանը։  

Նախնական գնահատականներով՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման նախնական արժեքը 200-250 մլն դոլար է։ Ի՞նչ միջոցներով կկառուցվի, դեռ հայտնի չէ, բայց ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ նույնիսկ բյուջեից գումար հատկացնելու կարիք չլինի, եւ դա արվի միջազգային ներդրումների հաշվին։ Մրցույթ կհայտարարվի՝ կպարզվի։ Նախնական հաշվարկով՝ ծրագրված է վերակառուցումն ավարտել 3 տարուց։

Առաջին քայլը լինելու է նախագծող կազմակերպության համար մրցույթ հայտարարելը։ Նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը, սակայն, դժվարացավ ասել, թե երբ կարող է նման մրցույթ հայտարարվել։  Այս պահին ձեւավորված է զուտ տեխնիկական առաջադրանք.

«Դրան պետք է հետեւի մրցույթ նախագծողի համար։ Այդ մրցույթում ով կհաղթի, նա նախագիծը կանի, որից հետո նոր կհայտարարվի մրցույթ՝ շինարարության համար։ Ով կհաղթի, նա էլ կսկսի շինարարությունը։ Դա բավականաչափ երկար տեւող խնդիր է»։  

Սա՝ ինչ վերաբերում է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գծի վերագործարկմանը։ Մնացած ուղղություններով ապաշրջափակման հարցով ոչինչ դեռ հայտնի չէ։ Բանակցություններ են ընթանում, եւ հասկանալի է, որ պետք է խոսք լինի նաեւ Իջեւան-Ղազախ, Հայաստանից Վրաստան, Վրաստանից Ադրբեջան, ապա՝ Ռուսաստան ուղղությունների մասին նույնպես՝ կարծում է Հենրիկ Քոչինյանը։ Ըստ նրա՝ սա ընդամենը քաղաքական լուծման հարց է․

«Զուտ քաղաքական լուծման խնդիր էկողմերը պետք է նստեն, պայմանավորվեն, թուղթ ստորագրեն ու հաջորդ օրվանից սխեման աշխատացնեն»։ 

Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, ըստ Հենրիկ Քոչինյանի, բացասաբար են  ազդել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերագործարկման աշխատանքների վրա։ Ասաց՝ աշխարհի որ անկյունում էլ մի բան կատարվի, ազդում է մեզ վրա, եթե հատկապես  կոնֆլիկտի մեջ մեր ռազմավարական գործընկերն է։  

Փոխվարչապետերի գլխավորությամբ ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը կայացել է 2021 թ.-ի դեկտեմբերի 1-ին։ Այս տարվա փետրվարի 2-ին տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները Երեւանում քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը։ Փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Մհեր Գրիգորյանն էլ այդ օրերին ասել էր, որ առաջիկա հանդիպման ամսաթվի մասին լրացուցիչ կհայտարարվի։ Նա շեշտել էր նաեւ, որ երկաթգծի հարցով կա փոխըմբռնում։

Երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածության մասին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել էին նախորդ տարեվերջին՝ Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Սա, թերևս, դեռ միակ ծրագիրն է, որի շուրջ առավելագույն փոխըմբռնում կա կողմերի միջև։  

Back to top button